Արուսիկ Մկրտչյան (DJ Վակցինա). Ամեն օր տանից դուրս եմ գալիս պաշտպանիչ հագուստով

Գուցե, մուտքի հարց չէ, բայցևայնպես` եթե երկրորդ կյանքի հնարավորություն լիներ, արդյոք նույն կերպ կապրեիք:

Մինչ վերջերս կարող էի վստահորեն ասել` այո, կյանքիս յուրաքանչյուր օրը կապրեի նույնությամբ: Անցած ճանապարհիս ցանկացած օրն էլ կարևոր է եղել` ինչ-որ տեղ հասնելու համար, բացի մեկ դրվագից, որը խիստ անձնական է, և չեմ ցանկանում բացել չակերտները: Եթե այսօր կայուն եմ իմ որոշումներում, այսպիսին եմ իմ մտածելակերպով և արժեհամակարգով, որն ամուր նստած է իմ ներսում, նրանից է, որ ունեցել եմ շատ բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր, ինչու չէ, նաև տխուր կյանքի դրվագներ, հիասթափություններ: Սակայն կյանքիս այդ վատ էջերն են, որ ինձ ավելի ուժեղ են դարձրել, առաջ շարժվելու և նպատակներս իրականացնելու խթան են դարձել: Ես այն մարդկանցից եմ, ովքեր հարգում են իրեց անցած ճանապարհը: Եթե իրավիճակներ կան, որ ակամայից այնպես չեն դասավորվել, ինչպես կցանկանայի, ես դրանցից պարզապես դասեր եմ քաղել, սովորել` սխալներիս վրա:

Թեստ-հարց.դատարկ կտավն առավոտյան ի՞նչ գույնով կներկեիք և օրվա վերջում ո՞ր գույնով կավարտեիք:

Կտավն ամբողջությամբ կլցնեի կարմիրով: Ամեն նոր սկսվող օր` պայքար է, շատերի համար թեթև պայքար, բայց իրականում, երբ խորանում ես, հասկանում ես, որ դա« "կյանքի և մահվան" կռիվ է: Առավոտյան տանից դուրս գալիս` երբեք չես կարող իմանալ` կյանքը քեզ համար ինչպիսի անակնկալներ է պատրաստել: Չեմ ցանկանում խոսքերս ամպագոռգոռ հնչեն, բայց յուրաքանչյուր օր տանից դուրս եմ գալիս "պաշտպանիչ հագուստով" և մտնում մարտի դաշտ: Ինչո՞ւ կարմիր` քանի որ այն` որպես արյան, պայքարի գույն, ինձ չի թողնի թուլանալ: Կտավս կեզրափակեի յուրաքանչյուր օրը տարբեր գույնով` կախված օրվա ընթացքից և ավարտից:

Ստանդարտ հարց. Մանկության երազանք, որը դեռ սպասման ճանապարհին է:

Չեմ կարող չհավատալ երազանքներին: Դեռ մանկուց սովորել եմ իմ համար ստեղծել պատկերներ` երազանքների տեսքով, և վերջում այդ պատկերներին ականատես լինել` արդեն իրականացած: Երազանքներս տարբեր են, շատ հաճախ պարզ և հեշտ իրականանալի, սակայն դրանց հասնելու ճանապարհը` երազանքի մեծ ու փոքր լինելը չէ: Կարևորը հավատն է երազանքի նկատմամբ, որն ամբողջ հոգով պետք է զգալ և ցանկանալ: Ես ինձ երջանիկ և հաջողակ եմ համարում այդ հարցում, քանի որ իմ բոլոր երազանքներն իրականացել են` բացառությամբ մեկի: Չի իրականացել այն, որից ես միշտ վախեցել եմ: Դա ընտանիք կազմելն է, որը գերպատասխանատվություն է: Կցանկանայի, որ իմ ծնողների օրինակը լիներ երազածս ընտանեկան մոդելը, բայց, ցավոք, դա այնքան էլ այդպես չէ. միգուցե դա է պատճառը, որ ես վախենում եմ: Իհարկե արդեն ունեմ իմ փոքրիկ ընտանիքը, որով ես հպարտ եմ, բայց այն դեռ լիարաժեք չէ:

Ինտրիգային հարց. Քննադատությունները, հասարակության կարծիքը Ձեր անձի նկատմամբ ինչպիսի ազդեցություն են թողնում Ձեզ վրա:

Ժամանակ կար, որ ես տանից դուրս էի գալիս իմ նշած զրահով և գրեթե ոչինչ չէր կարող անցնել այդ ամուր, պաշտպանիչ շերտով: Եթե գտնում էի, որ իմ արածը ճիշտ և ազնիվ է, ապա ինձ ոչինչ չէր խանգարում: Ամուր եմ եղել և չեմ կոտրվել: Սակայն վերջերս, երբ իմ բոլոր երազանքները գրեթե կատարվեցին, հանեցի իմ զրահը` փորձելով հասկանալ այն մարդկանց, ովքեր, չճանաչելով ինձ, իրավունք են վերապահում` քննադատել: Այս ամենը հանգեցրեց նրան, որ նրանց հաջողվեց խոցել ինձ. միգուցե ես եմ ավելի զգացմունքային դարձել: Այս ամենից ես հասկացա, որ նրանք պարզապես մակերեսորեն են նայում մարդկանց, քո կերպարին, մարդկային արժեքներին, որը և թույլ չի տալիս տեսնելու ամենակարևորը` այն, ինչը քո ներսում է: Իմ դեպքում, այո՛, իմ պաշտպանիչ զրահն ինձ միշտ օգնում է, բայց չէ՞ որ գալիս է պահ՝ հոգնում ես և չես ցանկանում անընդհատ հանդես գալ զինվորի կերպարով:

Մոդայիկ հարց. Կցանկանայի՞ք փախչել մեր հասարակությունից և մեկ այլ երկրում նոր կյանք սկսել:

Ուզում եմ ուղղակի ասել, որ չճանաչելով մարդուն, պետք չէ քննադատել: Չիմանալով ամբողջականը` դու չես կարող ճիշտ եզրակացություններ անել, իսկ սխալի դեպքում ընդամենը կցավեցնես: Չնայած դժվարություններին և այն, որ կտավս ամեն օր ստիպված եմ կարմիրով ներկել, ամեն դեպքում ուզում եմ այսօր սիրո խոստովանություն անել իմ քաղաքին, այստեղ ապրող մարդկանց: Իրականում ես շատ եմ սիրում Երևանը, որտեղ իմ փոքր ներդրումն ունեմ և չեմ ցանկանա հեռանալ: Գտնում եմ` մեծ պոտենցիալ կա մեր հասարակության մեջ, ընդամենը մի փոքր հավատն է պակասել: Ներկայիս երիտասարդները բավական լավն են. պարզապես կցանկանամ մի փոքր ավելի լայն և հեռուն նայեն, դուրս գան պարզունակ դատողությունների և կարծրատիպերի սահմաններից:

Եզրափակիչ հարց. "Առողջ" բաղադրատոմս Վակցինայի կողմից:

Իմ "առողջ" բաղադրատոմսի ամենակարևոր բաղադրիչն ամեն առավոտ մեկ բաժակ հավասարակշռության, ներդաշնակության բերող հեղուկն է, որի համը ողջ օրվա ընթացքում պետք է պահպանվի: Յուրաքանչյուրը պետք է գտնի իր հեղուկը: Այնուհետև, կարելի է ավելացնել մի քանի շոկոլադե սալիկ, որը կապահովի օրվա դրական ընթացքը: Իմ դեպքում դա ընկերներիցս մեկն է, ով իր հումորով և տեսակով ապահովում է իմ ողջ օրվա սերոտոնինը (երջանկության հորմոն): Կարևոր է նաև օրվա ընթացքում գոնե 5 համբույր նվիրել սիրելի մարդկանց` կլինի երեխան, ծնողը, ընկերը…: Այնուհետև խառնել մեկ կիլոմետր քայլք՝ առողջության չափաբաժինն ապահովելու համար: Վերջում այս ամենին ավելացնել այնպիսի համեմունք, որ օրվա ավարտին առաջանա ինքդ քեզ պարգևատրելու ցանկություն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Մայիս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր