Արամ MP 3. 2014-ի իմ ամենամեծ ձեռքբերումը` ժողովրդի սերն էր

Արամի հետ ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը հարցազրույցի ժանրի ստանդարտներից մի փոքր դուրս էր և, գուցե, հենց այդ պատճառով էլ այն ավելի դինամիկ և հետաքրքրիր է թվում: Դե բնական է, Արամի դերն էլ այդ ամենում շատ մեծ է:

Արամ, ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի Երևանում անցկացրած հարցումների տվյալներով՝ մարդկանց մոտ 80 տոկոսն այն կարծիքն է արտահայտել, որ Եվրատեսիլում Ձեր զբաղեցրած տեղն արդար չէր, և Դուք պետք է գոնե եռյակում լինեիք: Դուք կիսու՞մ եք երևանցիների կարծիքները:

- Շատ կուզեի, իհարկե, առաջին եռյակի մեջ լինել, բայց չստացվեց: Ես ինքս չեմ կարող գնահատական տալ` արդար էր, թե ոչ, ճիշտ էր, թե սխալ: Բայց այն, որ ցանկությունը շատ մեծ էր եռյակում հայտնվելու, կար էդպիսի բան, նեղվել էինք: Չեմ կարող ինքս գնահատական տալ, որովհետև չեմ սիրում: Ցանկացած մրցույթում էլ լինում են իրավիճակներ, արդյունքներ, որոնք չեն համընկնում հանդիսատեսի կարծիքի հետ: Որոշ ժամանակ անց, երբ հետ ես նայում՝ արդեն սառը գլխով, ասում ես` ոչինչ էդպես էլ է լինում: Դժվար աշխատանք էր իրականում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես՝ անքնություններ և այլն: Այդ էներգետիկ հոսքը, այդ պտույտը, որը սկսվել էր իմ շուրջը, ես էլ այդ արագությունը, որ հավաքել էի, դրանից հետո մի փոքր հանգստանալ էր պետք, հիմա, կարելի է ասել, ամբողջովին վերականգնվել եմ:

Շատ քիչ դեպքերում է տաղանդն ու աշխատասիրությունը մարդու մեջ զուգորդվում: Հաճախ տեսնում ես, որ տաղանդը մարդու երեսից թափվում է, բայց ինչ-ինչ ճչացող բացթողումներ կան, որոնք ավելի շատ ինչ-որ բաներ չհղկելու, դրանց ավելի շատ ժամանակ չհատկացնելու հետևանք են: Արամ, թույլ տվեք ասեմ, որ Դուք տաղանդավոր մարդ եք, բայց արդյո՞ք նույնքան էլ աշխատասեր եք:
- Նախևառաջ, շնորհակալություն: Ես աշխատասեր եմ, բայց ավելի շատ եմ ուզում աշխատել: Որոշ հարցերում, միգուցե և թերանում եմ: Փորձում եմ ավելի շատ բան հասցնել, որովհետև մեր բնագավառի մարդկանց համար կյանքն ավելի արագ է ընթանում: Նման բնագավառում, որը իրականում համարվում է շատ դժվար և "կեղտոտ" բնագավառ, շփվում ես շատ-շատ տարբեր մարդկանց հետ, պետք է փորձես քո սկզբունքներին հավատարիմ՝ քո արվեստը առաջ տանել: Ես անում եմ այն, ինչ սիրտս է թելադրում, չեմ դավաճանում իմ սկզբունքներին, փորձում եմ անել սեփական ուժերով, իմ ընկերների հետ, դրա համար էլ արդյունքը ստանում եմ` ժողովրդի գնահատականը, որի համար շատ շնորհակալ եմ:

Արամ, շատ դժվար և կեղտոտ բնագավառ ասելով, երևի թե նկատի ունեիք շոու-բիզնեսը: Ինձ շատ հետաքրքիր է, օրինակ` գրողները, հաճախ հավաքվում են և քննարկում են իրենց գործընկերոջ գրական երկը, բանաստեղծությունների ընտրանին, հաճախ նաև քննադատում են, գուցե, նաև բանավիճում, բայց, որքան ես գիտեմ, շոու-բիզնեսում այդ ավանդույթը չկա. շատերը խոսում են իրար մեջ, որ կոնկրետ այս տեսահոլովակը շատ վատն էր, կամ ֆիլմն ու ներկայացումն ունեին թերություններ, բայց դրա մասին շատ քիչ են բարձրաձայն արտահայտվում... Մի տեսակ, եթե չասեմ երեսպաշտություն, ապա հաստատ կեղծավորություն կա: Ինչի՞ հետևանք է այս ամենը:
- Եթե ինձ ինչ-որ բան դուր գա, ես կասեմ, եթե ոչ` ձայն չեմ հանի, բայց չեմ էլ ասի` լավն էր: Որովհետև նախ՝ վիրավորում եմ ինքս ինձ, երկրոդը` ինչու՞ եմ խաբում: Եթե ինձ մոտ մարդ լինի, ինչ-որ բան անի, որը հաճելի չէ, ես կասեմ` լավ չի, բայց մարդիկ, որոնք դրանով գումար են աշխատում և դա իրենց գործն է, ես ինչ իրավունք ունեմ փնովելու, քանի որ քննադատ չեմ: Ես նույնպես այս բնագավառում եմ, ստեղծագործ մարդ եմ, նույնկերպ կարող են քննադատել նաև իմ աշխատանքը: Քննադատությունը նորմալ է, սխալ է քծնելը: Ցանկացած քննադատության մեջ դրական բան կա: Իհարկե, հաճելի չէ լսել քննադատություն, բայց եթե առողջ է` պետք է լսել: Լինում են, իհարկե, հիվանդագին քննադատություններ, դրանց ուշադրություն չեմ դարձնում, որովհետև անհիմն են: Ամբողջ աշխարհում էլ կան երաժշտական քննադատներ, կինոքննադատներ, արվեստի տարբեր բնագավառներում, որոնք շատ հաճախ օգնում են մարդուն է՛լ ավելի կայանալ իր աշխատանքի մեջ:

Մի քիչ էլ պատահականության և օրինաչափության մասին: Ասում են` պատահական ոչինչ չի լինում. եթե քո հետ պատահած ինչ-որ դեպք կամ դիպված փոխել է կյանքդ, ուրեմն հենց այդպես էլ պետք է լիներ. ինչպես ասում են դու հայտնվել ես ճիշտ պահին, ճիշտ տեղում կամ հակառակը: Այս առումով Դուք ի՞նչ եք մտածում:
- Ընդհանրապես, ինձ իմ շրջապատում ասում են, որ ես շատ հաջողակ մարդ եմ: Ձախողումներ կյանքումս քիչ եմ ունեցել` թու թու թու…բազմիցս հանդիպել եմ իրավիճակների, որոնք պատահել են ինչ-որ բանի համար: Հիմնականում ինտուիցիաս ինձ չի խաբում: Այդ առումով, երևի թե, այո՛, շատ ճիշտ է ամեն ինչ դասավորվել` իմ այս բնագավառ մտնելու տեսանկյունից, որովհետև ես լրիվ այլ կերպ եմ հայտնվել այստեղ, այլ մասնագիտություն ունեմ: Ամեն ինչ ինքնստինքյան է ստացվել, ես ոչ մի բանի վրա շատ երկար չեմ մտածել, տանջվել: Ես սիրել եմ երաժշտությունը, մտել եմ ուրախների և հնարամիտների ակումբ, որտեղ արել եմ երաժշտական համարներ, հումոր, հետո "32 ատամ", "Վիտամին ակումբ", համերգներ…ինքն իրեն է եղել:

Մեր հասարակության մեջ շաբլոն ընկալումներ կան` երբ մարդ իր սեփական արժանիքներով որևէ բարձունքի է հասնում, անպայման գտնվում են մարդիկ, ովքեր ինչ-որ զարտուղի ճանապարհների հետ են կապում այդ հաջողությունը: Ձեզ ծանո՞թ է այս իրավիճակը: Տարօրինակ կամ անտրամաբանական ասեկոսեներ լսե՞լ եք Ձեր հասցեին ուղղված:
- Մեզ բնորոշ գծերից է` նրա տղան է, սրա սանիկը… Իմ տարբերակում, գիտե՞ք ինչպես է եղել, հեռուստադիտողը ինձ տեսել է հենց սկզբից` ինչպես եմ սկսել, տեսել է այդ առաջընթացը, ընթացքում թռիչքներ, ու մարդկանց մոտ հարցեր չեն առաջացել այդ առումով, որովհետև բոլոր հարցերի պատասխանները տրվում էր հեռուստացույցով` էս տղան խաղում ա, երգում ա, երգում ա, խաղում ա: Իսկ էս տղան ով ա՞, չենք ճանաչում, մեկ էլ էնտեղ ա…Իմ տարբերակում էդպես չի եղել: Չեմ հիշում իմ հասցեին ուղղված որևէ աբսուրդ բան, ուրեմն չի եղել:

Գերմանացի բանաստեղծ, արձակագիր Հերման Հեսսեի "Տափաստանի գայլը" վեպում, հերոսի Հարրի Հալերի մեջ երկու կերպար էր ապրում: Մարդը, որն իր մեջ դեռ բաղձանք ունի՝ առ բարին, առ քնքշությունը, մարդկային իդեալներ ունենալու և գայլը` քաղցած, վայրի: Համաձա՞յն եք, որ մարդու մեջ երկու հակադիր բնավորություններ են հերթափոխվում, մարդը երկատվում է երբեմն: Ձեզ ծանո՞թ է այս հոգեվիճակը:
- Շատ հաճախ է պատահել: Նման երկատում լինում է, երևի թե, որոշումներ կայացնելու դեպքում կամ երբ դու ակներև տեսնում ես, որ դու ճիշտ ես: Շատ հաճախ այդ ճիշտն օգտագործում ես որպես թուր, փորձում ես այդ թրով շատ շատերին վնասել, բայց դու էդ թուրը ուղղակի կարող էիր պահել քեզ մոտ, և մարդիկ վաղ թե ուշ կհասկանային, որ դու ճիշտ էիր: Լինում է, երբ արթնանում է այդ գայլը, փորձում ես բրուտալ գործողությունների դիմել, բայց մի փիլիսոփա ասում էր` երբ տաքացած ժամանակ ուզում ես ինչ-որ բան ասել, հաշվիր մինչև հարյուրը, հետո նոր արտահայտվիր: Մարդու մեջ կա և՛ բարին, և՛ չարը: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք շատ դժվար են իրենց կառավարում տաքացած ժամանակ և շատ շուտ սառում են, միգուցե, հինգ րոպե հետո ես ամբողջությամբ փոխեմ իմ կարծիքը: Դրա համար խոսակցություններ, իրավիճակներ, երբ զգում եմ, որ ես հիմա կբռնկվեմ, կասեմ այն, ինչի համար փոշմանելու եմ ուղիղ հինգ րոպե հետո, ես ինձ փորձում եմ հետ պահել այդ խոսակցությունից: Ասում եմ ` կխոսենք վաղը: Հակառակ դեպքում իմ մեջ կարթնանար ոչ թե գայլը, այլ դև: էդ խոյին բնորոշ հատկանիշ է՝ առաջին պատասխանին պատասխան տալը:

Հորոսկոպին հավատու՞մ եք:
- Ինձ միշտ մի հարց էր տանջում` իրար նման մարդիկ կարո՞ղ են միասին ապրել: Ասում են՝ նմանը նմանի հետ չի կարող գոյատևել, ոնց որ պյուսը պլյուսի հետ` մագնիսի օրինակով: Իմ ու կնոջս դեպքում՝ երկուսս էլ խոյ ենք: Բոլոր դասագրքային օրինակներում խոյերը իրար հետ չեն կարող ապրել: Նրանք իրար կսպանեն կսատկացնեն, միևնույն է՝ չեն ընդունի սեփական սխալը: Մենք շատ համերաշխ ապրում ենք, իհարկե ցանկացած ընտանիքում էլ լինում են վեճեր, չեն կարող չլինել, բայց գլոբալ առումով մենք միմյանց հասկանում ենք: Ես ինքս զիջող մարդ չեմ, ինքն էլ, բայց փոխզիջումների գնում ենք: Էնպես որ, հիմք չեմ ընդունում հորոսկոպը: Պետք չէ խորանալ դրա մեջ, ավելի լավ է մարդու հետ երկար շփվել, հասկանալ նա ով է:

Այդքան ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի մեջ հասցնու՞մ եք գիրք կարդալ կամ որևէ այլ զբաղմունք ունե՞ք:
- Վերջին ամիսներին ավելի շատ կարդում եմ անգլերեն գրականություն, որպեսզի լեզուս բացեմ, անգլերեն ֆիլմեր եմ դիտում, գնում եմ անգլերենի պարապմունքների: Շատ բարդ է էս գրաֆիկի մեջ հասցնել էդ ամենը:

Ինչպե՞ս են ընթանում պարապմունքները, ի՞նչ առաջընթաց ունեք:
- Լավ, ոչինչ, գոհ են, ես էլ եմ գոհ: Սիրում եմ անգլերենը, փորձում եմ զարգացնել: Աշխատում եմ ինձ վրա:

Կյանքը ցույց է տալիս, որ ժամանակի հետ ընկերները "մաղվում" են: Քչերն են մնում: Իհարկե, ճանաչում ձեռք բերելուց հետո շատերն են ուզում Ձեր ընկերը դառնալ: Բնականաբար, չեք կարող բոլորի հետ ընկերանալ, շփվել: Էստեղ, թեկուզ սոցիալական ցանցերով ընկերության առաջարկություն ուղարկած և "մերժված" մարդիկ սկսում են անհիմն մեկնաբանություններ անել` հիմնականում կապված աստղային հիվանդության հետ: Արդեն երեսուն տարեկանում ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները ընկերության մասին: Փոխվե՞լ են:
- Էդպիսի հետաքրքիր բուրգ կա, որքան այդ բուրգով վերև, այդքան ավելի քիչ մարդիկ, վերջում դու մնում ես մենակ: Վերջին մեկ տարվա վրա օրինակ բերեմ` 2014 թվականը ինձ համար շատ հագեցած տարի էր և իմ շրջապատի ընկերները, միանշանակ, իմ տեմպը չեն ունեցել այս տարվա մեջ, չեմ կարծում, որ դա կանդրադառնա, երբ մենք միասին նստենք, խաշ ուտենք: Ճանաչվածության հետ, ինչպես դուք նշեցիք, իրոք, շատ բան է փոխվում` դու արդեն չես կարողանում տարբերել կեղծը իրականից: Կան մարդիկ, ում հետ վատ ես եղել, հիմա քո հետ լավ են, որովհետև դու հայտնի՞ ես, թե՞ որովհետև քեզ սիրում են, թե՞ նրանք հիմա ներել են…Ընկերների ընտրության հարցում ես չեմ սխալվել: Իհարկե, կան մարդիկ, ում հետ ես մեծացել եմ, որոնց ես գիտեմ, որոնք չեն փոխվել ու որոնք գիտեն, որ ես էլ չեմ փոխվել: Ինձ հետ շարունակում են շփվել, որվհետև ես չեմ փոխվում: Մարդիկ մտածում են, որ եթե դու այս բնագավառից ես, ուրեմն քո աստղային հիվանդությունը արդեն քեզ կերել է: Իմ դեպքում, ինչպես ես եմ լսում կողքից՝ ինձ այդ հիվանդութունը չի սպառնում, չեմ հիվանդացել, դրա համար էլ երևի թե ընկերները` թե բակի, դպրոցական, համալսարանական, գնահատում են, ես էլ նրանց հետ նույնն եմ: Ես միշտ ասել եմ` աստղային հիվանդությունը բնորոշ է ոչ միայն այն մարդկանց, որոնք արվեստի բնագավառում են կամ շոու բիզնեսում, այդ հիվանդությունը բնորոշ է մարդուն, ով, ընդհանրապես, ինչ- որ հաջողության է հասել: Մենք ամեն դեպքում հայկական իրականության մեջ չունենք միլիոնատեր երգիչներ, ինչպես արտասահմանում, որ ասեն` ես ուզում եմ, որ առավտյան ինձ բերեք սառը կոլումբիական խաղող: Սա, ես կասեմ՝ աստղային հիվանդություն է: Կամ երբ MTV հեռուստաալիքն ես միացնում և տեսնում երգչի, որը պարծենում է իր Ռոլս Ռոյսի ոսկե անվադողերով: Սա է աստղային հիվանդությունը:

Դուք շքեղություն սիրու՞մ եք:
- Ոչ: Ես գեղեցիկն եմ գնահատում: Եթե ինքը գեղեցիկ է, դրա հետ մեկտեղ` շքեղ, ok: Իմ ընտրած գույները ամեն դեպքում շքեղության մասին չեն խոսում. ես սիրում եմ շագանակագույնը, կապույտը, կանաչը. անգլիական երանգներ: Ոսկու հետ սեր չունեմ ու, ընդհանարպես, փայլուն բաների:

Անցնենք բլից հարցերի` բաթլների:
Բլո՞տ թե պոկեր:
- Պոկեր խաղալ չգիտեմ, ցավոք, բլոտ:

Բլո՞նդ թե բրյունետ:
- Բրյունետ:

Մեսսի՞ թե Ռոնալդու:
- Ֆուտբոլից հեռու մարդ եմ, բայց, երևի, Մեսսի: Էդ տղայի մեջ պարզություն կա, դա ինձ դուր է գալիս:

Այֆո՞ն թե Գալաքսի:
- Այֆոն:

Մերսեդե՞ս թե ԲՄՎ:
- Ամբողջ կյանքում սիրել եմ Մերսեդես, մինչև նստեցի ԲՄՎ-ի ղեկին: Հիմա վարում եմ ԲՄՎ: Ու կարող եմ ասել, միանշանակ, ԲՄՎ: Էս դեպքում ասում են ոչ թե "ռույլդ աջ լինի", այլ ԲՄՎ-ի ղեկին լինի:

Ցուկերբե՞րգ թե Բիլ Գեյթս:
- Բիլ Գեյթս:

Շախմա՞տ թե նարդի:
- Շախմատ:

Թե՞յ թե սուրճ:
- Թեյ:

Պի՞ցցա թե բուրգեր:
- Պիցցա:

Սթիվ Ուա՞նդեր թե Ռեյ Չարլզ:
- Սթիվ Ուանդր:

Հյուսիսային պողոտա՞ թե կասկադ:
- Կասկադ:

Մաքսային Միությու՞ն թե Եվրոմիություն:
- Մաքսային Միություն: Տարբերակ չունենք ուրիշ:

Սելֆի՞ թե ինքնուկ:
- Սելֆի:

Խավիար. Սմբուկի՞ թե ձկան:
- Կարմիր խավիար:

Ասում են, իբր այս տարի ապխտած կոկորդիլոսին փոխարինելու է ապխտած այծյամը: Ամանորի այս տարօրինակ ճոխ "դելիկատեսներին" ինչպե՞ս եք վերաբերվում:
- Լավ PR է: Հակագովազդը լավագույն գովազդն է: Նպատակն էր՝ փնովել, իրենց նպատակին հասան: Շատ մարդիկ էլ գնեցին, լավ էր աշխատած: Ով ուզում է թող գնի, կարող են գնան փիղ բերեն, դնեն սեղանին, եթե դա ինչ-որ բան տալիս է իրենց: Մենք անցյալ տարի ուզում էինք գնալ "ՍԱՍ", կոկորդիլոսը գնեինք, տանեինք ձորում բաց թողնեինք և այս ամենը նկարահանեինք: Գինն է զարմացրել մարդկանց, ոչ թե կոկորդիլոսը: Ուղղակի այս ֆոնին, երբ կոնտրաստը շատ մեծ է հարուստների ու մարդկանց, միջին խավ չկա, մարդիկ չեն կարողանում հացի գումար վաստակել ու կոկորդիլոս կամ այծյամ…

Ո՞րը կհամարեք տարվա ամենամեծ ձեռքբերումը, և որն էր, ըստ Ձեզ, առավել շոշափելի ձախողումը:
- 2014-ի ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն էր, որ ես տեսա իմ աչքերով, նույնիսկ, կարելի է ասել՝ ձեռք տվեցի: Այն համախմբվածությունը իմ թիկունքում, որ ես տեսա, ինձ ուժ է տալիս՝ աշխատել ու չհուսահատվել: Իմ կյանքում եղել են պահեր, երբ հուսահատվել եմ, ասել եմ` չեմ ուզում ոչ մի բան անել, որովհետև արձագանք չէի ստանում: Սա դոպինգ էր, որը ինձ ուժ կտա աշխատել շատ երկար ժամանակ: Ամենամեծ նվերն էր 2014-ի: Շոշափելի ձախողումը էլի կապված է Եվրոտեսիլի հետ: Բոլորս ուզում էինք, որ լիներ առաջին տեղը, բայց չեղավ, դե չեմ կարող դրանից փախչել: Ես չեմ դժգոհում իմ զբաղեցրած տեղից` 4-րդ տեղն էլ վատ չէ, բայց առաջին տեղից լավ չէ, հաստատ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

20:49 Դեկտեմբեր 19, 2014

Ամենաընթերցված նյութեր