ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ. "Այսօր թացը չորի հետ խառնված է"

Մարկ Տվենի "Թոմ Սոյերի արկածները" վեպի գլխավոր հերոսին  մարմնավորած կերպարից մինչև Վիլյամ Սարոյանի "Ձեր կյանքի ժամանակը" պիեսի` Հարրի: Ավելի քան 150 դեր թատրոնում: Ի՞նչ են տվել այս բոլոր դերերը ձեզ և ինչ են վերցրել:

Ես ծանոթացա համաշխարհային գրականության հետ: Շեքսպիր ես խաղում, Սերվանտես ես կարդում, Լևոն Շանթ, Սունդուկյան, Գոգոլ, Դոստոևսկի, բոլորը չթվեմ: Տիտաններ են: Հիմա ինտերնետի դար է, բայց ես գիրքն եմ նախընտրում: Իսկ թե ինչ են վերցրել` թերևս, ժամանակը: Բայց ես չեմ համարում, որ ինչ-որ բան կորցրել եմ, ես ուրախ եմ, որ իրենց հետ եմ եղել միշտ: Այդ 150-ի մեջ եղել են և փոքրիկ և մեծ դերեր: Բայց այն դերը, որից խորապես ազդվել եմ "Ֆիգարո"-ն է եղել, որը ուզում էինք նաև նկարահանել, բայց Ղարաբաղյան շարժումը սկսվեց: 111 անգամ խաղացինք: Ժողովուրդը շատ սիրեց: Սովետական շրջանում մարդիկ շատ թատերասեր էին: Ես սովետական երկրում եմ ծնվել, դա էնպիսի բան է, որը մարդու արյան մեջ է մտնում: Այդ շրջանում ընդունվեցի թատերական ինստիտուտ` Աճեմյանի կուրս: Հիշում եմ իր խոսքերը, ինձ ասաց` "քեզ մեծ ճանապարհ է սպասվում, միայն պետք է կարողանաս կարևորը ավելորդից տարբերել":  Ինստիտուտի տարիներին  տեսնում էի` ովքեր են զբաղված ավելորդ բաներով, տեսնում էի, թե ինչպես են հասակակիցներս հաշվարկած, գնում են էն աշխարհ, որտեղ փողն է, որտեղ բարեկեցությունն է, նրանք միայն մտածում էին` ինչպես հարստանան: Նրանք երիտասարդ չեղան:

Ինչպիսի՞ն են այսօրվա երիտասարդները: Ձեր և մեր սերնդի  տարբերություններից:

Ես երիտասարդներին շատ եմ սիրում: Այսօր տաղանդավոր, լավ երիտասարդները, փառք Աստծո, ավելի շատ են,  քան անշնորհքները: Կուզեի, որ տղաներն ավելի հետաքրքիր լինեին` կարդային, սպորտով զբաղվեին, աշխատասեր լինեին: Առհասարակ, տղան պետք է շատ ուժեղ լինի: Իսկ ուժեղ լինելու համար պետք է տեղեկացված լինել, կարդացած:  Անտեղյակ մարդը բավականին վտանգավոր մարդ է: Նա չգիտի` ինչը ինչից հետո է: Ի տարբերություն խորհրդային շրջանի, հիմա արվեստի նկատմամբ որևէ ճնշում չկա: Դա և լավ է, և վատ: Լավ է այն իմաստով, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, գործել: Տեսեք, երիտասարդները մեկ-երկու երգ երգելով, ֆիլմում նկարահանվելով դառնում են հանրաճանաչ: Մեր ժամանակ այդպիսի բան չկար, թույլ չէին տա: Դու պետք է սկսեիր փոքրիկ դերերից և աստիճանաբար աճեիր: Հիմա հեշտությամբ ճանաչվում են ու իրենք էլ չեն հասկանում, թե ինչ կատարվեց իրենց հետ: Սովետական երկրում ամեն ինչ ավելի ճիշտ էր, քան հիմա` ով ասես, ինչ ուզի անում է` փող ունի, գրաքննություն չկա: Կիսառաբիզ, անհասկանալի տեսահոլովակներից սկսած: Թացը չորի հետ խառնված է: Ըստ իս, պետք է լինի գեղարվեստական խորհուրդ` ինչ կերպ, ինչ ձև, կարևոր չէ: Միայն եկամուտի մասին մտածելով չէ. Դերասանները, երգիչները, ապահովում են ժողովրդի ճաշակը: Մարդ միայն ուտել ու քնել  չի կարող:  

1979-ին կինո աշխարհ մուտք գործեցիք կինոաշխարհ, և նկարահանվեցիք Հ.Մալյանի "Կտոր մը երկինք" ֆիլմում: Ձեր և մյուս դերասանների կերտած կերպարները դարձան ժամանակի հերոսները ու ձեր յուրաքանչյուր խոսք թևավոր դարձավ և դրանք չեն հնացել մինչ օրս: "Անառագին հրեշտակ մի ըսէ, մեղք է": Հասարակությունը, բարքերը ինչպիսի՞ն էին այդ տարիներին և այսօր: Ի՞նչն է փոխվել կամ, գուցե, մնացել է նույնը հենց այս նախադասության օրինակով:

Վահան Թոթովենցի "Բաց կապույտ ծաղիկներ" պատմվածքի հիման վրա նկարահանվեց "Կտոր մը երկիրնք" ֆիլմը: Ռուսաստանում "Ապտակ" (Пощечина) թարգմանվեց: Մոսկվա էի մեկնել, բոլորը մոտենում էին, ասում` "դուք շատ լավ խաղացիք "Ապտակ" ֆիլմում: Պատասխանում էի` դուք սխալվել եք, էդպիսի ֆիլմ չկա: Հետո եկա Հայաստան և ասացին, որ էդպես է թարգմանվել: Այն համարվում էր սուպերագույն կինո: Ֆիլմում, իսկապես, երևում է հասարակության ուժը, ճնշումը: Իրենք Թորիկին անուն են կպցնում, աղջիկ չեն տալիս` համարելով, որ ցածր դասակարգի տղա է: Այդ դեպքում ինչո՞ւ եք խառնվում նրա կյանքին: Տղաները, ընդհանրապես, որ 17-18 են դառնում, ուզում են ամուսնանալ: Առաջին աղջկան, որ տեսնում են խելագարվում են: Ինքը կարող է աղջկան ուսին դրած ամբողջ օրը ման տալ` չզգալով, որ հոգնել է: Նույնը աղջիկները, բարդ տարիք է: Մի աղջկա էի հավանում երիտասարդ տարիներին: Երեկույթ էր, հավաքվել էինք: Այդ աղջիկը իմ ընկերոջը հավանեց, իրենով տարվեց: Եվ այդ օրը ես ինձ շատ սիրեցի, որ չնախանձեցի ու չչարացա: Հասարակության կարծրատիպերը մեծ հաշվով չեն փոխվել: Աշխարհը թույլ մարդու տեղ չէ, պետք է ուժեղ լինել:

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ձեր սիրելի կերպարներից մեկն է եղել Պիեռ Բոմարշեի Ֆիգարոն:

Պիեռ Բոմարշեն իրեն մարմնավորել է որպես ծառա, նա խաղատներում է խաղում, բանտ նստում, բանտից դուրս է գալիս, դառնում սափրիչ: Հասարակ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ, որը  կոմսի հետ "ճակատ ճակատի" է տալիս ու հաղթում: Ֆիգարոյից հետո Իսպանիայում հեղափոխություն եղավ: Այսօր շատերը բերանները ծամածռում են, իրենց թվում է իրենք հեղինակություն են: Անտեղյակ մարդը սարսափելի երևույթ է: Արկադի Ռայկինն ասում էր, որ. "ամենասարսափելի մարդը նա է, որ անտաղանդ է ու նախագիծ ունի": Ու ինքը ուզում է գործ անել: Պատկերացնում եք դրա արտադրած կինոն, կարաճամետրաժը, ներկայացումը: Դրանց դեմը պետք է առնել, դրանք վտանգավոր են: Ես տեսել եմ հանճարեղ, տանադավոր մարդկանց, իրենք շատ համեստ են, պարզ, երեխու նման:

Հաճախ լսում ենք, երբ ասում են, որ մարդկային փոխհարաբերություններում ինչ-որ բան խաթարված է: Մարդկություն չկա: Ի՞նչն է խախտվել` ըստ Ձեզ:

Ամեն ժամանակահատվածներում էլ խաթարված բաներ եղել են: Դոստոևսկու հերոսը՝ Ռասկոլնիկովը,  գնում է կացնով պառավին սպանում, որ հարստություն փախցնի: Ու չի հասկանում` ինչպես արեց դա: Չեմ սիրում մեր ժողովրդի մեջ լոպազներին՝ նրանց քայլվածքը, ձևերը, ինքնասիրահարված, որոնք միշտ գտնում են իրենց պաշտող միջակություններ: Իրենք երբ տեսնում են ուժեղ մարդ, կորցնում են իրենց: Լոպազները հինականում անշնորհնքներն են: Դրանք անտանելի երևույթներ են, ես շատ անխիղճ եմ դրանց նկատմամբ: Սևակը լավ խոսք ունի, ասում է. "աշխարհում ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն կառավարեր բարությունը": Եվրոպական զարգացած երկրներում էլ ուրիշ խնդիրներ կան` տղամարդիկ աղջիկներ են դառնում: Տղամարդը տղամարդու հետ է ամուսնանում, աղջիկը՝ աղջկա: Դա ավելի սարսափելի բան է:

Ի՞նչ վիճակում է այսօր արվեստը: 

Ամեն մարդ պարզապես իր գործով պետք է զբաղվի և իր գործը լավ անի:  Մրցակցություն կա` դա լավ է: Ես շատ կցանականայի, որ մեր կինոարվեստը, "Հայֆիլմ"-ը մեջտեղ գա, ոտքի կանգնի: Թատրոնները ուժեղանան, մարդիկ ավելի շատ թատրոն հաճախեն: Ես հիշում եմ թատրոնի հետ իմ առաջին շփումը: 6 տարեկան էի, տատիս ինձ առաջին անգամ թատրոն տարավ: Վիլյամ Սարոյանի "Իմ սիրտը լեռներում է" ներկայացումն էր, Փափազյանն էր խաղում: Հերոսը մահացավ: Երբ դուրս եկանք, տատիկս տեսավ, որ ես արտասվում եմ: Ասացի. "մեղք էր պապիկը` մահացավ": Տատս պատասխանեց. "չէ, տղաս, նա չի մահացել, իրենք դերասաններ են": Ու այդ հրաշքը, որ ինքը չի մահացել, դա մի առեղծվածային աշխարհ դարձավ իմ ուղեղում: Թատրոնը, դերասանը այդ ինչ բան է: Սովետական երկիրը թատրոնին շատ կարևորություն տվեց: Այսօր եթե մի փոքրիկ մասնիկ էլ կարողանանք ավելացնել, մեծ օգուտ կլինի: Մենք հզոր արվեստագետներ ենք ունեցել: Այսօր էլ իմ սերնդի մեջ էլ կան հզոր արվեստագետներ: Մեր ժողովուրդը այսօր վերելք է ապրում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:30 Մայիս 14, 2015

Ամենաընթերցված նյութեր