Ամանորը Լապլանդիայում` էլֆերի հետ, Աֆրիկայում` սևամորթների. Արևիկ Ուդումյանի ամանորյա արկածները

Արևիկ Ուդումյանի հետ հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ հունվարի 13-ը նրա համար կրկնակի տոն է: Նշում է և Հին Նոր տարին, և իր ծննդյան օրը: Ամանորյա տրամադրությունների, դեպի Լապլանդիա ուղևորության ու իր ծննդյան մասին` հարցազրույցում:

ԲԱՐՈՄԵՏՐԸ շնորհավորում է Արևիկ Ուդումյանին, մաղթում նոր ձեռքբերումներ:

Աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին նշում էին Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք` հայերս, ունենք Սուրբ Ծննդյան տոները նշելու մեր առանձնահատկությունները: Օրինակ, ինչպես ամեն տարի, Ամանորի սեղանները  ճիշտ ժամանակին չեն հավաքվում, արքայախնձորն էլ ճիշտ ժամանակին չեն կտրում: Դուք այս տարի եղել եք Լապլանդիայում` Հյուսիսային Եվրոպայի մի հեքիաթային շրջանում, որի հետ է կապվում Սանտա Կլաուսի լեգենդն ու Ամանորի խորհուրդը: Թեև աշխատանքային այց էր` պայմանավորված նկարահանումներով, ի՞նչ առանձնահատկություններ հասցրեցիք նկատել Լապլանդիայում ապրող բնակիչների մոտ՝ Սուրբ Ծննդյան տոները նշելու հետ կապված:

- Մեր կարճ ուղևորության ընացքում` ընդամենը հինգ օր, հասցրել ենք լինել մեկ լապլանդական ընտանիքում, ինչը հնարավորություն տվեց փոքր-ինչ հասկանալու` ինչպես են այնտեղ անցկացնում տոնը ընտանեկան միջավայրում: Ի դեպ, լապլանդացիներ էին, որոնք ունեին սամի արմատներ. նրանք առաջինն են բնակություն հաստատել Ֆիննական Լապլանդիայի տարածքում: Մեզ` հայերիս նման, շատ հյուրընկալ մարդիկ էին: Նրանց տանը մենք միասին պատրաստեցինք իրենց ամանորի սեղանը: Իրենց մոտ պարտադիր էր "gingerbread" կոչվածը` կոճապղպեղով թխվածքաբլիթները, որոնք շատ երկրներում է ընդունված: Նաև պարտադիր են այդ կարկանդակներից պատրաստված տնակները, որը վերջին տարիների ընթացքում ես Հայաստանում էլ եմ տեսնում: Խոհանոցի առանձնահատկություններից, թերևս, դա եմ նկատել, նմանություններ էլ ունենք. ինչպես մեզ մոտ, իրենց տան տիկիններն էլ հիմնականում նախընտրում են իրենք պատրաստել ամեն ինչ, տնական, լինի` մուրաբաներ, հյութեր, թխվածքներ: Խանութից գնված ապրանք գրեթե չկար:

Մեզ մոտ ամանորի սեղանների գլխավոր "դելիկատեսը"` "խոզի բուդը" այս տարի էլ չզիջեց իր դիրքերը: Թեև նախորդ տարի ապխտած կոկորդիլոսն էր մոդայիկ, այս տարի էլ ասում էին` վայրի այծյամը: Ոմանք անգամ քննարկում էին` արդյո՞ք եղջյուրները հետն են վաճառելու, թե՞ դա առանձին հաճույք է: Ինչևէ, ես անձամբ ականատես չեմ եղել որևէ մեկի տանը, որ սեղանին այծյամ դրված լինի: Լապլանդիայում ո՞ր կենդանին է զոհ  դառնում ամանորին: Եղջերու՞ն:

- Եղջերուի միս ոչ միայն հատուկ ամանորին, այլ անընդհատ են ուտում: Առաջին պահին մտածում ես ու ասում` մեղք են եղջերուները: Նրանք շատ հանգիստ դեմքով պատասխանում են` այդ եղեջերուն շատ ծեր էր:  Ես ավելացնում էի` ահա,  երևի թե նա երազում էր մահանալ (ժպտում է): Այնպես որ նրանք արդարացում գտել են: Ինչ վերաբերում է ձեր նշած օրինակներին, գիտեք, նրանք շատ համեստ մարդիկ են այդ առումով, նման ցուցադրություններ չեն սիրում: Շատ հանգիստ են ապրում:  Հենց այդ հանգստությունն ու սոցիալական ապոհովվածության բարձր մակարդակը նպաստում են, որ տեղ չտան նման անհեթեթությունների:  


Ամանորի`  Լապլանդիայի մասին պատմող հաղորդում-ֆիլմը, որը կրում էր "Հեքիաթի հետևից" խորագիրը, իրոք հաջող էր ստացվել: Ձեզ բախտ վիճակվեց այցելել Սանտա Կլաուսի պաշտանական նստավայր, ականատես լինել Լապլանդիայի հեքիաթային հյուսիսափայլին, զբոսանք եղնիկների հետ, խարույկ անտառում ու նաև ծանոթացաք Կլաուսի "քարտուղարուհիներին"` Էլֆերին, որոնք հավաքագրում էին ամբողջ աշխարհի մանուկների նամակները: Դուք էլ նամակ գրեցիք: Հետաքրքիր է` ի՞նչ էիք ցանկանում դեռ մանուկ հասակում և հիմա` արդեն հասուն տարիքում: Փոխվե՞լ են երազանքները:

- Շատ ժամանակ չունեինք, նկարահանման ընթացքի մեջ էինք: Ես չհասցրեցի իմ անձնական ցանկություններով նամակ գրել Սանտային: "Առաջին ալիքի"  անունից նամակ գրեցի` լավագույն մաղթանքներով:  Ինչ վերաբերում է երազանքներին, ես երազանքներ չունեմ, փոքր ժամանակ էլ գրեթե չեմ ունեցել: Ես ունենում եմ ցանկություններ, նպատակներ: Կյանքը ցույց է տվել, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես լինում է: Երբ մարդ շատ է ֆիքսվում ինչ-որ բանի վրա, միգուցե շատ դեպքերում հասնում է այդ նպատակին, բայց շատ դեպքերում  իրեն մաշում է: Ես փորձում եմ վայելել ներկան: Միակ երազանքը, որը ես կարծում եմ յուրաքանյուր սթափ, բանական մարդ ունի, դա այն է, որ իր մտերիմները, սիրելիները լինեն առողջ ու հաջողակ: Միակ բանը` չունենալ մարդկային կորուստներ, մնացած ամեն ինչ կարելի է հաղթահարել:

Բարեկամաների երեխաները նամակներ փոխանցել էին հավանաբար, որ հասցնեք Սանտային: Ձեզ հետ Հայաստանից ի՞նչ էիք տարել Սանտային նվեր, գուցե հայկական լավաշ, բաստուրմա կամ սուջուխ:

- Այո, մեկ երկու նամակ տարել եմ: Նաև հայկական ծիրանաչիր շոկոլադի մեջ: Շատ հավանեցին էլֆերը:

Լապլանդիայից բացի ուրիշ որտե՞ղ եք ամանորը անցկացրել:

- Երեք անգամ անցկացրել եմ Աֆրիկայում, քանի որ մի քանի տարի էնտեղ ենք ապրել: Հինգ տարեկան էի, նոր էի սկսում աշխարհը ճանաչել և ինձ թվում էր` դա այն տոնն է, երբ պետք է շոգ լինի ու կողքիդ պետք է լինեն սևամորթներ: Երեք տարի անց, երբ վերադարձա Հայաստան ձյունն ինձ համար էքստրեմալ հաճույք էր:

Հին նոր տարին ընդունված է նշել հունվարի 13-ին, որով էլ տրվում է տոների ավարտը: Ավանդույթներից ու սովորույթներից շատերը պահպանվել են: Օրինակ՝ դեռևս հին ժամանկներում ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին: Այս սովորություններից շատերը կապվում էին խոսքի մոգության հետ: Դուք հավատու՞մ եք խոսքի ուժին:

- Էդպիսի միտք կա, աֆորիզմ` վախեցեք երազանքներից, դրանք կարող են իրականանալ: Խոսքի ուժին հավատում եմ, հավատում եմ նաև մտքի ուժին: Բայց ամսի 13-ը ինձ համար միշտ հանգստի օր է լինում: Այդ օրը փորձում եմ ինձ հանգիստ նվիրել, սկսած մեկ օր առաջվանից` այսօր կեսգիշերից, քանի որ ամսի 13-ին ես ծնվել եմ:

Հենց նոր իմացա, փաստորեն ձեզ համար ամսի 13-ը կրկնակի տոն է: Ինչպե՞ս եք սովորաբար անցկացնում ծննդյան օրը:

- Շատ վաղուց, շատ աղմկոտ ծնունդներ ինձ այնքան էլ դուր չեն գալիս: Փորձում եմ շատ մոտ, հարազատ մարդկանց շրջապատում անցկացնել օրս: Շատ ուրախ եմ, որ իմ շրջապատը ստատիկ է, գրեթե նույն մարդիկ են, շատ եմ սիրում իրենց: Եվ հետո, երբ արդեն անձնական կյանք ունես, սիրելի մարդու հետ ես ձգտում անցկացնել այն: Այո, տարիքի հետ փոխվում են ցանկությունները:

Ի՞նչ փոփոխություներ եք նկատել բնավորության մեջ:

- Անշուշտ փոխվել եմ: Տարիների հետ ընկալումներդ են փոխվում, մարդկանց ճանաչելու ունակությունդ: Սկսում ես գնահատել: Անձնական կյանքում մի կողմից դժվար է ընտրություն կատարելը, որովհետև շատ լավ ես տեսնում մարդուն, հնարավոր վտանգները, բայց մյուս կողմից կարողանում ես շատ լավ գնահատել դիմացինի բնավորության գծերը: Միգուցե 20 տարեկան աղջիկը ցանկանում է, որ իրեն ուրախացնեն, երեսուն տարեկանում ցանկանում ես ինքդ ուրախացնել:

Վերադառնանք Հին Նոր տարուն: Ամսի 13-ին ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե տանը, թե հասարակական միջավայրում: Կանկեղծանա՞ք, ձեզ համար որքանո՞վ է կարևոր այս խորհուրդը, կա՞ն մարդիկ , որոնց հետ գժտված եք կամ հակառակը` ձեզանից են ներողություն խնդրել ու հաշտվել եք:  Ինչպիսի՞ն եք դուք այս առումով` ներո՞ղ եք կամ առաջին քայլը կանե՞ք:

- Ես գժտվածությունը երբեք չեմ թողնում մնա, խորը բուն դնի իմ հոգում: Ես շատ ափսոսում եմ կյանքն ու ժամանակը նեղացած մնալու համար: Նույնիսկ եթե գիտեմ` դիմացինս է մեղավոր, այդ դեպքում էլ պատրաստ եմ անել առաջին քայլը: Ես կարող եմ վատ զգալ ինչ-որ մեկի խոսքից, արարքից, երբեք ես դա իմ մեջ չեմ պահում:  Ինձ հետ պետք է կարողանալ կռվել, վիճել, որովհետև ես գրեթե չեմ գժտվում մարդկանց հետ: Ինչ վերաբերում է Ամանորին, այս տոնին, հատկապես, պետք է ներել ու ամեն ինչ նոր էջից սկսել: Ես սիրում եմ այս խորհրդավոր տոնը, ուրախ եմ, որ հասցրեցի վերադառնալ Լապլանդիայից ու այն անցկացնել իմ սիրելի երկրում, սիրելի մարդկանց կողքին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:27 Հունվար 13, 2015

Ամենաընթերցված նյութեր