ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ. Երուսաղեմից մոմեր եմ բերել, ողբերգական դեպքերից հետո վառում եմ զոհերի հիշատակին

Ինչպիսի՞ն էր Գագիկ Շամշյանը, երբ դեռ բոլորիս հայտնի«Շամշյանըչէր: Ի՞նչ նախասիրություններ, երազանքներ կամ նպատակներ ուներ: Երբևէ կմտածեի՞ք, որ Ձեր անուն ազգանունը կասոցացվի հրատապի հետ:

Ո՛չ, իմ մտքով երբևէ նման բան չի անցել: Մանկուց այլ բան էի երազում, բայց լրիվ այլ բան ստացվեց: Սակայն չեմ փոշմանում, որ այս ճանապարհը ընտրեցի: Սիրում եմ իմ աշխատանքը, ուրախ եմ, որ գնահատվել ու գնահատվում է: Ժամանակին աշխատել եմ "Առավոտ", "Չորրորդ իշխանություն" օրաթերթերում: Ներկայում աշխատում եմ "Արմենիա" հեռուստաընկերության "Սուր անկյուն" հաղորդաշարում` Վահե Ղազարյանի հետ, ինչպես նաև ԱԹՎ-ի` "Այսօր" լրատվականում Գագիկ Մկրտչյանի հետ եմ: Իմ լրագրողական գործունեության մեջ ինձ մեծ ճանաչում բերեց հենց հեռուստատեսությունը, քանի որ լսարանի մեծության ու ազդեցիկության առումով այն մրցակից չունի: "Արմենիայում" աշխատելու առաջարկ ստացել եմ Գագիկ Մկրտչյանից ու Վահե Ղազարյանից. իրենք են ինձ բերել այստեղ: Հաճույքով եմ աշխատում նրանց հետ, լավ թիմ ունենք: Հիմա կասեն` Սայաթ Նովայի նման սազն առել, գովում է: Իրավունք ունեմ գովելու, գոնե իմ նյութերի նկատմամբ գրաքննություն չկա: Հեռուստաընկերություններից դարձյալ կուզեի աշխատել "Երկիր Մեդիա"-յում` Գեղամ Մանուկյանի հետ: Ինչ վերաբերում է նպատակներին` դրանք իմ համար երեքն են, որոնցից մեկը կատարվել է: Մկրտվել եմ Երուսաղեմում` հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, երկրորդ նպատակը ընտանիք կազմելն է, բայց, ինչպես ասում են, ինչքան մեծանում ես, այդ հարցում այնքան բծախնդիր ես դառնում, երրորդը` որ Հայաստանում ձևավորվի օպերատիվ լրատվություն և լրատվական դաշտը ընդդիմություն- դիմություն չխաղա: Եղել են դեպքեր, երբ ընդդիմության հանարահավաքներին, ընդդիմության մի քանի հայնտի "լաչառ" կանայք հարձակվում էին իշխանամետ լրագրողների վրա, ես նրանց հետ "քյալա" էի տալիս: Նույնը, երբ իշխանամետներն էին հարձակվում ընդդիմադիր լրագրողների վրա: Լրագրողը պետք է իր աշխատանքը կատարի անկողմնակալ: shamshyan.com-ում ես հաճախ եմ նյութեր տալիս, թե ինչ տաժանակիր, տիտանական աշխատանք են տանում փրկարարները, որոնց աշխատավարձը գռոշներ է` համեմտած մյուս երկրների փրկարարների, նույնը կարելի է ասել ճանապարհային ոստիկանների և քաղծառայողների մասին: Հաճախ են ինձ ասում` "Գագո՛, լավ էլ գովում ես փրկարարներին ու միլիցեքին": Ոնց չգովեմ, երբ հղի կնոջը ձմեռվա բքին, երկու-երեք կիլոմետր ձյունը մինչև գոտկատեղերը պատգարակով տեղափոխում են: Բայց նույն ոստիկանները, երբ լկտի պահվածք են ցուցաբերում, ես դա էլ եմ հրապարակում ու ցավ եմ ապրում, որ որոշ ԶԼՄ-ներ, երբ վատ բան եմ գրում, դա վերցնում, տարածում են, բայց երբ ոստիկանը լավ գործ է անում, դա չեն լուսաբանում:

Ձեզ կարելի է նմանեցնել հայտնի ֆիլմերի գլխավոր հերոսներին` "Человекпаук", "Бетмен": Նրանք էլ են միշտ հայտնվում ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

Հանրությանը դա շատ է հետաքրքում: Ասում են` ոնց իմացավ Շամշյանը: Ասեմ` ինձ ժողովուրդն ավելի շատ է զանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև լավ առիթներ, քաղաքացին ինձ է զանգում, ասում` Շամշյան ջան, կգաս նկարես: Երբ Քարդաշյանն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան, այդ օրերին Կոտայքի մարզում գետը երկու-երեք գյուղ էր հեղեղել: Գիշերը գյուղացիները զանգեցին հայտնեցին` ես էլ գնացի: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն էլ էր գյուղացիների կողքին: Նախկին մարզպետը, նա ժողովրդի կողմից ավելի հայտնի է որպես "Բուլկի Արամ", երբ արտակարգ դեպք էր տեղի ունենում, երբեք չէր գալիս դեպքի վայր, գյուղացու կողքին կանգներ, կաբինետում, փափուկ "կռեսլոյի" վրա նստած էր հետևում աշխատանքներին: Բայց Կարապետ Գուլոյանը, քանի անգամ արտակարգ դեպք է եղել, եկել է: Ինձ ասում են մանրամասն գրում ես` դեպքի վայր է ժամանել ՃՈ այսինչ քննիչը: Դա ես դիտավորյալ եմ տալիս, որ հանրությունը իմանա` իրականում էս մարդիկ են եղել դեպքի վայրում: Երբ ոստիկանապետ դարձավ Վլադիմիր Գասպարյանը, շատ բան փոխվեց դեպի լավը: Ալիկ Սերգեևիչի ժամանակ, ոստիկանության հաղորդագրության մեջ գրում էին, թե ոստիկանապետը, քննչականի պետը, մարզի ոստիկանապետն են եկել դեպքի վայր: Այնինչ, շարքային ոտիկանն էր գալիս, մեքենան ձորից հանում: Իսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո լավ էլ բոլորը գալիս են: Ես դրա համար եմ նշում այդ անունները:

Լեզվակռվից մինչև ծեծկռտուք: Աշխատանքի բերումով քանի՞ անգամ եք հայտնվել հիվանդանոցում: Հիվանդասենյակում մարդ մտորելու ժամանակ է ունենում ու իրերին այլ տեսանկյունից նայում: Ի՞նչ եք մտորել դուք: Չե՞ք վախենում առողջությունը քայքայել:

Հիվանդանոց շատ եմ ընկել, երևի յոթ-ութ անգամ, քսանից ավելի ֆոտո, տեսախցիկ կոտրել: Մի քանի անգամ դատական պրոցեսների մեջ եմ ընկել` մի դեպքում դատավորին "դամբուլ" ասելու համար. չեմ փոշմանել: Ես զարմանում էի, որ հիվանադանոցում անծանոթ մարդիկ էին ինձ տեսակցության գալիս "պռավիզով": Առողջությունս քայքայելու մասին չեմ մտածում, որովհետև սիրում եմ աշխատանքս և միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ինձ քննդատում են, ասում են` շատ տնավարի ես խոսում: Եղբայր, եթե մարդը ինձ հետ տնավարի է խոսում, ես նրա խոսքը չեմ "բռնաբարի", թիթիզությունների հետևից չեմ ընկնի: Ես ժողովրդի լեզվով եմ խոսում: Ինչքան էլ ուզում է խոսեն, քննդատեն` իմ ոճը հաստատ չեմ փոխելու: Էնպես չի, որ ես գրական հայերենով չեմ խոսում, որոշ լրագրողներից, պատգամավորներից, չինովնիկներից լավ էլ հայերեն եմ խոսում, պարզապես ուզում եմ ժողովորդի լեզվով` բնական ներկայացնել: Ամենակարևորը՝ աշխատում եմ միշտ էթիկան պահել, այդ առումով շատ բան եմ սովորել Արամ Աբրահամյանից, Աննա Իսրայելյանից, Մեսրոպ Հարությունյանից, Աշոտ Մելիքյանից: Ֆոտոլրագրության մեջ ինձ շատ են օգնել "Ֆոտոլուրի" տղաները, հատկապես Մելիք Բաղդասարյանը: Ում անունները ես թվարկեցի, ես նրանց համարում եմ մարդ-պրոֆեսիոնալներ:

Ինձ թվում է շատերին կհետաքրքրի` ինչպիսի՞ երեխա է եղել Շամշյանը` չարաճճի՞: Հակառակը դժվար է պատկերացնել: Թեպետ, լինում են դեպքեր, երբ խելոք երեխան հասուն տարիքում ըմբոստանում է: Մի դրվագ Ձեր մանկությունից:

Մանկությունից դժվարանում եմ խոսել, որովհետև երեք ամսականից եղել եմ Կամոյի մանկատանը, հետո Նուբարաշենի, այնուհետև Դավիթաշենի ուսումնարան, Ստեփանավան: Հիշում եմ Կոմունիստների ժամանակ "Պիոներ կանչ"-ի "Բողբոջ" գրական խմբակում բանաստեղծություններ տպագրելու տարիները: Առաջին բանաստեղծությունս տպագրել եմ 11 տաեկանում, հետո տպագրվել եմ "Երիտաասարդ բանվոր", "Սովետական Հայաստան" թերթերում և "Պիոներ" ամսագրում: 80-ականներին Խորհրդային միությունում անցկացվեց գիշերօթիկ դպրոցների փառատոն` տասնհինգ հանրապետություններից ժամանել էին Հայաստան: Երգից առաջին տեղը ես գրավեցի, պատվոգիր ստացա: Ասում են` ակտիվ երեխա եմ եղել: Մինչև հիմա Գավառի մանկատան հետ կապ ունեմ, որովհետև մանկատան տնօրենը Նիկոլայ Նալբանդյանը մեծատառով մարդ է: Երանի բոլոր մանկատների տնօրենները իր նման լինեին: Ես ու ընկերներս շատ ենք օգնում մանկատներին, բայց չեմ ուզում շատ մանրամասնել: Դա պետք է չասվի, Աստված է տեսնում:

Ամեն օր վթարներ, արյուն… Ինչպե՞ս եք կարողանում մի պահ անջատել ձեր հույզերն ու զգացմունքները և աշխատել:

Շատերն ասում են` Գագոյի մեջ արյուն չկա: Երբ այդ ողբերգական դեպքերը նկարում եմ, ես իրոք անջատվում եմ: Մտքումս արտասանում եմ "Հայր մերը" և արտաբերում եմ մի երգ` "Խաչին մոտ, խաչին մոտ, ծագեց լույս առավոտ, ես գտա մեղքերիս թողություն": Աղոթքն է ինձ պահում: Երուսաղեմից լիքը մոմեր եմ բերել, ողբերգական դեպքերից հետո, տանը միշտ այդ մոմերն եմ վառում` զոհերի հիշատակին:

"Ծիծակ համարանիշներից" ու սանձարձակ վարորդներից բացի, էլ ինչի՞ դեմ եք պայքարում:

Հղփացածների, հոռացածների, տանել չեմ կարողանում պապայի բալեքի լկտիությունները: Կան նաև հայրիկների տղաներ, որոնք շատ համեստ են, հալալ է իրենց: Կուզեի, որ բոլորը էդպիսին լինեին:

Արդյոք ժամանակի կորուստ չէ՞ Ձեր վերը նշված "պապայի տղաների" դեմ պայքարելը:

Ո՛չ, ես իմ ձևով եմ պայքարում, ով ուզում է լինի: Մեռնելուց հետո խռխռալս ո՞րն է: Ես փորձում եմ իրենց մեջ ամոթի զգացում առաջացնել: Երբ դու հրապաարակում ես, որ այսինչ պապայի բալան լկտիություն է արել ու խելոք, խոնարհ հարսի նման տարվել է "քաղմաս", նրա մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տուգանել են, չնայած էդ գումարն իրենց համար մեծ բան չի, բայց ամեն դեպքում…: Նրանք վախենում են խայտառակ լինելուց: Մեկ-մեկ ասում են` Հայաստանում խոսքի ազատություն չկա: Ո՞վ է ասում չկա, լավ էլ կա: Վերցրեք ֆեյսբուքը, ով ում հասցեին ինչ ուզում գրում է, ինչ նկար ուզում հրապարակում է:

Եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ մեքնենաներ չկան… Ինչո՞վ կզբաղվեիք, եթե չընտրեիք այս աշխատանքը:

Մեր քաղաքում մեքենաներն օր օրի շատանում և ավելի են կատարելագործվում: Իսկ եթե չընտրեի այս աշախատանքը, փրկարար կամ ոստիկան կաշխատեի: Չէի ցանկանա ոչ դեպուտատ լինել, ոչ նախարար, բայց կպայքարեի, որ փրկարարների աշխատավարձերը բարձրացնեին:

Աշխատանքն աշխատանք, ընտանիք կազմելու մասին մտածու՞մ եք:

Ընկերներս ասում են` Գագո, ուշ է արդեն, այդ մասին մտածիր: Դե ես էլ մտածում եմ:

Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս Գագիկ Շամշյանին:

Ես կնոջ արտաքինին առաջնային նշանակություն չեմ տալիս, կարևորն ինձ հասկանա: Երկու աղջիկ եղել են, ովքեր հարսանիքի թեմա են բացել: Ասել եմ` իմ ի՞նչ տարիքն է, որ հարսանիք անեմ, ասել եմ. "արի տունս ու մի գնա. ավելի լավ է, էդ հարսանիքի փողերը տանք Գավառի մանկատանը": Ու՞մ են պետք էսօրվա ճոխ հարսանիքները` իննը ամիսը չլրացած` բաժանվում են:

Ֆոտոլրագրության մեջ դուք մրցակիցներ չունեք: Դա լա՞վ է, թե՞ վատ:

Ո՞վ է ասում: Ունեմ, "Ֆոտոլուրի" Մելիքը, որից շատ բան եմ սովորել: Ֆոտոլրագրության մեջ մրցակից ունեմ, բայց օպերատիվ լրատվության մեջ` չունեմ:

Դուք Ձեր սեփական կայքն ունեք, որը բավականին շատ ընթերցողներ ունի: Եթե մի օր սենսացիան պահանջարկ չունենա, որը իրականում անհնար է, ինչի՞ մասին կգրեք:

Միայն մշակութային թեմաներ: Հայաստանում այն կաղում է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:15 Մայիս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր