ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. "Ճանաչմանը պետք է հաջորդի ապաշխարանքը"

Ո՞րն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական խորհուրդը: 

Ինձ համար խորհուրդը Պարույր Սևակի դիպուկ խոսքերի մեջ` "կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք": Ես հավատում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորման հեռանկարին և հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն էլ Թուրքիայի կողմից` միայն ժամանակի հարց է:

Այսօր հասարակական, քաղաքական և արվեստի հայ գործիչներից շատերը նշում են, որ Հայոց ցեղասպանության հարցում ճանաչման քաղաքականությանը պետք է փոխարինի հատուցման քաղաքականությունը: Այս առումով դուք ի՞նչ եք կարծում: 

Ցեղասպանությունների մասին Լեմկինի բանաձևը ամեն ինչ իր մեջ պարունակում է. "ցեղասպանությունները նաև իրավական հետևանքներ են առաջացնում": Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ խոսել, խոսել ամեն ինչի մասին, նաև այս բոլոր հարցերի մասին: Թուրքիան միայն Էրդողանը կամ Դավութօղլուն չեն. այնտեղ էլ նոր սերունդ է մեծանում, այնտեղ էլ լայնախոհ և ժամանակակից շատ մարդիկ կան, ակտիվ մարդիկ:

Մի պահ պատկերացնենք` Թուրքիայի իշխանությունները տուրք տալով միջազգային հզոր ճնշմանը, ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը.  Ի՞նչ պետք է հետևի կամ հաջորդի դրան: 

Ապաշխարանքը: Հրաշալի օրինակ կա. Գերմանիան: Թուրքիան Գերմանիայից շատ բան ունի սովորելու:

Ինչպե՞ս պետք է աշխարհը խուսափի "Ցեղասպանություն" կոչվող արհավիրքից:

Ցեղասպանությունը հանցագործությունների հանցագործությունն է, իսկ հանցագործությունները պետք է պատժվեն, որ չկրկնվեն: Ցեղասպանություններից խուսափելու ուղին բացառություններ չթույլատրելն է, այսինքն բոլոր ցեղասպանությունները ճանաչելն ու դատապարտելը պետք լինի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:10 Ապրիլ 23, 2015

Ամենաընթերցված նյութեր