ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. Մենք կորցրել ենք իրական գնահատականներ տալու կարողությունը

Թատրոն, կինո, հեռուստաթատրոն: Վիլյամ Սարոյանի "իմ սիրտը լեռներում է"-ի Ջոնին մարմնավորած կերպարից մինչև Վիլյան Շեքսպիրի Ռիչարդ երրորդ: Ավելի քան 30 դերեր թատրոնում, տասից ավելի` ֆիլմերում: Այս երեք "մոլորակներից" որտե՞ղ եք ձեզ առավել հարմարավետ զգում: Որտե՞ղ է օդը ձերը:

Իհարկե թատրոնում: Թատրոնում են դերասան դառնում: Բոլոր մեծ դերասանները թատրոնից են գնում կինո: Թատրոնը ոչ մի բանի հետ պետք չէ համեմատել և համեմատության որևէ եզր չունի թվարկվածներից որևէ մեկի հետ: Բեմը մի այլ չափման գոտի է: Կինոյում դու հնարավորություն ունես մի քանի դուբլից ստանալ պահանջվածը: Թատրնում դու սխալվելու իրավունք չունես: Դու պատասխանատու ես հանդիսատեսի առջև, որը հատուկ եկել է քեզ դիտելու: Եղել են դեպքեր, երբ դերասանը հարազատ է կորցրել, բայց ներկայացումը տեղափոխել հնարավոր չի եղել, և նա բեմ է բարձրացել և այնպես խաղացել: Արտիստի պրոֆեսիոնալիզը էստեղից է գալիս. ոչ ոք չպետք է իմանա դու վատառողջ ես, տրամադրություն չունես, խնդիրեր ունես: Իսկ այսօր բոլորը իրենց դերասան են անվանում: Սկսնակ դերասաններից շատերը երբեմն պարծենում են, որ չեն հուզվում ներկայացումներից առաջ` կարծելով, թե դա պրոֆեսիոնալիզմի նշան է: Ես միշտ ասում եմ` վատ է, որ հուզում չկա: Մեծագույն դերասանները, որոնց հետ բախտ եմ ունեցել բեմ բարձրանալ, հուզվել են ներկայացումից առաջ: Երբ վերանում է դա կամ, առհասարակ, չկա, էդտեղ պետք է անհանգստանալ, մտորել: Սկսնակ դերասանների համար այսօր ավելի հեշտ է թատրոն, կինո մուտք գործել:

Որակի անկումը արդյոք պայմանավորված է միայն սերիալների՞ ի հայտ գալով: 

Սերիալների թեման շատ չարչրկված է: Գավառամտություն կա մեր մեջ, որովհետև էնպես լուրջ ենք քննարկում այդ սերիալների հարցը: Մենք, նույնիսկ, այդտեղ ենք ցույց տալիս, որ գավառ ենք: Ու՞մ պարզ չէ, որ սերիալները պետք է լինեն լավը, բայց շատ լուրջ քննարկել` պետք են սերիալները թե ոչ, ավելին` ասել, որ դա մեր ազգային անվտանգությանն է դիպչում ու նման անհեթեթ բաներ, սա արդեն նշանակում է չափն անցնել: Իհարկե, սերիալները նպասեցին, որ որակը ընկնի: Նայում ես, ով պատահի նկարահանվում է, մեջը դերասանի նշույլ անգամ չկա: Բայց միայն պայմանավորել սրանով, ճիշտ չէ: Հիմա պահանջներն ավելի քիչ են, նշաձողը իջել է ու դրա վրայով թռնելը հեշտ է: Պետք է օգնել տաղանդավորներին, հնարավորություն տալ, որովհետև նրանք համեստ են, իսկ համեստ մարդիկ ստվերում են մնում: Միջակությունները, անտաղադներն իրենց ճանապարհը կգտեն իրենց բնորոշ մեթոդներով: Ես նկատում եմ, որ, առհասարակ, մեր հասարակության մեջ ինչ-որ բան խախտված է:

Այդ "ինչ-որ բան"-ի անունն ի՞նչ է:

Այսօր ամեն ինչ քաղաքականացված է: Խոսում ենք սերիալներից կամ կարտոֆիլից, շաքարից, կապ չունի` քաղաքականացվում է, ասոցիացիաներ ենք ունենում: Աշխարհում նման բան չկա:

Արվեստի՞ն էլ է քաղաքականությունը դիպչել:

Այո: Այս ցուցահանդեսը բացվել է այսինչ վայրում, ինչո՞ւ է բացվել այդ ցուցասրահում, դա ամենալավ ցուցասրահն է, ո՞ւմն է և` պարզ է: Անգլիայում փողոցում, եթե մոտենաք և մի երիտասադի հարցնեք` ո՞վ է ձեր փոխվարչապետը, շատերը չեն իմանա: Իսկ մեզ մոտ` մոտեցեք, հարցրեք ո՞վ է ձեր "ժեկի" պետը, կասի` Կիրակոսյան Համբարձումը: Գիտի: Դա աննորմալ է: Պատկերացնու՞մ եք` ոչ թե քաղաքականությունը մտներ արվեստ, այլ արվեստը`  քաղաքականություն: Իհարկ, օգուտից բացի, վնաս չէր լինի: Ամեն ինչ պետք է իր տեղում լինի, ամեն մեկը պետք է իր տեղում լինի, հենց սա է խախտված: Վերցրեք սոցիալական ցանցը. ամբողջը քաղաքականության վառ արտահայտությունն է:

Մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց լուրը, որ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը  հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Ըստ տարածված խոսակցությունների` հեռացումը կապված էր "Արտավազդ" թատերական մրցանակաբաշխության հետ: Ո՞րն էր իրական պատճառը:

Լրատվամիջոցները էնպիսի վերնագրեր են դնում, գրել էին. "Տիգրան Ներսիսյանը և Նելլի Խերանյանը հեռանում են": Արտերկրից մեր հարազատներն են զանգում, դրսում անծանոթ մարդիկ հարցնում են` ինչո՞ւ եք որոշել երկրից հեռանալ, ասում եմ` երկրից չենք հեռանում, թատերական գործիչների միությունից ենք հեռանում: Ապատեղեկատվություն են տարածում, մարդկանց վատ դրության մեջ են դնում, ինչ է, թե նյութը բացեն, մի լայք ավել լինի: Չգիտեմ` հիշում եք, թե ոչ` հայտնի մարդկանց անուններն էին հրապարակել, որոնք այս կամ այն աղանդի հետևորդ են: Այդ ցուցակում կար նաև իմ անունը: Ես շատ էի զայրացել և առաջինն եմ արձագանքել: Համահայկական երիտասարդական լիգան էր տարածել: Ես այս առիթով ասուլիս տվեցի, որից հետո իրենք հրապարակավ ներողություն խնդրեցին թյուրիմացության համար: Այդ օրերին ֆեյսբուքում գրառում էի կատարել: Լրատվամիջոցները դարձյալ առիթը բաց չթողեցին, իմ խոսքից մի հատված վերցրել և այլ ենթատեքստով ներկայացնել էին: Գրել էին. "ՀՀ վաստակավոր արտիստը երիտասարդներին ազգի թերմացք է անվանել": Հասկանու՞մ եք` ինչ են անում: Իմ աղջիկը երիտասադության մասնիկն է, ես ինչպես կարող եմ երիտասարդներին թերմացք անվանել: Ժուռնալիստի մասնագիտությունը շատ եմ հարգում, ամենավեհ մասնագիտություններից է, որովհետև դու հնարավորություն ունես ճշմարտությունը, բարոյականը, բարին ներակայացնելու: Այսօր շատերը, որոնք իրենց լրագրող են անվանում, պարզապես նսեմացնում են այդ մասնագիտությունը: Ինչ վերաբերում է թատերական գործիչների միությունից դուրս գալուն: Ես և Նելլին հայտարարությամբ հանդես ենք եկել, շնորհակալություն հայտնել Հայաստանի թատերական գործիչների միությանը քսան տարվա համագործակցության, սիրո, հարգանքի, գնահատանքի համար: Ի դեպ, այդ քսան տարվա մեջ է մտնում նաև Արտավազդ մրցանախաբաշխությունը: Իսկ լուրեր կարող են լինել տարատեսակ և տարաբնույթ, նաև` ենթադրություններ:

Ժողավրդական խոսք կա: Ասում են` առանց ծուխ կրակ չի լինում: 

Կասեմ ընդամենը, որ մենք չենք ուզում այլևս լինել այսօրվա թատերական գործիչների միության շարքերում: Միայն Արտավազդ մրցանակի հարցը չէ, ես չեմ ուզում լինել այդ "կեղտոտ խաղերի" մեջ, որոնց սլաքներն ուղղված են ուղիղ դեպի ինձ: Ավելին` այն, ինչ արել են, ես թողնում եմ իրենց խղճին: Մարդկանց անուններ չեմ ուզում շոշափել, որովհետև շատ դաժան կլինի իրենց համար: Եվ, ընդհանաես, այս հարցը շատ մեծ ցավ է պատճառել ինձ, և ես չէի ցանկանա այն օգտագործել որպես PR ակցիա: Իհարկե, շատերը իրենց PR-ի համար պատրաստ են ամեն ինչի: Վերցնենք, վերջին օրինակը` Քարդաշյանի այցը, բոլորը արտահայտվեցին, խոսեցին` միայն թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեն:

Ես խոստանում եմ վերնագրում չանդրադառնալ այս թեմային: Այնուամանյիվ, կցանականայի լսել ձեր կարծիքը` կապաված Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցի հետ:

Այդ օրերին լրագրողներից զանգում, հարցնում էին, ես հրաժարվել եմ կարծիք արտահայտել: Նախ գտնում եմ` ամեն առիթով չի կարելի արտահայտվել: Ո՞վքեր են առավել հաճախ արտահայտվում նման առիթնեին, ովքեր ուշադրության կարիք ունեն: Ամեն հարցում մեր հասարակությունը, մենք` հայերս, ծայրահեղությունների մեջ ընկող ենք, մեք սիրում ենք այդ վիճակը, չունենք միջինը: Բան չի պատահել` մեր հայրենակցուհին իր ընտանիքով եկել է, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Արգելե՞նք մուտքը, օդը փակե՞նք… Ինչո՞ւ ընդունեց վարչապետը: Պետության հյուրընակլության ձևն է:  Անգրագիտությունից է սա գալիս, տեղեկացված չլինելուց: Զարգացած երկրում չի կարող նման արձագանք լինել: Բարոյականությունից են խոսում: Իսկ մենք մեր բարոյականության մասին մտածու՞մ ենք, մենք այն աստճանի վրա՞ ենք, որ քննադատումում ենք: Նա շոու բիզնեսի վառ ներակայացուցիչ է, համաշխարհային դեմք, ինչպես է հասել դրան, դա իր գործն է: Դուք հասկանու՞մ եք` ինչ է համաշխարհային շոու բիզնեսը: Էս ֆոնի վրա թաղել մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներին, մեր երկիրն ու Միացյալ Նահանգները նույն նժարի վրա դնել ճի՞շտ է: Պերճ Զեյթունցյանի "Արշակ թագավոր"-ն եմ խաղում: Հանճարեղ գործ է: Արշակն ասում է."Եթե ուզում ես մեկին երիցս անիծել, թող փոքր ազգի թագավոր դառնա": Սա կարելի է ասել բոլոր ոլորտների համար` թող փոքր ազգի դերասան դառնա, երգիչ դառնա: Եթե ճակատագիրը էնպես դասավորվեր, որ  Շառլ Ազնավուրը ծնվեր և ապրեր Հայաստանում, արդյոք նույն բարձունքին կհասնե՞ր: Արմեն Ջիգարխանյանը, Առնո Բաբաջանյանը` մենք քի՞չ մեծատառով դեմքեր ենք ունեցել, որոնց  աշխարհը չի ճանաչում այսօր: Մենք կորցրել ենք իրական գնահատականներ տալու կարողությունը: Հիմա Քիմ Քարդաշյանը, իր ամուսու և երեխայի հետ եկել է, ի՞նչ է պատահել: Մենք ոչ թե խորը գյուղ ենք, այլ շատ խորը գյուղ:

Կցանկանայի անդրադառնալ ձեր մասնագիտության ընտրությանը: Շատ հեշտ կամ հակառակը` դժվար է լինում ապագա այն դերասանների համար, որոնց հայրերը ճանաչում ու վաստակ են ունեն այդ բնագավառում: Մի դեպքում ժողովուրդը ասում է` հայրը առաջ տարավ, մյուս դեպքում` ինքը իրենով հասավ: Դուք տաղանդավոր դերասան Բաբկեն Ներսիսյանի որդին եք: Հայրիկի գործոնը ձեր կարիերայում:

19 տարեկանում եմ կորցրել հորս: Փոքրուց իր հետ եկել եմ թատրոն, նա է եղել իմ առաջին ու վերջին ուսուցիչը: Երբ նա մահացավ իմ ու ընատնիքիս համար աշխարհը շրջվեց: Մնացինք անտեր: Ես իմ մեջ ուժ գտա ու իր տված պաշարով ավարտեցի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հայրս չի եղել, որ իր հնարավորություններով, կապերով ինձ օգնի: Ուղիղ հակառակը կատարվեց: Հորս մահից հետո, այն մարդիկ, որ իրեն վատ էին վերաբերվում, հայացքները շրջեցին դեպի ինձ և սկսեցին հարվածել: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել: Հորս անունը ոչ թե օգնել է, այլ` հակառակը: Անընդհատ պետք էր ապացուցել բոլորին: Բայց ես շնորհակալ եմ այդ դժվարությունների համար, դրանք ինձ ավելի ուժեղ են դարձրել: Կյանքը փորձություններից է կառուցված: Աստված տալիս է քեզ այդ փորձությունները և ասում` դե հաղթահարիր:

Ինձ հետաքրքրում է, արդյոք ճի՞շտ է, որ բացասական դերերը ազդեցություն են ուենում դերասնների վրա: Հենց մեկը` Բուլգակովի "Վարպետը և Մարգարիտան", ասում են մշտապես ուղեկցվել է ողբերգական պատմություններով:

Այո, միստիկ բաներ կան: Բայց դա ոլորտ է, որ մենք շատ բան չգիտենք: Բացասական կերպար կերտելը ասում են ավելի դժվար է, բայց ես համաձայն չեմ:  Բացասական կերպար մարմանվորելու հնարավորությունները ավելի շատ են: Միշտ բացասական կերպարներն ավելի հետաքրքիր են, ավելի գունեղ են գրված` թե գրականության մեջ թե դրամատուրգիայում: Շերտերը շատ են և իրեն ստեղծելը ավելի հեշտ է: Եվ` հակառակը, ավելի զուսպ և անգույն են գրված դրական կերպարները: Նրանց վրա պետք է շատ աշխատես, որ միս ու արյուն տաս: Օրինակ, Շեքսպիրի "Ռոմեո և Ջուլիետ"-ում շատ ավելի դժվար է խաղալ Ռոմեոյի դերը, քան Մերկութիոյի: Իհարկե, Շեքսպիրի բոլոր կերպարներն են  դժվար: Ես բախտ եմ ունեցել խաղալ Ռոմեոի դերը 18 տարեկանում, Նելլի հետ, նա էլ Ջուլիետան էր:

Երևի հենց այդ ժամանակ էլ սիրահարվել եք:

Մենք սիրահարված էինք, դերն էլ նպաստեց: Շեքսպիրյան բուռն կրքեր: 

Դժվար չէ՞ երկար ժամանակ խաղալ մի դեր, այնուհետև հրաժեշտ տալ: Գիտեմ,  որ դերերը տարիքային են:

1999 թվականից 16 տարի է խաղում եմ Աբեղայի դերը: Շուտով այլևս չեմ խաղա, հրաժեշտ կտամ նրան: Այո, տարիքս չի ներում: Դժվար է, իհարկե, ներկայացումները մարդու կյանքի նման են` սկսվում է, ապրում է և ավարտում իր կյանքը: Լևոն Շանթի "Հին աստվածները", իրոք, հանճարեղ գործ է: Ամբողջությամբ պոեզիա է, սիրո պատմություն, սիրո և հավատի` Աստծո հանդեպ: Ես էսպես եմ հասկանում` ինչ քայլ էլ անես, ինչ էլ կառուցես կյանքում, հոգուդ կառույցը հավատի վրա պետք է լինի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:25 Ապրիլ 22, 2015

Ամենաընթերցված նյութեր