ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Անկախությունը ապրելու և ստեղծագործելու լավագույն միջավայրն է

Ինչո՞վ նշանավորվեց 1-ին Հանրապետությունը:

Արժանապատվության դրսևորումով: Երբ հնարավորություն եղավ 600 տարի ընդմիջումից հետո ունենալ սուվերեն երկիր: Անկախությունը փրկեց մահվան եզրին հայտնվող ազգին` սով էր, համաճարակ: Եվ անկախությունը վստահություն, արաժանապատվություն բերեց, հնարավորություն տվեց ողնաշարը ուղղել և պետություն դառնալ:

 

Արդյոք մայիսի 28-ի տոնը բավականաչափ գիտակցված և արժևորվա՞ծ է մեր իրականության մեջ:

Մեր իրականության մեջ անկախության արժեքի դեմ աշխատողները, երկրի սուվերենությունը մսխողները այնքան շատ են, որ մենք գտնվում ենք այդ լավագույն, Աստծո կողմից տրված արժեքը կորցելու ճանապարհին: Երբ հանցագործներն իշխանության վրա ազդեցություն ունեն, երբ կոռումպացվածները կոռուպցիայի դեմ են պայքարում, երբ անզուսպ ախորժակ ունեցողները երկրի ղեկին են, ապա սուվերենությունը դառնում է չհարգված, խեղճացած, բզկտված մի արժեք: Երբ մեր քաղաքացուն ստիպում են լքել իր հայրենիքը և չպայքարել սեփական իրավունքների և երկրի անկախության համար, անկախությունը դառնում է անցողիկ, սպառվող արժեք:

 

Որո՞նք են առաջին Հանրապետության հիմնական "դասերը":

Հիմնական դասն այն է, որ անկախությունը մշտապես խնամելու կարիք ունի: Եթե անկախությունը չսնուցվի, չուժեղանա, կարող է մի օր ձեռքիցդ գնալ: Եվ անակախության հիմնական դասը այն է, որ նրա կրողը քաղաքացին է, գյուղացին, բանվորը, մտավորականը, որոնք նաև ունեն հավաքական զգացողություն և հանդիսանում են հանրային էլեմենտ: Եվ եթե մենք հիմա փորձում ենք մարդուն, այդ արժեքները կրողին երկրից հանել կամ խեղճացնել, ինքնստինքյան ոչնչանում է անկախությունը: Դասը, որը չենք սերտում հետևյալն է` առանց քաղաքացու չկա անկախություն: Մենք չենք պահում անկախության միակ կրողին` քաղաքացուն. Իշխանությունները հենց այդ ճանաապարհն են բռնել` ազատվել ակտիվ, ըմբոստ, պայքարող, գրագետ մարդուց: Բայց դա չի նշանակում, որ մեր անկախությունը վերջնականորեն սպառված է և ավարտված: Կա նոր սերունդ, համացանց, աշխարհի հետ կապվելու տարբեր միջոցներ, և նոր սերունդը վաստակել է այդ անկախությունը: Այս բոլորի գոյությունը մեր իրականության մեջ հուսադրում է, որ մենք դեռևս կարող ենք պահպանել մեր անկախությունը: Եվ ես ուզում եմ շնորհավորել նրանց, ովքեր հավատում են, որ անկախությունը ապրելու և ստեղծագործելու լավագույն միջավայրն է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:02 Մայիս 28, 2015

Ամենաընթերցված նյութեր