ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. Ցեղասպանությունը որևէ երկակի մոտեցման չափանիշ չի հանդուրժում

Ո՞րն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական խորհուրդը:

Մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը: Հետևաբար, ինձ համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդն իր մեջ պարունակում է ուժեղ և արդյունավետ Հայաստանի Հանրապետություն կառուցելու ուղերձ, որն անվտանգության հիմնական երաշխիքն է մեզ համար:

Այսօր հասարակական, քաղաքական և արվեստի հայ գործիչներից շատերը նշում են, որ Հայոց ցեղասպանության հարցում ճանաչման քաղաքականությանը պետք է փոխարինի հատուցման քաղաքականությունը: Այս առումով դուք ի՞նչ եք կարծում:

Ես հատուցում ասելով, որպես իրավաբան հասկանում եմ, որ վերջին 50 տարիների ընթացքում ցեղասպանության զոհերի ժառանգները կարող էին թուրքական դատարաններում հարուցել դատական գործեր և պահանջել ցեղասանության զոհերի սեփականությունը, հարստությունը, ինչպես նաև` հայ համայնքի մշակույթային ժառանգությունը, ինչը չի արվել, և այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած մենք կարող ենք այդ պահանջները ձևակերպել և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը լցնել Թուրքիայի դեմ հարուցված դատական գործերով: Նման հաջող փորձ արդեն իսկ արվել է հունական համայնքի կողմից:

Մի պահ պատկերացնենք Թուրքիայի իշխանությունը տուրք տալով միջազգային հզոր ճնշմանը, ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը.... Ի՞նչ պետք է հետևի կամ հաջորդի դրան:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անկախ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շրջանակներում բոլոր գործողություններից առաջին հերթին պետք է հետևի սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ծովից օգտվելու մեր իրավունքի իրացումը:

Ինչպե՞ս պետք է աշխարհը խուսափի Ցեղասպանություն կոչվող արհավիրքից:

Ցեղասպանություն կոչվող արհավիրքից աշխարհը կարող է խուսափել միայն տեղի ունեցած ցեղասպանություններին ճիշտ գնահատական տալով, դատապարտելով, մեղավոր անձանց հայտնաբերելով և պատժելով: Ցեղասպանությունը, որպես հանցագործությունների հանցագործություն որևէ երկակի մոտեցման չափանիշ չի հանդուրժում, հակառակ դեպքում` անպատժելիությունը կբերի ցեղասպանությունների անընդհատ կրկնվելուն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:14 Ապրիլ 24, 2015

Ամենաընթերցված նյութեր