Տեղեկատվության ճշգրտությունն ավելի կարևոր է, քան օպերատիվությունը

Ժամանակակից փոփոխվող աշխարհում տեղեկատվությունը ծանրակշիռ ռեսուրս և հաղթաթուղթ է: Շատերն են ուզում տիրել դրան: Իսկ արդյոք մենք կարողանու՞մ ենք պաշտպանել այն, ինչը մերն է և չտրվել վնասակար, քայքայիչ տեղեկատվության ներգործությանը: Այս և տեղեկատվության անվտանգության տարբեր ասպեկտների շուրջ է ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը ոլորտի լավագույն մասնագետներից մեկի, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ:

 

Ընդհանրապես, շատ է խոսվում տեղեկատվական անվտանգության մասին: Եթե փորձենք բանաձևել, ի՞նչ է այն իրենից ներկայացնում և արդյո՞ք գերագնահատված չէ նրա դերը ժամանակակից աշխարհում:

Տեղեկատվական անվտանգությունը կարելի է բաժանել երկու մասի` տեխնիկական և գաղափարական: Դրանք փոխկապակցված են` ինչպես բանկային  հաշիվների ապահովությունը և տեղեկատվության ապահովությունը: Այստեղ շատ մեծ դեր ունեն ծրագրավորողները, որոնք պետք է ստեղծեն այնպիսի անխոցելի համարկարգեր, որոնցով մարդը կամ կազմակերպությունը կարողանա իր գործունեությունն իրականացնել: Քարոզչական, գաղափարական տեղեկատվական անվտանգությունն այն է, երբ տվյալ անձը, կազմակերպությունը կամ երկիրն ունի արտաքին սպառնալիքներ, որոնց դեմ պետք է պայքարի: Ես կասեի նույնիսկ թերագնահատված է տեղեկատվական անվտանգության նշանակության, տեղեկատվական պայքարի դերը: Խնդիրն այն է, որ հիմա քաղաքական աշխարհն անցել է հիբրիդային պատերազմի, որտեղ իրական պատերազմական գործողությունները զուգակցվում են տեղեկատվական պատերազմի հետ: Եթե դու նպատակային և արդյունավետ տեղեկատվական քարոզչություն են իրականացնում, ապա կարող ես իրական պատերազմում նշանակալի հաջողություններ ունենալ, եթե սխալ` կարող ես ցավալի պարտություններ կրել: Առաջին հիբրիդային պատերազմի օրինակներից էր 2008թ-ի ռուս-վրաց-օսական բախումը, որտեղ վրացական կողմը տեղեկատվական պայքարում հաղթանակ տարավ և այդ պահին ստիպեց աշխարհին հավատալ, որ ռուսական կողմը ագրեսոր է, ու պետք է Ռուսաստանի վրա ճնշում գործադրել և պատերազմը դադարեցնել: Նույն հիբրիդային պատերազմի օրիանակներ են ռուս-ուկրաինականը, ինչու ոչ հայ-ադրբեջանականը: Պետք է տեղեկատվական պատերազմը առանձնացնել տեղեկատավական պայքարից, որովհետև տեղեկատվական պատերազմը  հիմնական պատերազմի մասն է, իսկ տեղեկատվական պայքարը` ամենօրյա չարքաշ աշխատանք, որի առանցքում խնդիրները կարող են լինել և ռազմավարական և մարտավարական:

 

Գաղտնիք չէ, որ այս հարթության վրա ցանկացած անզգույշ գործողություն կամ, անգամ, չմտածված խոսք կարող են ուղղակի պատուհաս դառնալ: Շատ հաճախ ստացվում է, որ երկու ճակատով պետք է պայքարել՝ մի կողմից սանձարձակ թշնամին է իր ստի, կեղծիքի և ապատեղեկատվության մեծ չափաբաժնով, մյուս կողմից այդ արկածախնդիրներն են` տագնապային տրամադրություններ ստեղծելու իրենց երևակայական ունակություններով: Ինչպե՞ս պետք է վարվել նման ոչ ստանդարտ իրավիճակներում:

Ոչ ստանդարտ իրավիճակ, կարելի է ասել, այլևս չկա: Մոտավորապես կարելի է իրավիճակները հաշվարկել, որը որից հետո պետք է լինի, ինչի է ընդունակ թշնամին, վատագույն սցենարը մշակել: Մեր տեղեկատվական դաշտում կան մարդիկ, որոնք հմուտ ու փորձառու են, և տեղեկատվական պատերազմի ժամանակ, վստահաբար կարող են ծանրակշիռ հակահարված տալ:

 

Արդյոք մեր հանրության դեմ ուղղված տեղեկատվական մարտահրավերները և խնդիրները սահմանափակվու՞մ են միայն ադրբեջանական գործոնով:

Ցավոք, բացի սանձարձակ թշնամուց կա նաև ներսի խնդիր: Առաջինը` այն մարդիկ, կայքերը և կազմակերպություններn են, որոնք ուղղակի Հայաստանի դեմ են աշխատում` ինչ-ինչ պատճառներով և կա ավելի մեծ զանգված` տգիտությամբ տոգորված, որն ուղղակի չի հասկանում` ինչպես վարվել, չի կարողանամում տարբերել ճիշտ տեղեկատվությունը ապատեղակատվությունից, ճիշտ ֆիլտրներ դնել այլ երկրներից, թշնամի երկրից եկող տեղեկատվությանը: Այդ մարդիկ մեղավոր չեն,  իրենց պետք է դաստիարակել, մշակույթ ստեղծել, համացանցից օգտվելու հիգիենան բացատրել:  Ներսից եկող վտանգներն ավելի խնդրահարույց են,  որովհետև եթե դու մոտավորապես գիտես այն շրջանակը, որը հատուկ է քո դեմ է աշխատում, այնտեղ ավելի հեշտ է նույն պատերազմի ժամանակ սահմանափակել ակտիվությունը` սկսած ֆիզիկականից մինչև կայքերի անջատումով:  Իսկ երկրորդ զանգվածի հետ բավականին բարդ է, որովհետև մարդը չիմանալով կամ ուղղակի անգրագետ լինելով կարող է այնպիսի վնաս հասցնել, որի հետևանքները կարող են բավականին ծանր լինել: Ընդհանարպես, բոլորը պետք է հասկանան, որ ցանկացած անզգույշ ասված խոսքը կարող է հանդեցնել անգամ զինվորի մահվան: Ճգնաժամային պահերին կա լրատվական ընդհանուր օրենք, որ տեղեկատվության ճշգրտությունն ավելի կարևոր է, քան տեղեկատվության օպերատիվությունը:

                                                                    

Տպավորություն կա, որ տեղեկատվության անվտանգության խնդիրներն ավելի շատ առարկայանում են համացանցում: Արդյոք սա հիմնավո՞ր տեսակետ է: Եթե այո, ապա կարո՞ղ ենք ասել, որ համացանցում արդյունավետ պահպանելով անվտանգության կանոնները, հնարավոր է ամբողջապես վերահսկել տեղեկատվական հոսքերը:

Ոչ:  Կարելի է մտածել, իհարկե,  որ ամբողջ աշխարհը համացանցավորված է և կյանքը հիմա տեղափոխվել է վիրտուալ հարթակ, բայց մենք տեսնում ենք, որ իրական կյանքում պրոցեսները դեռևս ազդեցիկ են: Ի վերջո, ինքնաթիռից բաց թողնված ռումբը, որն ընկնում է մարդու գլխին, իրական է, ոչ թե տեղեկատվական: Դրա համար ամեն ինչ ուղղորդել դեպի տեղեկատվական դաշտ, թվային դաշտ, միանշանակ` սխալ մոտեցում է: Այն որ ինքը բավականին լուրջ ազդեցության գործոն է, քանի որ այդ հարթակում ներգրավում է մարդկանց, թույլ է տալիս մանիպուլյացնել կամ քարոզչության ենթարկել, գուցե, խեղաթյուրել հայացքները: Որպես քարոզչական միջոց հեռուստատսությունը մինչև հիմա ավելի ուժեղ ազդեցություն ունի քան համացանցը: Բայց հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր մամուլը կարելի է վերահսկել տարբեր միջոցներով, իսկ համացանցը վերահսկելը շատ բարդ է, որովհետև համացանցի պրոցեսները տեղի են ունենում այլ տրամաբանությամբ և կառուցված են այլ օրենքների վրա: Էստեղ կա "սոցիալական լիֆտ", երբ անհայտ մարդը կարող է մեկ օրում դառնալ շատ հայտնի,  ինչ-որ խմբի առաջնորդ և իր հետևից տանել մարդկանց: Նույն արդյունքը այլ տեղեկատվական գործիքների միջոցով շատ բարդ է ստանալ: Ուղղակի պետք է աշխատել, ամեն օր հետևել, թե ինչ տենդենցներ և թրենդներ կան, ովքեր են շատ ակտիվ, աշխատել նրանց հետ, փորձել սեփական խմբերը ստեղծել և այլն: Բայց վերահսկելը անիմաստ է:

 

Համացանցում անչափ շատ են տարաբնույթ, հաճախ անհայտ ծագում ունեցող վիրուսները: Վերջերս դրանք անբարո տեսանյութերով մեր ընկերներից, առանց իրենց գիտության ներթափանցում են մեր էջեր, իսկ եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում բավականին շատ են դեռահասները, ապա կարելի է ասել, որ սա մեծ սպառնալիք է դառնում մեր հասարակության համար: Կոնկրետ ի՞նչ նպատակներով են դրանք տարածվում և ինչպե՞ս պետք է, առհասարակ, պաշտպանվել դրանցից:

Նպատակները տարբեր են, իսկ որպես միջոց` հիմնականում օգտագործվում են մարդկային բնազդները: Նրանք, ովքեր ստեղծում են այդ վիրուսները և տեղադրում համացանցում, աշխատում են հետաքրության վրա, որը  կամ սեռական բնույթ է կրում կամ ագրեսիվ ուղղվածություն է ունենում: Ֆրեյդը ժամանակին ասել է, որ  մարդուն կառավարում են լիբիդոն և ագրեսիան: Փաստորեն այդ սկզբունքները բավականին լավ աշխատում են: Եվ, հիմնականում, եթե նայենք այդ վիրուսակիր տեսանյութերը, ապա պարզ կնշմարվի դրանց էրոտիկ, դաժան սպանության ուղվածությունը: Ակնհայտ է, որ մարդկության հիմնական զանգվածը բնազդաբար ձգտում է առաջին հերթին դա տեսնել: Իսկ հիմնական նպատակը վիրուսի օգնությամբ ձեր համակարգիչը վարակելն  ու այն կառավարելի դարձնելն է: Վիրուսը ստեղծողը կարող է ուղղակի փորձել  վարակված համակարգիչների մեծ ցանց ստեղծել, որպեսզի այնուհետև ինչ-որ համակարգչային գրոհներ կազամակերպի  կայքերի համար պատվեր կատարելով:  Նա կարող է տիրապետել ձեր համացանցի, ձեր համակարգչի պարունակությանը, որպեսզի գումար գողանա, կամ ձեր միջոցով ձեր ընկերների վրա դուրս գա: Ինչ պետք է անել` բազմիցս ասվել և զգուշացվել է, որ որևէ անծանոթ լինքի վրա պետք չէ սեղմել, նույնիսկ, եթե դա գալիս է ձեր ընկերոջից: Կարելի է մեկ-երկու բառով հարցնել` սա դու՞ ես ուղարկել, ի՞նչ է`  նայելու բա՞ն է, թե՞ ոչ:

 

Իսկ եթե պատահաբար սեղմել են, ի՞նչ անել այս դեպքում:

Համացանցում կան մասնագետներ, որոնք շատ արագ կբացատրեն` ինչ խնդիր է, կարող եք փնտրել, գտնել համացանցում ընդհանուր կանոններ կան:Վարակված համակարգիչների ցանց ստեղծելը բավականին թանկ հաճույք է, եթե դու ինքդ որոշես դա անել: Իսկ այսպես հեշտ է՝ գցում ես սոցիալական ցանց և  մարդիկ իրենց ձեռքով այդ վարակվածների ցանցը ստեղծում են: Սրանով նաև ստուգում են տվյալ երկրի տեղեկատվական դաշտի խոցելիությունը: Եթե նայենք` ինչ վիրոսներ էին տարածվում մեկ տարի առաջ ու ինչ պարունակության վիրուսներ են տարածվում այս տարի, ապա ակնհայտ է, որ դրանք զգալիորեն կատարելագործվել են: Պարզունակից ավելի հետաքրիքիր, մարքեթինգային, նույնիսկ, վերնագրերն են փոխվել: Հիմա այնպիսի վերնագրեր են դնում, որ մարդը շատ արագ ծուղակն է ընկնում: Հատկապես վերջինը շատ ճիշտ էր մշակված. ամանորին ընդառաջ Ֆեյսբուքն առաջարկում էր, որ յուրաքանչյուրը նկարներով վիդեո ստեղծի: Վիրուս ստեղծողները Ֆեյսբուքի այս առաջարկը շատ լավ օգտագործեցին իրենց "սև գործի" համար և մոտավորապես այդ տիպի վիրուասակիր տեսանյութ ստեղծեցին` ֆեյսբուքի առաջարկածից մոտ մեկ-երկու ամիս անց: Թարմ հիշողություններով մարդիկ ինքնաբերաբար սկսեցին սեղմել` մտածելով, որ ֆեյսբուքը դարձյալ լավ նվեր է պատրատել իրենց համար:

 

Ինչ պետք անել, որ համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում, ավելի շատ պոզիտիվ էներգիան լինի գերակայող:

Բարդ է, որովհետև ընդհանուր աշխարհը, համաշխարհային մեդիա կայսրությունը կառուցված է վախի մթնոլորտի վրա, մարդկանց անընդհատ սթրեսի մեջ պահելու վրա: Եթե դու մարդուն սթերսի մեջ ես պահում, նա ավելի կառավարելի է դառնում: Այս դեպքում կարող ես ավելի շատ բան վաճառել նրա վրա: Երբ մարդ գտնվում է մի փոքր շեղված հոգեբանական վիճակում, իրեն ավելի հեշտ է մանիպուլյացնել: Կարելի է սթեսի մեջ գտնվող մարդու վրա վաճառել այնպիսի բաներ, որ սովորական,  հանգիստ վիճակում մարդ ուղղակի դա չէր գնի: Այդ պատճառով անընդհատ այնպիսի տեսանյութեր են պատրաստվում ու տարածվում, որոնք սթրես կառաջացնեն: Ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում նույն իրավիճակն է` Ռուսատանում, Ֆրանսիայում…գտնել երկրներ, որտեղ ամեն ինչ պոզիտիվ է, շատ դժվար է: Գուցե, դրանք այն երկրեներն են, որոնք ընդհանուր աշխարհի թրենդից կտրված են` Հյուսիսային Կորեա, Չինաստան, Իրան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:59 Փետրվար 03, 2015

Ամենաընթերցված նյութեր