Ռուբեն Հախվերդյան. "Ես երբեք փողի համար երգ չեմ գրել"

Հունվարի 31-ին սուրբ Սարգսի տոնի առիթով երևանյան STATION փաբում կազմակերպվել էր Ռուբեն Հախվերդյանի համերգը: Հայ հանդիսատեսը նրան համարում է 20-րդ դարի հայ մեծագույն երգիչ-երգահաններից, կենդանի լեգենդ, նրա երգերով դաստիարակվում և այդ երգերն իրենն է համարում արդեն քանիերորդ սերունդը: ԲԱՐՈՄԵՏՐԸ, օգտագործելով STATION-ում կազմակերպված համերգի առիթը, որոշեց բաց չթողնել "հայ Վիսոցկու" հետ փոքրիկ զրույց ունենալու հնարավորությունը:

 

Ձեր  երգերից կա՞ մեկը, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է և, եթե այո, ապա ո՞րը:

Ոչ

Դուք շրջագայել եք Եվրոպայում, ի՞նչը կցանկանայիք տեսնել նաև այստեղ, ի՞նչն եք հատկապես հավանել և ինչը՝ ոչ:

Եվրոպա կլինի, Ամերիկա կլինի, այստեղ կլինի՝ նույնը, հայ հանդիսատեսն է իմ համար կարևոր: Ես գրում եմ հայերեն և երգում եմ հայերի համար: Ինձ համար նաև նշանակություն չունի արևմտահայեր են, թե արևելահայեր, կարծեմ, բոլորի մոտ էլ ընդունված են էդ երգերը լսել և բոլորը սիրում են դրանք, թե ինչի համար են սիրում՝ ես էդ գաղտնիքը չգիտեմ:

Ներկայումս ընդունված է, որ լեգենդար երաժիշտները իրենց բեմական գործունեության ավարտն ազդարարող շրջագայություններ են կազմակերպում, արդյոք սպասե՞նք Ձեզանից նման նախագիծ:

Էդ լեգենդար, որ ասում են՝ ես լեգենդար չեմ:

Բայց հանդիսատեսի կարծիքը այլ է, ու մեր հայ երաժիշտներից Ձեզ հատկապես առանձնահատուկ են վերաբերվում և առանձնացնում են Ձեզ…

Գիտեք ինչ, ես երբեք փողի համար երգ չեմ գրել ու հատուկ բիզնեսի համար երգ չեմ գրել, և երգերս ստուգվել են հանդիսատեսի միջոցով, եթե հանդիսատեսը ընդունում է… Ես իրենցով եմ չափում, թե ինչքանով եմ հայտնի:

Եթե Ռուբեն Հախվերդյանը երգիչ չլիներ, ապա ի՞նչ կլիներ:

Մարդ: Ինձ համար բոլորովին կարևոր չի՝ ինչով զբաղվել, ես բեմադրություններ եմ արել, որ շատ հայտնի են եղել ժամանակին, հետո ինձ փակել են սովետի ժամանակ, չեն թողել, որ բեմադրություններ անեմ: Շարունակել եմ գրել իմ երգերը, որ միշտ էլ ընթացքում գրում էի: Աստիճանաբար եմ դարձել հայտնի…

Ռուբեն Հախվերդյանն ունի՞ կուռք երաժշտության ասպարեզում:

Ինձ համար կուռքերն առանձին երգեր են, ես որպես մեծագույն պոետիկայի նմուշ ընդունում եմ Բիթլզի " target="_blank">Eleanor Rigby" երգը, ոչ թե Բիթլզը՝ առհասարակ, Ժակ Բրելի " target="_blank">Amsterdam" երգը և Ջեյմս Բրաունի " target="_blank">This is a man՛s world" երգը՝ տղամարդկանց աշխարհը:

Իսկ ինչ-որ թեմա կա՞, որ դեռ չեք երգել այդ թեմայով:

Ես թեմայով երգեր չեմ գրում, թեմատիկ երգեր գրում են ապուշները…

Տարիների հեռվից հետադարձ հայացք նետեք Ձեր կյանքին՝ ի՞նչ կանեիք, որ դեռ չեք արել, և Ձեր արածներից հատկապես ո՞րը չէիք կրկնի: Ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխել Ձեր կյանքում:

Կցանկանայի իմ ժողովրդի վիճակը լավացնել, իսկ ինչ-որ բան փոխել՝ ոչ, հետո փոխելու համար արդեն ուշ է…Ի՞նչ պիտի փոխեմ, ես ունեմ երեք զավակ, չորս թոռ, արդեն իրենք են անում, ես իմ արածը արել եմ: Ինձ համար կարևորն այն է, որ հայերը միջազգային մակարդակի հայերեն լսեն, չեմ սիրում հայերեն լեզուն աղքատացնող գործեր. "Ջան, ջան, ջան բադրջան…" սենց բաներ չեմ սիրում:

Եվ վերջին հարցը.Ձեր երգացանկից ո՞ր ստեղծագործությունն եք համարում այսօր առավել արդիական, երգում շոշափվող թեմայի առումով:

Իմ բոլոր երգերը այսքան տարի լսվում են, իսկ մնացած ամեն ինչը ինձ, ճիշտն ասած, չի հետաքրքրում, որովհետև երբեք չեմ մտածել դրա մասին:

 

 

Հ.Գ. Ռուբեն Հախվերդյանի հետ զրույցը կազմակերպվել է STATION փաբում, համերգի մեկնարկից 10-15ր առաջ, ինչի համար ԲԱՐՈՄԵՏՐԸ հատուկ շնորհակալություն է հայտնում STATION-ին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:07 Փետրվար 02, 2015

Ամենաընթերցված նյութեր