Վահրամ Սահակյան."ԱՆՇՆՈՐՀՔՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ"

Գուցե շատերը նրան համարում են ոչ ստանդարտ և էքսցենտրիկ, սակայն շատ քչերը կվիճարկեն նրա սուր միտքը, նուրբ հումորն ու անկաշկանդ արտահայտվելու բացառիկ ձիրքը: Արձակագիր Վահրամ Սահակյանը հայ ժամանակակից առավել համարձակ և ռեալիստ գրողներից է, ում հետաքրքիր է և լսելը, և "կարդալը": ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը Վահրամի հետ հիմնականում գրքի և ընթերցանության շուրջ էր, որը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր տարաբնույթ այլ երևույթների և իրողությունների վերաբերյալ նրա խիստ պատկերավոր մեկնաբանություններով:

 

Պրն. Սահակյան, ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել պարզելու համար, թե երևանցիների ո՞ր մասն է գիրք կարդում և ի՞նչ հաճախականությամբ: Պարզվել է, որ երևանցիների կեսից ավելին կամ ընդհանրապես գիրք չի կարդում կամ տարվա մեջ լավագույն դեպքում մեկ գիրք է կարդում:  Ինչի՞ մասին է խոսում այս պատկերը:

Այդքան շատ չեն կարդում, ինչ նախկինում: Նախկինում ասելով նկատի ունեմ 10 տարի առաջ: Չկարդալու պատճառները տարբեր են: Առաջինը`  շատ զվարճանքի վայրեր կան: Երկրորդը` ինտերնետը: Որոշ բաներ ինտերնետից են քաշում կարդում, եթե կարդում են: Ինֆորմացիան շատ է` ինտերնետ, սոցիալական ցանցեր, հեռուստատեսություն. կարդալը ընկել է հետին պլան: Ելնելով իմ գրքերի վաճառքից` կարող եմ ասել հետևյալը` վերջին գիրքս  տպել եմ 700 օրինակով, ինձ մոտ մնացել է մի քառասուն հատ: Օգոստոսից սկսել ենք վաճառել: Իմ համար դա նորմալ է: Իսկ ի՞նչ գրականություն կա այսօր, ինչպիսի՞ պոեզիա կա, ինչպիսի՞ արձակ։ Ես լավ ուսումնասիրել եմ ու կարող եմ ասել, որ հիմնականում ոչինչ չասող գրականություն է։ Պոեզիան տգեղ, արձակը՝ գրեթե ոչինչ չասող։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր գիրք պետք է սկանդալ առաջնացնի, բայց իսկապես, այսօրվա երիտասարդ կամ երիտասարդ համարվող գրողները ստեղծում են մի տեսակ տղամարդկային օրգան չունեցող վեպեր ու պատմվածքներ, որոնք ուղղակի այսօրվա ընթերցողին հետաքրքիր չեն։ Եթե հեղինակը արտահայտիչ ոճ չունի, եթե նրա ստեղծագործության մեջ ռիսկ չկա, սրամտություն չկա՝ դա ուղղակի չեն կարդա ու ճիշտ կանեն։ Նույնը պոեզիայում։ Հայտնվել են ինքնագործ, սիրողական մակարդակի պոետիկներ ու պոետիկուհիներ, որ ուղղակի տգեղ բառակույտ են սփռում թղթին, մի գրքույկ տպագրում, իրենց ընկերներով շնորհանդես անում, իրար շնորհավորում, նկարները գցում սոցիալական ցանց ու գնում են տուն, վերջ, էդ գիրքը մոռացվում է։ Ինչի՞ են գրում, չես հասկանում։

 

Իսկապես, նախընտրությունները փոխվել են: Ժամանակակից աղջիկներին այսօր դժվար թե տղան կարողանա պոեզիայով գրավել:

Մշակութային կյանքը այնքան տաղտկալի ու գաղջ վիճակի է հասել, որ երբ ինչ-որ մեկը հերթական միջակ գիրքն է տպագրում՝ շատերը դա համարում են որպես արտառոց երեւույթ։ Ու եթե կան գրաքննադատներ կամ գրականագետներ՝ նրանք էլ փոխանակ գոնե մի անգամ ծանոթանան այդ թյուրիմացությանը՝ սկսում են աշխարհով մեկ անել դա, թեեւ, մեկ է, ոչ մեկին չի հետաքրքրում ու լավ է, որ չի հետաքրքրում։ Վատ է միայն այն, որ արժեքավորն էլ, միջակն էլ, վատն էլ հավասարվում են իրար։ Մշակութային կյա՞նք։ Ապա նայեք վիճակը՝ Հայաստանում յուրաքանչյուր տասը մեքենայից հինգի մեջ ռաբիզ է հնչում, մյուս հինգի մեջ` "մուռկա": Հետո այն թափանցում է ուրիշ ոլորտներ։ Ռաբիզությունը, անճաշակությունը սկզբում ավելի շատ արտահայտվում էր երաժշտության մեջ, հիմա այն թափանցել է արվեստի բոլոր ճյուղերի մեջ: Գռեհիկ արվեստն է հիմա տարածված: Տգետ մարդիկ կան, օրինակ, գռեհիկ կոչում են այն գրականությունը, որտեղ հայհոյանքներ կան, բայց դա բնավ կապ չունի գռեհկության հետ. դա լեզվի, ոճի խնդիր է: Գռեհկությունը արվեստում ցածր թեմաների մասին խոսելն է` խղճահարություն առաջացնող սցենարներ, հիվանդ մարդկանց են նկարագրում, աղքատ ընտանիք, մեռնող տատ, պապ: էսպիսի տաղտկալի գրականություն է տարածվում ու դա ցավալի է, դիտմամբ են գրում: Ընդհանրապես այդ թեմաները արծարծելը կեղծ հուզում առաջացնելը` թերթերում, ինտենետում, ամենուր է սա: Ի՞նչ է նշանակում "այստեղ դուք կհուզվեք" վերնագրով նյութը: Իրենք արդեն քո տեղը որոշում են: էդ մարդիկ փող են աշխատում ինտերնետում: Օրերս տեսա ֆեյսբուքում, գտել են ինչ-որ փողոցային մուրացկանի, նրա համար պիցցա են գնել, հյուրասիրել ու բոլորը սկսում են նայել դա: Նորմալ մարդը, եթե էդպիսի բան հանդիպի սոցիալական ցանցում, կծիծաղի, իսկ էդ անողները իրական կյանքում երբեք մի դրամ փողոցում, ամենավատ վիճակում գտնվող մայրիկին չեն տա: Իմ կարծիքով ու ես չեմ կարծում, որ սխալվում եմ, այսօրվա օրով կեղտոտ գրականություն է տարածվում, դրա դեմն առնել հնարավոր չէ:

 

Հեռուստատեսությամբ հնարավո՞ր է դեմն առնել:

Հեռուստատեսությա՞մբ: Հեռուստացույցը միացնում ես մեկն ասում է եղբորս կինը պառկել է հոր հետ, հայրն էլ ասում է ոչ թե հոր, այլ քրոջ հետ: Մի հատ խառը ընտանեկան ինցեստ, կողքից էլ մի հատ միրուքավոր "պիռատ տերտեր" դուրս է գալիս ու ասում, որ մեր ժողովրդին փչացնում են արտասահմանյան կազմակերպությունները: Միշտ, բոլոր ժամանակներում մարդիկ գտնում են մեղավոր: Մեղավորը էս է, մեղավորը աղանդավորներն են, գեյերն են, Եվրոպան է, Պուտինն է: Ինչու՞ են իրենք խոսում այդ մասին: Դրա մասին իրենք խոսում են, որ արդարացնեն իրենց, որ ոչ մի բան չեն անում: Ի՞նչ է նշանակում հեռուստատեսությամբ ցույց տալ ահասարսուռ ընտանիքներ:  Խղճահարության վրա փող են աշխատում: Կամ մի երեխայի օգնելու համար հաշվեհամար են բացում: Հենց հիմա ես փորձի համար անկապ հաշվեհամար բացեմ, ոչ մեկ չգիտի` էդ ի՞նչ հաշվեհամար է, ու՞մ ես օգնում: Բայց իմ մասին կասեն՝ "մալադեց"։  Էսպիսի խայտառակ վիճակ ես դեռ չեմ տեսել: Մշակույթը այսօր գտնվում է ամենախայտառակ վիճակում: Հիմար կոմեդիաներ, դերասան անվանվող կեսթիզանոց մի խուճուճ բալոնկայի են նկարում, ասում են դերասան է, կինո է։ Որովհետև ժողովրդի մեծ մասին դա է դուր գալիս: Ուշադիր հիմա նայեք` ինչպես են խաղում, ինչպես են խոսում, դրանց ծռմռված բերաններին նայեք: Վերցրեք ռուսական ամենավատ սերիալը, կարող է վատ է նկարած, չգիտեմ,  բայց որ վատ խաղա՞ն: Բա ինչի՞ց է, որ մարդիկ անկիրթ են, անշնորհք, անպարկեշտ ու անբարո։ Դա նրանից է, որ արվեստում ահռելի մեծ չափով հայտնվել ու հաստատվել են անշնորհք, դատարկ գրողներ, դերասաններ, բեմադրիչներ, երգիչներ եո երաժիշտներ։ Այնքան շատ անշնորհք, ինչքան կա այս փոքրիկ երկրում՝ երեւի չկա ամբողջ եւրոպայում… Անշնորհքներ առանց սահմանների… Ու երկիրն էլ սկսում է ապրել նման կեղտոտ ու ցածր արժեքներով։ Անբարոյականությունը արդեն չի համարվում բացասական երևույթ, որովհետև հեռուստացույցով մարդիկ հանգիստ ասում են` ով ում հետ է կենակցել, ով ում կնոջն ու տունն է խլել եւ այլն։

 

Կցանկանայի անդրադառնալ ձեր գրքերին: Գնու՞մ են, կարդու՞մ են: Ձեր վերջին գրքի` "Վարձու ինքնասպաններ"-ի շնորհանդեսին մարդկանց հոսքն ինչպիսի՞ն էր:

Կարդում են, հետաքրքրվում են, բայց տպավորություն կա, որ մի քիչ դժվար են ընթերցում։ Մարդկանց ասում ես՝ 2 ամիս առաջ շնորհանդեսին ձեռք ես բերել իմ գիրքը, ինչպե՞ս էր, կարծիքդ ասա, ինքն ասում է, որ դեռ մի մասն է կարդացել։ Կամ էլ՝ չհասցրի կարդամ, եկան-տարան: Էդպես է, մեկն առնում է ու մի 30 հոգի կարդում։

 

Այսօր թանկ են գրքերը, գուցե դրա համա՞ր չեն գնում, նախընտրում են ինտերնետով կարդալ:

2000- 2500 դրամ:  էդպիսի գին եմ դրել, որ խոսակցություն չլինի` մի քիչ թանկ է, մի քիչ էժան է: Երբեմն շատ վիարվորական են պահում իրենց գրողի նկատմամբ: Կարող են գալ, ասել` քո հին գիրքն ենք ուզում, ու դա ասեն քո նոր գրքի շնորհանդեսին: Կարող են գալ էնտեղ թաղումից խոսել, գալ ասել` մենք սրան ենք ծանոթ, նրան ենք ծանոթ, ձեր տուն եմ եկել, առանց հասկանալու, որ դա ոչ մեկին չի հետաքրքրում:  Իսկ երբ գալիս հարցնում են` որտեղից գնենք ձեր գիրքը՝ ես արդեն գիտեմ, որ ինքը չի ուզում էդ գիրքը, իրեն չի հետաքրքրում, ուղղակի հարցնում է:  Այդ հարցը չի կարելի տալ կամ երբ լրագրողներն են հարցնում` ինչի մասին է ձեր գիրքը: Ես գիտեմ ինչի մասին է: Ընդհանրապես, շատ կարևոր բան է գրողի հետ հանդիպումը: Ես հիշում եմ հայրիկս, ուրիշ շատ գրողներ` Գևորգ Էմինը, Ռազմիկ Դավոյանը եւ մյուսները գնում էին, հանդիպում էին ընթերցողների հետ: էնտեղ նամակներով, թղթերով հարցեր էին փոխանցում:  Հիմա դա ես ինքս պետք է կազմակերպեմ: Պետք է գիրքը տանել մարզեր: Էս վերջերս գիրքը տարա Գյումրի, որ էնտեղ դնեն գրախանութներում, մարդիկ հետաքրվեն, գնեն: Պետք է իմանաս էնտեղ մարդիկ ինչ վիճակում են, ինչ գին դնես: Նոր գիրք ես ինտերնետից, օրինակ, չեմ սիրում կարդալ: Ես իմ կարդացած գրքերն եմ քաշում այփադի մեջ վերընթերցելու համար: Շատ հարմարություններ ունի` քո ուզած մասը կարող ես մի վայրկայանում գտնել: Հիմա շատ եմ թերթում Մայլս Դեյվիսի ինքնակենսագրությունը, շատ լավ գիրք է ու էնտեղից եմ ընտրում և էն մասերը կարդում, վեընթերցում, որոնք ինձ հետաքրքիր են:  

 

Խորհրդային շրջանում պրոպագանդվում էր գիրքը: Գիրքը համարվում էր անձի գնահատման կարևորագույն գործոն: Մարդիկ տանը, անպայման ունեին շքեզ գրադարաններ: Գրքի հանդեպ սերը պետք է սերմանել վա՞ղ տարիքից, թե՞ հնարավոր է ընթերցասեր դառնալ կյանքի ինչ-որ փուլում:

Եթե ընտանիքում գիրք հասկացությունը չի հարգվել, չեն սիրել գիրք, էդ երեխան դժվար գիրք սիրի: Գրադարաններ ունեին, բայց էն ժամանակ էլ մի քիչ ցուցադրական բան կար դրանում:

 

Իսկ գրաքննադատությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

Գրաքննդատություն եթե հիմա լիներ, շատ լավ կլիներ: Հիմա ամեն մեկը գիրք է տպում, կայքերով տարածում են, իրենց ներկայացնում են արվեստագետ: Հայագետը, որ ուրիշ երկրից գա միացնի հեռուստացույցը, ի՞նչ պետք է տեսնի՝ մի ալիքով Գոռ Վարդանյանի ֆիլմերը, մյուս ալիքով "Կիսաբաց լուսամուտներ" կամ տեսնի մերօրյա աստղերին: Վերցրեք, օրինակ, ֆրանսիացի մի երգչուհու, օրինակ` Զազը: Ուրախ, թռվռան, ճաշակով երգչուհի։  Ու հիմա նայեք էս աստղ համարվողներից շատերին` քսած պռոշները, նամռութ, որ նայում ես կլիպի մեջ պիտի ժպտա, շատ դժվար է ստացվում իր մոտ: Մի ահասարսուռ երևույթ: Մի խոսքով՝ 25 տարեկանում արդեն դախ։ Թատրոնում եւ սերիալներում համատարած ինքնագործունեություն է տիրում։  Ընդ որում սերիալներում խաղացողների մեծ մասն ընդհանրապես դերասան չի, ասում են՝ դե փող ա, էլի, աշխատում ենք։ Դե թող էլեկտրիկը գնա սերիալում խաղա, հետո երբ իր երեխայի գլանները հանողը ոչ թե վիրաբույժ լինի, այլ սանտեխնիկ ու երեխան մահանա՝ թող նա չզարմանա, բա գործ ա, անում ենք, ախպեր։ Բա լավ է՞ որ դու դերասան ես, երեք միլիոն մարդ ես փչացնում  քո անտաշությամբ, ծամածռությամբ: Թող գրաքննդտություն լինի, քննդատեն, սխալները վեր հանեն: Թող ինձ քննադետեն, թող ասեն կոպտություն կա, թող ասեն ինչ-որ ոչ հայերեն արտահայտություններ կան, թող մի բան ասեն (օրինակ, ես  բառեր եմ, հնարել՝ Ճեղճ` դա խեղճի վատ տեսակն է, հոնդոններ` հո սա էլ քֆուր չի, էս գրքում քֆուրներ չկան, ես էլ եմ ուզում կարդամ էս գիրքը):

 

Ովքե՞ր են, օրինակ, ճեղճերի շարքին դասվում: 

Ճեղճը դա խղճահարություն կորզող խեղճն է, ցածր մարդը։ Իսկ խեղճը… Օրինակ այսօրվա երիտասարդները մի տեսակ խեղճ են, այսինքն անկարող են, աշխույժ չեն։ Մի էսպիսի տարածված արտահայտություն կա, չէ՞, երբ ասում են, իբր այսօրվա երիտասարդները փչացած են, չգիտես ինչ են, բա մենք էդպիսին էինք: Չէ, նման բան չկա։  Փչացածը մենք էինք: Հիմա շատ պարկեշտ, ամեն մեկը մի ընեկերուհի ունի կամ "բոյֆռենդ": Հինգ տարի՞, "բոյֆռենդ": Ինձ հարցրեք` Վահրամ Սահակյան, հինգ տարի "գիրլֆրենդ" ունեցե՞լ ես դու քո կյանքում: Հինգ տարի ես նույնիսկ ինքս իմ հետ չեմ եղել: Լավ է, բայց ճարպիկ չեն, էդպիսի տպավորություն են թողնում: Լավ երիտասարդը կարդում է, լավ երաժտություն լսում:  Աննորմալ երիտասարդը թրև է գալիս փողոցում, քոմենթներ գրում ապուշ-ապուշ, ինքը նացիոնալիստ է, դատարկ ու սուտի հայրենասեր: Ես չեմ հասկանում էդ հայրենասիրությունը վերջ չունի՞: Հայրենասիրությունը կարող է արտահայտվել մի տեղ` երբ որ քեզ տարել են բանակ ու դու գտնվում ես, այն էլ, առաջին դիրքում, և` վերջ:  Մարդիկ մեծամասամբ անում են անիմաստ բաներ կամ էլ խոսում, որ աշխարհը հայերից է առաջացել: Փողոցում քայլում եմ, այնքան բարձրաձայն են հեռախոսով խոսում, նորմալ մարդը տանը, նույնիսկ,  էդքան բարձր չի խոսի:  Այ սա անկրթություն է, նման մարդու չես փրկի, նրա մոտ գենետիկ անշնորքություն կա, անշնորքությունն ու անճաշակությունը գենետիկ է: Ինչ գնով լինի մի հատ թող դուրս գան, աշխարհով պտտվեն, ոտքները դուրս դնեն, շատ կփոխվեն:

 

Այսօր շատ է խոսվում արտագաղթի ծավալների ու պատճառների մասին: Շատերը գնում են ու շարունակ քննդատում Հայաաստանի իշխանություններին, ընդ որում, ֆեյսբուքյան ստատուսներով: Մեկն ասում է` լավ է Ռուսասատանի հետ լինենք, մյուսը` Եվրապայի:

Շատերը նույն ձևի մնացել են, նույն թեմաներն են խոսում, նույն "արաղն" են խմում, նույն պանիրը ուտում ու նույն կենացներն ասում: Կամ էլ գնում, դառնում են իբր ընդդիմադիր, մյուսներին սկսում քննադատել: Ես մետվածություն չեմ սիրում: Ռուսատանի կողմն ես, լավ է քո կարծիքն ունեցիր, ինչի՞ ես մյուսին ասում գեյ (7 տարի Եվրոպայում եմ ապրել՝ մի հատ գեյ չեմ տեսել)։ Կամ հակառակը` Եվրպայի կողմն ես, ինչի՞ ես ուրիշին ասում "կագեբեյիշնիկ": Արտագաղթածները գնում են էնտեղից ասում են` դուք ստրուկ եք, դուք Պուտինի "տակ եք": Դրանց ես ասում եմ` "դարդագաղթածներ": Գնացե՞լ եք արա՛, պալմի տակ պառկեք, հանգստացեք:

 

Լավ գրողը ինչպիսի՞ն պետք  լինի:

Կապ չունի գրողը, առհասարակ, մարդը, պետք է թարմ լինի: Թող ֆեյսբուքում հետ տան, էնտեղ էդպիսի հնարավորություն կա, նայեն ինչ էին գրում մի տարի առաջ, ինչի վրա էին ուշադրություն դարձնում, եթե ոչ մի բան չի փոխվել: Ժամանակը ահավոր բան է: էն ինչի մասին մտահոգվում էիր երկու ամիս առաջ, հիմա ծիծաղելի է թվում: Մարդ պետք է փոխվի: Չի կարող  գրողը գրել էնպես, ոնց որ 60 թվին, եթե էդպես է, ուրեմն ինքը մեռած է: Կյանքը անցնում է փոքր անկարևոր իրադարձությունների շարանով: Մարդ ինչքան մեծանում է պիտի խելոքանա չէ՞, բայց հակառակն է` ինչքան մեծանում է, էդքան դեբիլանում:

 

Կա՞ գիրք, որ գրել եք, վերջում փոշմանել:

Այո "Թերիները": Ինձ դուր չի գալիս էդ գիրքը: Մարդ ինչ-որ անցյալում անում է, իրեն դուր չի գալիս ներկայում: Երբեմն լինում են անկումային պահեր, ինձ թվում է, որ ես շատ անտաղանդ եմ, չի ստացվում:

 

Ի՞նչ եք գործածում գրելիս, խմիչք կամ ծխախոտ։

Իտալական էսպրեսսո եւ սիգար։ Օրինակ` կուբայական սիգարը լավ է պոեզիայի համար, բայց արձակի համար, որ հայհոյանքների մաս կա` հոնդուրասյան սիգար եմ ծխում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:43 Դեկտեմբեր 10, 2014

Ամենաընթերցված նյութեր