Երկու հիմնախնդիր եմ տեսնում ԵԱՏՄ-ում

ԲԱՐՈՄԵՏՐԸ մշտապես իր դիտակետում է պահում վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումները և դրանց անդրադարձը` մեր երկրի վրա: Այս առումով բավականին հետաքրքիր է ստացվել ԲԱՐՈՄԵՏՐԻ բլից-երկխոսությունը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

Հաշվի առնելով վերջին աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումները, ինչպիսի՞ կանխատեսումներ կարող եք ներկայացնել ՌԴ, ՀՀ և ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի տեմպերի և ընդհանրապես մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ: 

Անցյալ տարվա վերջին կարծես թե կանխատեսում էինք, որ ԵԱՏՄ մտնելով Հայաստանը, գոնե, տնտեսապես առանձնապես չի շահի։

Ոգևորվելու առիթ չեմ տեսնում։ Կարճաժամկետ շրջանում կանխատեսումներս ճիշտ էին։ Սխալվեցին նրանք, ովքեր սարեր էին խոստանում։ Երկու հիմնախնդիր եմ տեսնում ԵԱՏՄ-ում։ Առաջին` ԵԱՏՄ 4 անդամ երկրներն իրար հետ առևտուր անելու մեծ պոտենցիալ չունեն։ Եթե հաշվի չառնենք Հայաստանին և մի փոքր էլ Բելառուսին, ապա և Ռուսաստանը, և Ղազախստանը հաց ու էներգակիր արտահանող երկրներ են։ Նրանք բնական առևտրական գործընկերներ չեն և չեն կարող լինել։ Այդ իսկ պատճառով, երկրորդ` այդ երկրների միջև կարող է աշխատել ինտեգրացիան։ Իսկ սրա համար ժամանակ է պետք։ Այսօրվա վիճակով ունենք (2014) Հայաստան՝ չնչին աճ (3.4%), ՌԴ՝ 0.6%, Բելառուս՝ 1.6% և Ղազախստան՝ 4.3%։ 2015թ. անհաջող է սկսվել բոլոր երկրներում։ Տեմպերն անկում են ապրել՝ բացառությամբ, թերևս, Բելառուսի։ Առկա է փոխադարձ արտաքին առևտրի ծավալների հսկայական անկում։

 ԵՄ երկրներում նկատվող դեֆլյացիոն միտումները, ինչպես նաև Հունաստանի տնտեսական իրավիճակն ու Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վարվող քանակական մեղմման (1.1 տրիլիոն եվրո տպելու) քաղաքականությունը (բողոքի ակցիաները Եվրոպական կենտրոնական բանկի դեմ) ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա, ի՞նչ է լինելու եվրոյի կուրսի հետ:

Եվրոյի կուրսն անկում կապրի։ Երևի կհավասարվի կամ էլ նույնիսկ էլ ավելի կնվազի դոլարի նկատմամբ։ Այդպես կլինի մինչև մայիս-հունիս ամիսները։ Թե Ինչ կլինի հետո` կապված է ԵԿԲ որոշումներից։ Եվրոպական տնտեսության վերելքը չի երևում։ Սակայն ապրիլից սկսած ինչ-որ աշխուժացում կլինի։

Եվ տրամաբանական հաջորդ հարցը` Եվրոպարտատոմսերի թողարկումը ՀՀ-ի կողմից արդյո՞ք նպատակահարմար է հենց այս պահին, երբ եվրոն արժեզրկվում է: Այդուամենայնիվ, ի՞նչ ծավալով ժամանակահատվածի համար և տոկոսադրույքներով են դրանք նախատեսում թողարկել:

Ես իշխանություն չեմ և մանրամասն տեղեկատվություն չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ ըստ մամուլի` 7.5%-ով են տեղաբաշխել։ Ավելի թանկ, քան Վրաստանը, բայց ավելի էժան, քան Ուկրաինան։ Չեմ կարող ասել, թե ինչի՞ վրա են ծախսելու։ Եթե գնալու է ԿԲ պահուստների ավելացմանը, դրան միանշանակ դեմ եմ։ Այս կերպ կարդարացնենք ԿԲ-ի պարազիտիզմը։ Եթե գնալու են ներդրումներին, ապա ինչու՞ ոչ։

Կհանգեցնի՞ արդյոք շահութահարկի մասով տրված 2%-անոց (50 մլրդ դրամ և ավելի) և 5%-անոց (40 մլրդ դրամ և ավելի) արտոնությունը, որը տրվել է արտահանողներին արտահանման ծավալների աճն ապահովելու նպատակով. Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա չի տանի արտահանողների շրջանում մոնոպոլացման մակարդակի մեծացմանը և արտարժույթի կենտրոնացմանը, գուցե նաև` բյուջեի շահութահարկի մասով մուտքերի նվազմանը:

Այդ նախաձեռնությանը դեմ եմ եղել։ Ինձ համար պարզ չէ, թե դա ինչի կարող է բերել։

Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք դոլարային և դրամային վարկերի վերադարձելիության վերաբերյալ, հատկապես` դոլարի արժևորման պարագայում: 

Դոլարը բոլոր դեպքերում արժևորվելու է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով։ Կանխետեսումներս բացասական են. դոլարային վարկերի վերադարձելիության խնդիրը գնալով խորանալու է։

 

Նախորդ հարցի տրամաբանական շարունակությունը. բանկերը գրեթե սառեցրել են դրամով տրվող վարկերը և ավելացրել են դոլարային վարկերը, որոնց տեսակարար կշիռն աննախադեպ աճ է արձանագրում վարկային պորտֆելում: Ինչի՞ դա կհանգեցնի ՀՀ բանկային համակարգում և տնտեսության մեջ, և կա՞ն արդյոք մեր բանկային համակարգում զարգացող ճգնաժամային երևույթներ:

Մեր բանկային համակարգը ճգնաժամի մեջ է։ ԿԲ-ն, որի գործառույթը դրամի շրջանառության ապահովումն է, ներկայումս պայքարում է դրամի դեմ։ ԿԲ-ն ավելի շատ կանոնակարգում է դոլարի շրջանառությունը Հայաստանում։ Իսկ դա նրա սահմանադրական պարտականությունների մեջ չի մտնում։

Մեր հարևան երկրներում վրացական լարին, ադրբեջանական մանաթը, թուրքական լիրան և, ընդհանրապես, ԱՊՀ երկրների արժույթներն արժեզրկվում են, իսկ ՀՀ դրամը պահպանում է հարաբերական կայունությունը. այս ամենի համատեքստում ՀՀ ԿԲ-ն չի հրապարակում իր միջազգային արժութային պահուստները, արդյո՞ք դրանք նվազում են և կա՞ արդյոք ՀՀ ԿԲ-ի ինտերվենցիաների գործոնը, որն էլ ստիպում է կայուն պահել ՀՀ դրամը:

Բացարձակ սխալ եք։ Դրամը վերջին մի քանի ամիսներին արժեզրկվել է 17%-ով։ Բայց ՀՀ արտաքին առևտրի բացասական սալդոն մնում է խիստ բացասական։ Արտաքին պահուստները 1.7 մլրդ դոլարից իջել են 1.2-ի։ Լարին արժեզրկվել է 25%-ով, արտաքին պահուստները կայուն են՝ 3 մլրդ դոլար։

Վճարման հաշվեկշռի բացասական մնացորդը շեշտակիորեն կրճատվել է։ Ռուբլին արժեզրկվել է 67%-ով։ Արտաքին հաշվեկշիռը դրական է, իսկ պահուստները կրճատվել են 450 մլրդ դոլարից մինչև 351-ի։ Մանաթը խնդիր չունի. և հաշվեկշիռն է դրական և պահուստները` մեծ։ Մանաթի արժեզրկումը Ադրբեջանում իշխանությունների ձեռքի գործն է։ Այսպիսով, միակ երկիրը, ուր արժույթի արժեզրկումը ոչ մի խնդիր չի լուծել Հայաստանն է։ Այդ իսկ պատճառով դրամի փոխարժեքն այստեղ կգտնվի շարունակական և ավելի երկար ճգնաժամի մեջ։

Եվ վերջին հարցը. որքա՞ն կտևեն ՌԴ-ի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, արդո՞ք արդեն ԵՄ-ն չի զգում վերջինիս բումերանգի էֆեկտն իր տնտեսության վրա, հատկապես "Հարավային հոսքի" դադարեցման և Թուրքիայի աշխարհաքաղաքական և տնտեսական դերի մեծացման համատեքստում:

Պատժամիջոցների տևողության մասով ոչինչ ասել չեմ կարող։ Համաձայն եմ, որ Թուրքիան վարպետորեն է օգտագործում ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և շեշտակիորեն մեծացնում է իր աշխարհաքաղաքական և տնտեսական դերը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Մարտ 26, 2015

Ամենաընթերցված նյութեր