ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. Մեր իրականության մեջ շատ բարդ է գեղեցիկ կանանց համար

Ըստ ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած կոնտենտ-վերլուծության` էլեկտրոնային-ժամանացային պարբերականներում առավել բարձր "հիշատակումների վարկանիշ" ունեցող հայտնի դեմքերից է Արփի Գաբրիելյանը, որի հետ երկխոսությունը ներկայացնում ենք ստորև.

Արփինե Գաբրիելյանը սկզբնական շրջանում հանրությանը ներկայացավ որպես երգչուհի: Հայկական շոու բիզնեսի աստղերը ինչպե՞ս ընդունեցեին ձեր մուտքը այս ասպարեզ:

15 տարեկան էի, երբ ընդունվեցի երգի պետական թատրոն: Հայկական շոու բիզնեսում այսօր հայտնի երգիչ-երգչուհիներից շատերը այդտեղ դասավանդում էին: Նաև դա էր պատճառներից մեկը, որ իմ մուտքն այս ասպարեզ շատ սահուն ստացվեց: 

Շոու բիզնեսում շատերը խոսում են իրար մեջ, որ կոնկրետ այս տեսահոլովակը շատ վատն էր, կամ ֆիլմն ու ներկայացումն ունեին թերություններ, բայց դրա մասին շատ քիչ են բարձրաձայն արտահայտվում... Մի տեսակ, եթե չասեմ երեսպաշտություն, ապա հաստատ կեղծավորություն կա: Եվ հաճախ նկատում ես, որ հաջողության առավել շատ հասնում են առավել սանձարձակները:

Կեղծավորություն կա, բայց համաձայն չեմ, որ հաջողության հասնում են սանձարձակները: Հաջողության հասնում է նա, ով ունի դրական էներգիա, մարդկանց կարողանում է կլանել: Երբեմն այնպիսի մարդիկ են հաջողության հասնում, մտածում ես այս մարդը ինչո՞ւ այսպես ընդունվեց, սիրվեց, կարծես այդքան էլ գեղեցիկ չէ, բայց արի ու տես` ներքին մի այնպիսի էներգիա ունի, այնքան արտիստիկ է, այնպիսի շարմ ունի, որ գերում է բոլորին:

Գեղեցիկ մարդկանց ամեն ինչ ավելի հեշտ է տրվում: Բայց, ասում են` ինչ հեշտությամբ ձեռք ես բերում, շատ արագ էլ կորցնում ես:

Այո, սովորաբար, գեղեցիկ մարդկանց համար շատ  ճանապարհներ ավելի հեշտ են բացվում: Բայց մեր երկրում, մեր իրականության մեջ շատ բարդ է գեղեցիկ կանանց համար: Ու եթե դու նաև հաջողակ ես, քեզ անպայման կպիտակավորեն, որ այդ ամենին հասել ես "ուրիշ" ճանապարհով: Գեղեցիկ մարդիկ շատ են տանջվում` մշտապես փորձելով բոլորին ապացուցել, որ իրենք ինչ-որ բանի արժանի են: Նրանց բարոյականությունը միշտ հարցականի տակ են դնում: Եվ հետո, գեղեցիկ լինելը այսօր դժվար չէ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող ես գեղեցիկ դառնալ, եթե, իհարկե, համապատասխան ֆինանսական հնարավորություններ ունես:

Դուք համարվում եք հայկական շուու բիզնեսի գեղեցկուհիներից:  Հետևաբար շատ է քննարկվում  նաև ձեր արտաքինը: Ի՞նչն է բնական ու ինչն է, ինչպես ժողովուրդն է ասում,  "սարքած": Պլաստիկ միջամտության դիմե՞լ եք:

Շատ են այդ մասին խոսում: Մի անգամ, զայրացա և ֆեյսբուքում մանկությանս լուսանկարներից հրապարակեցի: Գրեցի, որ ոչ մի վիրահատության չեմ ենթարկվել, ահա` տեսեք: Շատ լավ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր ունեն թերություն և շտկում են այն: Հետագայում, տարիքի հետ, գուցե, կարիք լինի, և ես էլ դիմեմ որևէ միջամտության: Բայց երբ նման բան չկա ու գրում են, դա հաստատ` նյարադայնացնում է:

Այսինքն` բամբասանքները, ասեկոսեները ձեզ կարո՞ղ են հունից հանել:

Եթե մի փոքր երկար մտածեի, գուցե նկարը չտեղադրեի, տաք գլխով դրեցի, քանի որ շատ էին քննարկում իմ վիրահատությունների հարցը: Իրականում ապացուցելու խնդիր չունեմ: Ես լավ գիտեմ իմ թերություններն ու առավելությունները: Աննորմալ կլինի, երբ մարդ անտարբեր լինի իր հասցեին արված բամբասանքների հանդեպ: Առաջ շատ ավելի զգայուն էի, հիմա` սրտիս  շատ մոտ չեմ ընդունում: Հասկացել եմ մի բան, որ հետևից խոսացողը միշտ էլ խոսելու է: Էսպիսի մի խոսք կա` "ես այնքան վատ բան եմ լսել ձեր մասին, որ ձեր մասին շատ լավ կարծիք ունեմ":

Ձեր բնագավառում խաղի կանոնները, այսպես ասած, նուրբ չեն, եթե չասենք` նույնիսկ դաժան են: Չկոտրվելու համար պետք է ուժեղ լինել, իսկ ուժեղ կանանց,  չգիտես ինչու, ընդունված է "ստերվա" անվանել: Ձեզ երբևէ այդպես բնորոշե՞լ են:

Ավելի լավ է "ստերվա" լինել, քան կեղծավոր կամ իբր բոլորին սիրող ու բոլորի երեսին ժպտացող: Դա նորմալ չէ, չի կարող մարդ բոլորին սիրել, այդպես չի լինում: Իրականում այս մարդիկ շատ ավելի վտանգավոր են, քան նրանք, ում "ստերվա" են անվանում: Իսկ ում են անվանում, նրանց ովքեր ամեն ինչ բարձրաձայնում են, մարդու երեսին ասում են իր սխալը: Ինձ համար "ստերվա" բնորոշման մեջ շատ ավելի բարոյականություն կա:

Շատ հայրեր չեն ողջունում աղջիկների` երգչուհու կամ դերասանուհու կարգավիճակով հանդես գալը: Այս առումով, արդյոք Ձեր մոտ խնդիրներ չե՞ն եղել:

Խոչընդոտ չի եղել, քանի որ և՛ հայրս և՛ մայրս արվեստագետներ են: Մասնագիտության ընտրության հարցում ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Երբ ընդունվեցի երգի պետական թատրոն շատ միամիտ էի և այն ժամանակ շատ լավ չէի պատկերացնում այն բարքերը կամ հարաբերությունները, որոնք կան այս ոլորտում: Բայց հետագայում շատ շուտ հասկացա, որ շոու-բիզնեսը միամիտ մարդու տեղ չի:

Ինչ խոսք միամիտներն ու համեստ խառնվածքով մարդիկ, մնում են ստվերում: Բայց, այդուհանդերձ, Ձեր կարծիքով հնարավո՞ր է լինել միամիտ և համեստ ու հաջողության հասնել:

Առաջընթացը կարող է շատ դանդաղ լինել, ինչպես ինձ մոտ եղավ: Ես 15 տարեկանից այս ասպարեզում եմ: Անշուշտ, հաջողության կարող ես հասնել, եթե շատ ես աշխատում քո վրա, շատ մարդկանց հետ ես շփվում, և այդ դեպքում միամտությունը արդեն վերափոխվում է, իսկ համեստությունը հաճախ պահպանվում է:

Շոու բիզնեսի մասին շատ անգամ ամեն ինչ չափազանցեցված է: Պարզապես հանրային մարդիկ ավելի շատ են քննարկվում, նրանց նկատմամբ հետաքրությունը անչափ մեծ է:

Ի՞նչն էր պատճառը, որ  թողեցիք երգարվեստը և սկսեցիք նկարահանվել ֆիլմերում: Դերասանուհու գործը ավելի՞ եկամտաբեր է, թե՞ այսկերպ ավելի հեշտ է ճանաչում ձեռք բերել:

Ես չեմ թողել երգարվեստը ու անցել դերասանական արվեստին: Շատ պատահական եղավ իմ մուտքը հեռուստատեսություն: Առաջարկը եղավ Վարդան Զադոյանի կողմից: Ես կյանքում չեմ պատկերացրել, որ հեռուստատեսության մարդ կարող եմ դառնալ: Երգարվեստին ես դեռ կվերադառնամ: Ինչ վերաբերում է նրան, որ հեռուստատեսությունը ավելի եկամտաբեր է, պետք է նշել, որ դա թյուր  պատկերացում է: Երգարվեստում հիմնականում աշխատում ես մինուսով, եթե երգում ես ոչ կոմերցիոն երգեր, այսինքն` եթե չես երգում արաբաթուրքական կամ 6/8 ժանրում, ուրեմն այդքան էլ պահանջված չես կարող լինել: Իսկ հեռուսատեսության ասպարեզում չկան մեծ եկամտուտներ, համենայինդեպս այնքան չեն, ինչի մասին խոսում են: Մի բան է մարդկանց պահում, որ նրանք սիրում են իրենց աշխատանքը: Մտածում են` ավելի լավ է քիչ գումարով անեն այն, ինչ իրենց դուր է գալիս, քան անեն գործը, որը իրենց հաճելի չի ու ստանան մի քիչ ավելի գումար: Ավելի լավ է գոնե հաճույք ստանաս քո արածից:

"Սուպեր մամա" ֆիլմում մարմնավորում էիք թեթևամիտ քարտուղարուհու կերպար, "Սքոթչ և վիսկի"-ում` սիրուհու կերպարում էիք հանդես գալիս: Մտավախություն չկա՞, որ հանրությունը ձեզ այդ կերպարներով կընդունի:

Ոչ: Ես սիրում եմ հաղթահարել դժվարությունները: Բացասական կերպար կերտելը ավելի բարդ է: Ու ինձ հետաքրքիր է, ամեն անգամ ինձ հարց եմ տալիս` կկարողանա՞մ "ստանալ" այս կերպարը, հիմարիկի դեմքի արտահայտություն ընդունելը շատ դժվար է:

Ձեզ առավել մեծ ճանաչում բերեց "Ֆուլ հաուս" սիթքոմը: Դարձյալ կատակերգության ժանրում ու նորից բացասական կերպար` Մոսկվայից ժամանած երես առած, հարուստ աղջիկ: Լիկան ձեզ դուր գալի՞ս է:

Լիկան բացասական կերպար չէ. նպատակասլաց է, շատ հաստատուն, կայացած, ինքնավստահ: Շատ բաներ ես կցանականայի նրանից քաղել: Պատահական չէ, որ շատ աղջիկներ սիրում են Լիկային: "Ֆուլ հաուսում", առհասարակ, բացասական կերպար չկա:

Լիկան նպատակին հասնելու համար պատրաստ է դիմել ցանկացած քայլի, իսկ դու՞ք:

Նպատակը կարևոր է, բայց ոչ ամեն գնով: Ես հանրային մարդ եմ, մշտապես քննարկվում են իմ քայլերը: Բայց, հավատացեք, ես չեմ սիրում դա: Իրականում ես փակ մարդ եմ: Սոցիալական ցանցերում էլ` շատ ակտիվ չեմ: Ես պարզապես սիրում եմ իմ աշխատանքը: Էսպես եմ մտածում` Աստված ինձ մի փոքր շնորհք է տվել, պետք է օգտագործել: 

Չենք կարող չանդրադառնալ վերջին օրերի հրատապ թեմային` ինչպե՞ս եք վերաբերվում Քիմ Քարդաշյանին:

Կարևոր չէ, թե դու ինչպես ես հասել հաջողության, կարևորը, որ դու ազդեցիկ ես: Իսկ ազդեցիկ մարդկանց հանրությունը սիրում է: Ես աղջիկ եմ ու երբեք ինձ թույլ չեմ տալիս աղջկա հասցեին վատ արտահայտվել: Եվ հետո, ես բարոյական իրավունք էլ չունեմ նրան քննադատելու համար: Իր խնդիրն է, թե ինչպես է ինքը ճանաչման հասել: Միացյալ Նահանգներում նման հաջողության հասնելը հեշտ չէ: Ի վերջո, նա այսօր համարվում է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը: Այս դեպքում մենք պետք է կարողանանք ճիշտ ընկալել իրեն: Քիմ Քարդաշյանն այսօր լավ գործ է անում Հայաստանի համար, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Այսքանով ես իրեն կարող եմ ընդունել: Եվ շնորհակալ եմ նրան և նրա ընտանիքին այսչափ մեծ և կարևոր գործ անելու համար:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:02 Ապրիլ 15, 2015

Ամենաընթերցված նյութեր