Շատ մեծ հարց է` բնակիչը շահո՞ւմ է համայնքների խոշորացումից

Կառավարության համայնքների խոշորացման ծրագիրը միանշանակ չի ընդուվում: Ըստ մասնագետների, այդ ծրագրում կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր: Հենց դրանց շուրջ է ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ:

Կառավարության որոշմամբ, մայիսի 17-ին հայաստանյան 22 համայնքներում տեղի ունենալիք հանրաքվեներով կորոշվի, թե արդյոք այդ գյուղերի ու քաղաքների բնակիչները համաձա՞յն են իրենց համայնքների խոշորացմանը: Ի՞նչ ասել է համայքների խոշորացում և արդյոք բնակչությունը բավականաչափ տեղեկացվա՞ծ է դրա նպատակների ու հետևանանքերի մասին: 

Որպես երկրի վարչատարածքային ամբողջական փոփոխության գործիք կիրառելի չէ: Բոլոր դեպքերում, իրենք զրկվում են անմիջական ինքնակառավարման իրավունքից: Էստեղ հստակ չէ բուն հայեցակարգը (կոնցեպցիան): Ինչ է, իրականում առաջարկվում: Կառավարությունն, ընդամենը, ասում է` դուք ունեք բյուջե, միավորվեք` գումարները տնտեսելու համար: Բայց սա շատ փոքր հիմնավորում է, որովհետև միավորվելու դեպքում կառավարությունը նոր լիազորություններ կամ նոր ֆինանսական միջոցներ չի առաջարկում այս համայնքներին: Այս պիլոտային խոշորացման հիմքում դրված նպատակները տեխնիկական են: Այսինքն` խոշորացումը ներկայացվում է որպես աշխատակազմի և ֆինանսական օպտիմալացման գործիք: Առանց խոշորացման էլ դա շատ հանգիստ կարող էր արվել: Օրինակ, Ֆրանսիայում գյուղական համայնքներում հաշվապահը երեք օր աշխատում է մի համայքում, երկու օր` մյուս: Ռումինիայում մինչև հազար բնակչություն ունեցող համայքների պարագայում օրենքով սահմանվում է, որ որոշակի շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքները ձևավորում են միասնական ադմինիստրացիա: Մեզ մոտ շատ հանգիստ կարող ենք դա անել, մանավանդ, մենք ունենք համայնքային ծառայության համակարգ, փոքր համայքները կարող են միասնական ադմինիստրացիայով գործել: Հայաստանի տեղական ինքնակառավարման թիվ մեկ խնդիրը ապակենտրոնացումն է: Ֆունդամենտալ հարցը հետևյալն է` մեր բնակիչները ապրում են կոնկրետ համայքներում և վճարում են հարկեր, որոնք գնում են երկու բյուջեներ` պետական և համայնքային: Այդ հարկերից առաջացող գումարների 90 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը: Միայն 10 տոկոսն է մնում տեղերում: Այնքան չնչին գումար է մնում, որ դրանով համայքները միայն "յոլա" գնալու քաղաքականություն կարող են վարել: Թիվ մեկ խնդիրը հետագա ապակենտրանացումն է, այսինքն կառավարությունը համայքներին լիազորություններ ու ֆինանսներ պետք է փոխանցի:

Ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու համայնքների խոշորացումը: Օրինակ, Թումանյան քաղաքին միացվում է նրանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աթան գյուղը, բայց այս համայնքին ավելի մոտ գտնվող Այգեհովիտն ու Քոբերը չեն միացվում: 

Տվյալ պարագայում, երբ 20 և ավելի կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայքներին միավորելու առաջարկ է ներկայացվում, տրամաբանական չէ: Երբ տնտեսական միասնական "արիալ" չեն ներկայացնում, ենթակառուցվածքով ընդհանրություն չունեն կամ նախկին շրջանը չեն: Այդ հեռավորությունը նաև դժվարացնում է կապը տեղական իշխանության հետ, որովհետև հին ժամանակներից տեղական իշխանությունը որակվել է որպես բնակչին հասանելի իշխանություն: Մարդը ամենածայրում գտնվող իր բնակավայրից ոտքով, գոնե 40 րոպեի ընթացքում պետք է կարողանա կենտրոն հասնել: Իսկ երբ դա մեծ հեռավորություն է, սա արդեն նմանվում է ռեգիոնալ` քան տեղական ինքնակառավարման:

Հաշվի առնելով արտագաղթի տեմպերը, հատկապես գյուղական համայնքներում ձևավորվող ժողովրդագրական անհամաչափությունը, արդյոք նպատակահարմա՞ր է այս պայմաններում նման ծրագրի իրականացումը:

Իմ կարծիքով երկար ժամանակ և կառավարությունը և միջազգային կազմակերպությունները զբաղվել են այս խնդրով: Արդյունք ցույց տալու խնդիր չի եղել, իներցիոն գործընթացով եկավ հասավ այս տարբերակին: Բոլոր դեպքերում, վերջին խոսքը, ընտրությունը, բնակչությանն է: 

Որտեղ հանրաքվե, այնտեղ կեղծելու փորձեր: Այս դեպքում, ըստ ձեզ, իրադարձությունները ինչ սցենարով կզարգանան:

Հատկապես փոքր համայնքում կեղծել երբեք չի լինում, բնակչությանը համոզելն է առաջնային դառնում: Շատերը կողմնորոշվում են տեղական իշխանությունների, մտավորականների միջոցով: Խնդիրը նրանում է, թե տեղական էլիտաները ինչ դիրքորոշում կունենան: Իմ կարծիքով, որոշակի կաշկանդվածություն այս հարցում, այնուամենայնիվ, կա: Արդեն կա որոշակի ընկալում, որ անկախ նրանից հանրաքվեն ինչ արդյունք կտա, միևնույն է կառավարությունը ծրագիրն իրականացնելու է: Ու այս մտայնութան մեջ շատ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ իրենց կաշկանդված են զգում: Խոստումներ են տրվում, որ հետագայում նոր ֆորմատի մեջ ծրագրեր կիրականացվեն և այլն, բայց դրանք հիմնական փաստարկները չեն, որոնք պետք է բնակչությանը մատուցել կամ բացատրել:

Կառավարության որոշման նախագծին կից փաթեթում նշվում է, որ սա պիլոտային ծրագիր է և հետագայում` այլ համայնքներում ևս խոշորացման գործընթաց է սկսվելու: Արդյոք վտանգ չկա՞, որ բազմաթիվ գյուղեր, պարզապես քանդվեն, իսկ որոշ ժամանակ անց դրանց գոյության մասին անգամ չհիշատակեն:

Իմ կարծիքով էստեղ քաղաքականության նպատակների ոչ ճիշտ ընտրության խնդիր կա: Այսինքն` պետության քաղաքականությունը բնակավայրերի առումով պետք է հստակ լինի: Ի տարբերություն այլ երկրների, մենք խոշոր բնակավայրեր քիչ ունենք: Այս դեպքում, ճիշտ կլիներ որպեսզի խոշորացման միջոցով ինչ-որ ագլոմերացիաներ կամ խոշոր կայուն համայնքերի ամբողջություններ ձևավորվեին: Բայց փոքր համայնքների պարագայում պետությունը պետք է խնամակալական վերաբերմունք ունենա. այդ բնակավայրերը պահպանման կարիք ունեն: Երբ բնակավայրը կորցնում է ինքնությունը, հետաքրքրությունը նվազում է տեղի երիտասարդության կամ այլ խմբերի համար, նրանք այլևս չեն ցանկանում այդտեղ ապրել: Օրինակ, սովետական տարիներին էլ նման քայլեր արվել են, ու շատ բնակավայրեր վերացել են: Ենթադրենք, փոքր համայնք է, այնտեղ կա փոքր դպրոց, տեղական ադմինիստրացիա, քիչ թվով բարձրագույն կրթություն ստացած մարդիկ, եթե այստեղ աշխատատեղերը վերանում են կամ համայնքը ինքնուրույնությունը կորցնում է, այդ մոտիվացիան, որ ինքը այսինչ համայքի ներակայցուցիչ է, սկսում է մարել: Եվ այս մարդիկ ժամանակի ընթացքում, բնականաբար, կմտածեն բնակավայրը լքելու մասին: 

Արդեն այսօր խոսակցություններ կան, որ այն համայնքներում, որոնց ղեկավարները "ուժեղ" են կամ "հզոր" թիկունք ունեն, ըստ ամենայնի, չեն միանա այլ համայնքների, ավելին` գուցե նրանց միանան այլ համայնքներ: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:

Քաղաքական իշխանությունը պետք է մտածի, որ դժգոհություն չառաջացնի: Այո, երբ խոշոր համայնքի ներակայացուցիչը ընտրվի, մնացածը կհայտնվեն երկրորդ պլանում: Կոնֆլիկտ այս երկուսի միջև, բնականաբար, կառաջանա: Արդեն համապետական ընտրություններում պատկերացնու՞մ եք, թե ինչ վերաբերմունք են ունենալու նրանք, ովքեր դժգոհ են: Որևէ քաղաքական ուժի համար, որը մեծամասնություն է, սա շահեկան չէ: Առաջնային խնդիրը հիմա համայնքերում հանրաքվեի շրջանակներում ազատ քննարկումներ ու քվեարկություններ ապահովելն է:

Արդյոք այս ծրագրի սոցիալական էֆֆեկտը այնքան բա՞րձր է, որ կարելի է անտեսել որոշ առանցքային "բարոյական" խնդիրներ: Վերջինի տակ պետք է նկատի ունենալ բազմաթիվ գյուղերի` համայնքի կարգավիճակից զրկելը և ինչ-որ իմաստով "երկրորդական" նշանակություն տալը:

Տեղական ժողովրդավարությունը մի նժարին դնել, մի քանի միլիոն դրամը մյուս կողմին, սխալ մոտեցում է: Ենթադրենք փոքր համայնքը 4-5 միլիոն դրամ ունի: Երբ խոշորացվեն, լինելու է արդեն ընդհանուր բյուջե և հայտնի չէ, թե այդ գումարի որ մասը կգնա տվյալ համայնք: Ներկայում այդ գումարը գոնե մնում է գյուղում: Պատկերացնենք` խոշորացվեցին համայքները, հինգ համայքներ միացվեցին, ընտրվում է համայնքի ղեկավար` պարզ է, որ ընտրվելու է խոշոր համայնքի թեկնածուն: Սա, ինքնին առաջացնելու է նաև միջբնակավայրային հակասություններ: 

Այս ծրագրի իրականացումը որոշ ընդհանրություններ ունի "Մենավոր ընկուզենի" ֆիլմի հիմնական սյուժետային գծի հետ: Եթե հիշում եք, այնտեղ էլ փոքրիկ գյուղի բնակիչները պայքարում էին իրենց բնակավայրի համար, որը Խորհրդային իշխանությունները ցանկանում էին "վերացնել": Չե՞ք կարծում, որ այս ծրագրի իրականացման փուլում էլ կլինեն նման դրսևորումներ:

Կարճ ժամկետում քայքայում չի կարող լինել: Բայց գործընթացը դրան, միանշանակ, կնպաստի: Վեճեր ակնհայտ կլինեն, նույն բյուջեի, ընտրական գործընթացների հետ կապված: Ենթադրենք հեղինակների կողմից հաշվարկվում է, որ կլինի 15 միլիոն տնտեսում ու երբ ընտրվում է համայնքի ղեկավար, ո՞վ է երաշխիք տալիս որ այդ գումարները այդ նույն համայնքերում են իրացվելու կամ ինչ-որ ձևով բնակչության կարինքներին են հացեագրվելու: Միևնույն է, այդ փողերը չեն բավարարում ոչ հիմա, ոչ հետո: Օրինակ, Թումանյան քաղաքում 100 մետր ճանապարհ ավել ասֆալտապատեն, մյուս համայնքների ներակայացուցիչները դա տեսնեն, դժգոհելու են, ասելու են` ինչու՞ մեզ մոտ դա չի արվում: Հակասությունները հենց էստեղից էլ սկսվելու են: 

Ձեր կազմակերպությունը` Հայաստանի համայնքների միությունը, ինչպե՞ս է գնահատում այս ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Մենք Միությունով ընդհանուր դիրքորոշում դեռևս չենք ձևավորել, բայց ներքին քննարկումներն շատ ակտիվ ընթանում են: Մենք ստանում ենք շատ համայքների վերաբերմունքը հարցաթերթիկով` համայնքի ղեկավարի, ավագանու, բնակչության, ինչ դրական, բացասական կողմեր են տեսնում: Նշեմ, որ 85%-ից ավելին ակնհայտորեն դեմ են այս ծրագրին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:27 Ապրիլ 03, 2015

Ամենաընթերցված նյութեր