Պուտինին ուղղված իմ նամակից հետո Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվեց

Անի Զախարյանը համեմատաբար նոր մարդ է մեր կին քաղաքական գործիչների "ցեխում", բայց արդեն իր էքսցենտրիկ պահվածքով հասցրել է գրավել շատերի ուշադրությունը… Անին ԲԱՐՈՄԵՏՐԻՆ հետաքրքրեց "կին քաղաքական գործիչների իմիջի առանցքային բաղադրիչների վերլուծություն" հետազոտության շրջանակներում:

Քաղաքականությունը նման է թատրոնի` թե՛ այստեղ, թե՛ այնտեղ առկա է լսարանը գրավելու ձգտումը: Հաշվի առնելով, որ կանայք ավելի լավ դերասանական հակումներ ունեն, չեք կարծու՞մ, որ նրանց համար ավելի հեշտ կլինի լսարան գրավել: Ձեր փորձից կանկեղծանա՞ք:

- Միանշանակ այդ գործոնը կա, չէ՞ որ քաղաքականության մեջ նույնպես մենք գործ ունենք լուրջ հանդիսատեսի հետ, որը ժողովուրդն է:  Քաղաքական գործիչը պետք է կարողանա իր մարդկային տեսակով լինել հետաքրքիր, գրավիչ, իր  խոսքի մշակույթով կարողանա համախմբել լուրջ հասարակական զանգվածներ և անընդհատ լինի անկանխատեսելի ինչպես բեմում` չգիտես որ պահին ինչ կարող է կատարվել: Ե՛վ արտաքին տվյալները և՛ կանացի հմայքը, իհարկե, կարևոր են, բայց դրանք ուղղակի օգնող գործոններ են, իսկ բուն նպատակը և այն քաղաքական նկրտումներոը, որով քաղաքական գործիչը մտնում է քաղաքականություն, պետք է վեր լինեն ամեն ինչից և ծառայեն ազգային շահին:  Թե՛ կին, թե՛ տղամարդ քաղաքական գործիչները պետք է կարողանան ճիշտ գնահատել քաղաքական իրավիճակը և իրենց քաղաքական հաշվարկներն ավելի շատ կառուցեն ելնելով ժողովրդի սպասումներից:

Մարդիկ կան, որոնք ունեն բոլորին հակառակ ընթանալու բնածին հակում: Դուք,  անշուշտ,  տարբերվում եք շատ  կին քաղաքական գործիչներից: Արդյո՞ք ձեր սիրտն ու բանականությունը հաշտ են միմյանց հետ քաղաքականության դաշտում:

- Ես ստեղծում եմ իմ քաղաքականությունը: Այսօր այդ ընդդիմադիր և իշխանական քաղաքական ձևաչափերը  ինձ բացարձակ չեն վախեցնում, որովհետև, եթե ես լուրջ քաղաքական գործիչ եմ, ապա չեմ գալիս հաշտվելու այն քաղաքական իրավիճակների հետ, որոնք առկա են: Առավել ևս՝ այս տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, որ թե՛  իշխանական քաղաքական ուժերը, թե՛ ընդդիմադիրները վարել են սիրողական քաղաքականություն և դրա ապացույցն այն իրավիճակն է, որ ունենք: Եթե իրենք իսկապես լուրջ քաղաքականություն իրականացնեին,  մենք կունենայինք հնարավորինս քիչ խնդիրներ, ազգային շահերին վերաբերող քիչ ռիսկեր, բարձր քաղաքական կշիռ և  ընտրություն կատարելու իրավունք:

Դուք  նամակ էիք գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը բուռն արձագանք ստացավ: Պատահական չէ, որ շատերը ձեզ համարում են էքսցենտրիկ: Դուք ձեզ այդպիսին համարու՞մ եք:

- Ես չեմ սիրում շաբլոն մարդկանց: Մարդու մեջ պետք է յուրահատուկ բան գտնես, որ ցանկանաս շփվել, ավելին իմանալ նրա մասին: Միօրինակության կոլապսի մեջ ենք մենք հայտնվել, բոլորը ձգտում են նմանվել իրար, ցանկացած առանձնահատուկ քայլ կամ խոսք անհասկանալի հայացքի է արժանանում: Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանի նախագահին նամակ է գրում ` ասում են այս ի՞նչ արեց:  Իսկ ո՞վ ասաց, որ  Հայաստանում  չեն կարող զարգանալ, ամրապնդվել այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց կարծիքը և քաղաքական կշիռը այնքան բարձր լինի, որ միջազգային հանրությունը հաշվի նստի նրանց հետ: Նամակից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունք փոխվեց և Գյումրիում այդ ըմբոստության հզոր ալիքը,  որ բարձրացավ, Ռուսաստանին ինչ-որ տեղ հարկադրեց հաշվի նստել մեր հասարակության պահանջների հետ:  Ես հպարտ եմ որպես գյումրեցի, որ իմ քաղաքը կրկին ասաց իր խոսքը, դա մեր տեսակն է: Մենք կարողացանք հասարակական ընդվզման և իմ նամակի միջոցով էլ հասկացնել, որ մենք ունենք մեր շահերը:

Այդ սարսափելի դեպքի հետ կապված երևի կունենաք ձեր վարկածը:

- Իմ կարծիքով թուրքական ձեռագիր էր կամ մեկ այլ ուժերի կողմից թուրքական ձեռագրի միտում ստեղծելու տենդենց էր` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Եվ, իհարկե, այս ամենը նպատակ ուներ սեպ խրելու հայ ռուսական հարաբերությունների մեջ: Այդ սպանդը, իր սահմռկեցուցիչ դրսևրումներով հիշեցնում  է 1915 թվականը: Ես կարծում եմ, որ հանցագործը միայնակ չի գործել, նա գործել է համախմբված, իրեն օգնողներ են եղել, հատուկ թողնել զենքը, իրերը, անտրամաբանական է…սա լուրջ քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ էր: 

Նկատում ենք, որ կին քաղաքական գործիչները գործնականում չեն հետաքրքրվում կանանց խնդիրներով: Իրենց չեն զգում կին ընտրողների ներկայացուցիչներ,  նրանք պատրաստ չեն ներկայացնել ու պաշտպանել վերջիններիս շահերը: Թեև Հայաստանում  նկատելիորեն կանանց ընտրազանգվածը ավելի մեծ է, կանայք կանանց չեն ընտրում, առհասարակ, կանայք կանանց չեն սիրում: Ասում են` լավագույն կին ղեկավարը նա է, ով աշխատանքում կարողանում է լավ հարաբերություններ հաստատել ոչ միայն տղամարդկանց այլև կանանց հետ:  Ձեզ հաջողովու՞մ  է "լեզու գտնել" կանանց հետ:

- Մինչև քաղաքական լուրջ քայլերի գնալը ինձ մոտ էլ այդ մտավախությունը կար, որվհետև ես էլ կանացի տեսակով բավականին հետաքրքիր եմ, միշտ ուշադրության կենտրոնում եմ եղել և կանայք խանդի դրսևորումներ ունեցել են: Բայց արդեն իմ քաղաքական գործունեության ընթացքում այնքան շատ կանայք են ինձ մոտենում, շնորհակալություն հայտնում, որ վերը նշված հարցադրումը, գուցե իմ առումով տեղին չէ: Ի սկզբանե, իմ գործունեությունը միտված է կանանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև ինչքան էլ մենք պնդենք, որ կան իրավահավասարության տենդենցներ, միևնույն է մեր հասարակության մեջ կանանց նկատմամբ բռնությունը բավականին լուրջ խնդիր է մնում: Կնոջ դերը ես ուզում եմ բարձրացնել և իրական իրավահավասարության հարթության վրա ներկայացնել մեր հասարակությանը: Ուստի այս առումով, իմ համակիրները շատ ավելի կանայք են, քան տղամարդիկ:

"Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը՝ կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու": Ձեր այս խոսքերը որոշ ժամանակ քննակման լուրջ առարկա դարձան:  Համակիրները շատացա՞ն, թե՞ հակառակը:  Հասարակական կարծիքը ձեզ հուզու՞մ է, չե՞ք վախենում քննադատվելուց:

 - Շատ մարդիկ կան փորձում են հասկանալ`  ինչու՞ ես հենց դրանից սկսեցի,  մի՞թե դա այդքան կարևոր էր: Ես էլ բացատրում եմ, որպեսզի մարդը ունենա առողջ գիտակցություն, մենք պետք է ավելի խորքը գնանք, նրա ֆիզիոլոգիան հասկանանք: Բազմիցս նշել եմ, որ կենսաբանական գիտությունների թեկնածու եմ, դիմորդներ ունեմ, որոնց հետ մասնավոր կենսաբանություն եմ պարապում և բավականին լավ ուսումնասիրել եմ մարդկային վարքագիծը, հոգեբանությունը: Իսկ քաղաքականությունը հիմնված է հենց հոգեբանության վրա, որը թելադրվում է մեր օրգանական պրոցեսներով: Եվ այս հանգամանքը հաշվի առնելը, նույնպես,  կարևոր է:  Բայց անհեթեթ է, որ քաղաքական գործչի քաղաքական նպատակները կապված լինեն միայն դրա հետ, անլուրջ մարդիկ կարող էին դրա վրա ֆիքսվել: Ավելի շատ լրատվամիջոցները դրան այդքան շատ արձագանք տվեցին, տիրաժավորեցին, որովհետև սովորական մարդկանցից որևէ անգամ այդ խոսքերիս համար վատ խոսք չեմ լսել: Լրատվամիջոցները սկանդալային բան էին փնտրում, որսացին, և Անի Զախարյանի համարձակ միտքը այդ պահին շահարկվեց: Անշուշտ, հասարակական կարծիքը կարևորում եմ, բայց չեմ վախենում քննդատվելուց:

Դեռևս պահպանվում են հասարակության զարգացման ժամանակակից պահանջներին անհարիր և հայրիշխանական հարաբերությունների պահպանմանը նպաստող աշխատանքի մեթոդները: Նկատվում է էսպիսի օրինաչափություն` որքան ավելի ցածր է պաշտոնը, աշխատավարձը տարբեր հիմնարկներում, այնքան մեծ է կանանց թիվը, կանանց թիվը սկսում է նվազել, երբ պաշտոնը բարձրանում է: Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ:

- Կանանց և տղամարդկանց հավասարությունը` քաղաքակիրթ հասարակություն ունենալու գլխավոր ցուցանիշն է: Ցավոք,  այս տարիների ընթացքում մեր մտածելակերպի մեջ ամրացրել են այն կարծրատիպերը, որ հայ կինը պետք է լինի տանը, երեխաներին պահի: Այո,  կնոջ գլխավոր առաքելությունը մայրանալն է, իր ընտանիքի սյունը լինելը, լավ երեխաներ դաստիարակելը: Բայց եթե կինը ունի ինտելեկտուալ հնարավորություններ և դրանք հասարկություն չի մղում, դա արդեն իր թերացումն է: Անձնական կյանքում էլ, եթե կինը խելացի է, նա այնպիսի ընտրություն կկատարի, որ երբեք իր կողքի տղամարդը չխոչընդոտի այն հասարակական, քաղաքական նկրտումներին, որոնք նա իր հայրենիքի համար կարող է տալ: Առավել ևս՝ մենք այսօր լուրջ ազգային ռեսուրսի խնդիրներ ունենք, և այս պարագայում յուրաքանչյուր մտավոր օղակ, ինտելեկտուալ անձնավորություն ինձ համար գնահատելի է, որովհետև այսօրվա քաղաքականությունը մեզ մոտ ծանոթ բարեկամ սկզբունքով է կատարվում: Ասեմ, որ ես  ոչ մի քաղաքական ուժից ակնկալիքներ չունեմ, ես հավատում եմ իմ ուժերին և գնալու եմ առաջ:  

Մի քանի ամիս առաջ  սելեկտիվ աբորտների դեմ նախաձեռնությունը բուռն արձագանք ստացավ: Դուք դիրքորոշում հայտնե՞լ եք:

- Ես գիտեմ, որ նույնիսկ, տղա երեխայի դեպքում բժիշկներին ավելի շատ մաղարիչ են տալիս, քան աղջիկների:Մի հաղորդման շրջանակում ես արտահայտվել եմ թեմայի շուրջ, որ հղիության արհեստական ընդհատումը պետք է քրեական օրենսգիրք մտնի և պատժվի: Այսօրվա ժողովրդագրական խնդիրների պարագայում մենք պետք է ամեն գնով խթանենք ծնելիությունը` հաշվի առնելով  արտագաղթի հզոր տեմպերն ու  գործազրկությունը: Անկեղծ լինեմ, ես էլ երիտասրդ կին եմ և մոտ ապագայում պատրաստվում եմ ամուսնանալ, մայրանալ և ինձ համար էլ նախըտրելի կլինի տղա ունենալ: Ինչի՞ համար, որովհետև ինձ հարկավոր է իմ ազգային, հայրենասիրական մղումներում հենարան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:58 Փետրվար 11, 2015

Ամենաընթերցված նյութեր