Աղասի Ենոքյան. Սահմանադրական բարեփոխումների առումով գնում ենք "կրկին փորձիր" տարբերակով

ԲԱՐՈՄԵՏՐԻ և քաղաքագետ Աղասի Ենոքյանի միջև երկխոսության առանցքային թեման, թեպետ, Սահմանադրական բարեփոխումներն էին, սակայն բավականին հետաքրքիր էին նրա դիտարկումները մեր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ:

 

Պարոն Ենոքյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մասնագիտական հանձնաժողովը հանձնել է երկրի նախագահին: Առաջարկվող փոփոխությունների առանցքը կառավարման ձևի փոփոխությունն է` անցումը կիսանախագահականից խորհրդարանականին: Ըստ ձեզ, որքանո՞վ է մեր երկրի համար հասունացել այս "անցումը":

Հայաստանը մշտապես գտնվել է սահմանադրական ճգնաժամի մեջ: Այսինքն` մեր երկրում Սահմանադրությունը չի կարողանում այնպես "աշխատել", որ "նրա կարիքը չզգացվի": Այն հիմնական խնդիրը, որը պետք է սահամանդրությունը լուծեր` իշխանության ճյուղերի տարանջատումն էր, որը, ցավոք դեռևս մնում է խնդրահարույց: Հիմա ինչ-որ տեղ մենք գնում ենք "կրկին փորձիր" տարբերակով: Տեսնենք այս անգամ ինչ կստացվի:  Ինչո՞ւ այս հարցը սկզբում քննարկվեց  իրավագետների, սահմանադրագետների շրջանում: Իմ կարծիքով, այս փոփոխություններին նախ և առաջ պետք էր քաղաքական լուծում տալ, այսինքն` քաղաքական ուժերի հետ դրանք քննարկվեր, նրանց հետ ինչ- որ կոնսենսուսի գալ, հետո նոր տրվեր իրավագետներին, որպեսզի նրանք այդ ամենին իրավական հստակ "փաթեթավորում" տային: Հիմա մենք գնում ենք հակառակ ճանապարհով` իրավագետները պետք է տան քաղաքական հարցի լուծումները, հետո սա տանենք քաղաքական ուժերի հետ քննարկման:

Ոչ իշխանական եռյակը նշում է, որ իրականում սահմանադրական բարեփոխումների անվան տակ իշխանությունները փորձում են իրենց վերարտադրման խնդիրը լուծել: Ըստ ձեզ, որքանո՞վ է հիմնավոր նման մոտեցումը:

Կառավարման այս ձևը փորձարկվել է մի շարք երկրներում, այդ թվում` մեր հարևան Վրաստանում, երբ սահամանադրական բարեփոխումների կամ փոփոխությունների անվան տակ Սահակաշվիլին փորձեց երկարաձգել իր իշխանությունը: Սահմանադրության հետ խնդիրը ակնհայտ է, միաժամանակ, ակնհայտ է, որ հնարավորություն է բացվում նաևՀՀ նախագահի համար փոփոխություններից հետո կրկին մնալ իշխանության գլուխ:

ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում իրականացրած զանգվածային հարցումները վկայում են, որ հարցվողների 46%-ը կամ լիովին կամ էլ հիմնականում կարևորում են սահմանադրական փոփոխությունների անցկացումը: Կարո՞ղ է արդյոք այս ցուցանիշը բարեփոխումների հայեցակարգին կողմ ուժերի համար մեկնարկի լավ պայմաններ ստեղծել:

Կարող է, ինչո՞ւ ոչ: Ես մի բան եմ ուզում հիշել, որ կարծես թե բոլորը մոռացել են այդ մասին: Երբ սահամանդրական բարեփոխումների հարցը ներկայացվեց, եթե հիշում եք, փաթեթով էր: Կար ինչ-որ դժգոհություն կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված և, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը փոխեց վարչապետին և ներկայացրեց այս բարեփոխումների հարցը: Այսինքն` կարծես սկզբանական ինչ-որ պայմանավորվածություն կար այն ուժերի հետ, որոնք պահանջում էին փոփոխություններ: Ես չգիտեմ` այդ պայմանավորվածությունները դեռևս մնու՞մ են ուժի մեջ, կշարունակվե՞ն թե ոչ, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ ձեր նշած սոցիոլոգիական ցուցանիշը կարող է լինել լուրջ հարթակ, որտեղից սկսած իշխանությունները  կարող են  իրենց առաջարկած փոփոխությունների փաստարկներն ավելի ուժեղացնել:

Ըստ ձեզ, արդյո՞ք հանրաքվեի կդրվի հենց այս փոփոխությունների տարբերակը, թե, այնուամենայնիվ, այլ` լրամշակված տարբերակ կդրվի:

Բնական է, որ կվերամշակվի, որովհետև, եթե նույնիսկ, իրական քննարկումներ չլինեն, գոնե, երևութականություն պետք է ապահովել:

Հասարակության որոշակի շրջանակներում անվստահության մթնոլորտ կա առկա գործընթացների հետ կապված: Մեծ մասը, առանձնապես, պատկերացում էլ չունի, թե ի՞նչ ասել է կիսանախագահական համակարգ կամ խորհրդարանական, ինչո՞ւ պետք է այս փոփոխությունները լինեն, վերջապես դրանք ինչպե՞ս կանդրադառնան իրենց կեցության վրա:

Սա կարևորագույն խնդիր է, որ պետք է լուծեն այս բարեփոխումների կողմանակիցները, և նաև նրա ընդդիմախոսները: Օրինակ` նույն կենսաթոշակների հետ կապված հարցում ինչո՞ւ էր հստակ քաղաքացու դիրքրոշումը, որովհետև բոլորը հասկանում էին, որովհետև այդ ամենը չափելի, հաշվելի էր, իսկ այս դեպքում ոչինչ հաշվելի չէ: Մի բան ակնհայտ է, որ քարոզչական բոլոր հնարներով պետք է մարդկանց մատուցվի դրանց "օգուտներն" ու, ինչու ոչ` նաև "վնասները": Այս փոփոխությունների կողմանկիցները  համակարգի թերությունները շտկելու համար ելքեր են փնտրում` կլինի կոռուպցիա, արտագաղթ, աղքատություն: Եվ որպես հնարավոր ելք  առաջարկում են սահմանադրական փոփոխությունները: Սրանով արմատապես կառավարման մեխանիզմն է փոխվում: Եթե կարողանան լուծել նաև ընտրությունները չկեղծելու հարցը, եթե կարողանան լուծել անհատական և թիմային կուսակցական պատասխանատվության հարցը, Էս  ամենը, կարծում եմ, կարող է ինչ որ կերպ  էական փոփոխություններ առաջ բերել:

Իսկ դուք հնարավոր համարու՞մ էք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դառնա իշխանափոխության, գուցե թե նաև հեղափոխական գործընթացների իրական հանգրվան:

Ես հեղափոխությունը մեր երկրում համարյա անհնար եմ համարում: Նախ` քաղաքական ուժեր չկան, որ հեղափոխության իրական հարց դնեն: Այսօր մեր երկրում մի հիմնական քաղաքական հարց կա, որը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն է: Քննարկումները, քաղաքական ուժերի մոտեցումներն ու փաստարկները նույն ԵԱՏՄ-ի անդակակցության վերաբերյալ, բավականին թույլ են: Չկա քաղաքական ուժ, որը առաջ կտանի Հայաստանի եվրոպական ընտրության հարցը: Այն ուժերը, որոնք կոչվում են ոչ իշխանական, բոլորը էլ ունեն պրոռուսական ուղղվածություն: Այս հիմնական հարցում, եթե չկա քաղաքական տարակարծություն, ինչի վրա են այդ հեղափոխությունը անելու: Տեսեք` ինչ է կատարվում դոլարի հետ: Սա, անմիջականորեն, Ռուսաատանի արձագանքն է, որն այստեղից հիմա դոլար է տանում: Ռուսաստանի տնտեսական վիճակը օրօրի վատանում է: Վերջին տվյալներով` Ռուսատանից եկող տրանսֆերտները մոտ 20 տոկոսով կրճատվել են: Էս ամենը մեր վրա միանշանակ բացասական է ազդում, դրան գումարած ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Այդ անհասկանալի հրեշը, որին մեք անդամակցում ենք, չգիտենք` մեզ ուր է տանելու: Ռուսաստանը մահամերձ վիճակում  է գտնվում և այդ մահամերձի հետ "ամուսնանանլու" պատճառը չեմ հասկանում: Կարող է պատմության մեջ էդպիսի դեպքեր եղել են, որ մահամերձի հետ ամուսանում են, չգիտեմ` լավ կտակի համար կամ տիտղոսի համար, հիմա անհասկանալի է, թե մենք ինչի համար ենք այդ բեռի տակ ընկնում: Մնում է հուսալ, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր կլինի ինչ-ինչ կարևոր և կենսական հարցեր լուծել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:01 Դեկտեմբեր 05, 2014

Ամենաընթերցված նյութեր