20 000 դիտում ընդամենը 2 օրում

Կարմիր բլուզով, գլխարկով սիրիահայ աղջիկը STATION Pub-ում համարձակ կատարեց Էմմի Ուայն Հաուսի " You Know I'm No Good" երգը: Ընկերների հեռախոսով նկարահանված տեսանյութն արագորեն տարածվեց համացանցում: Դիտումների քանակն ի զարմանս շատերի, ինչպես նաև տեսանյութի հերոսուհու, շատ արագ աճեց՝ մոտ 20 000 դիտում ընդամենը երկու օրվա ընթացքում: Հենց այս հանգամանքը հետաքրքեց թվեր և փաստեր արձանագրող ԲԱՐՈՄԵՏՐ-ին զրուցել Անկին Գարաբեդյանի հետ:

http://youtu.be/_VvrahD1Rjc

Անկին, երգի հերոսուհին բավականին ազատամիտ է և կարծես, ոչ այնքան կայուն իր զգացմունքների մեջ: Նա որքանո՞վ է մոտ քեզ, քո էությանը:

Մեզ փոքրուց սովորեցրել են մեկին սիրել, նվիրվել, հավատարիմ լինել: Մեր ընտանիքում միշտ էդպես է եղել, ես դա եմ տեսել, ինձ էդպես են դաստիարակել: Երևանի երիտասարդությունը շատ ազատ է: Սիրիայում հայ երիտասարդները շատ զուսպ են, էնտեղ եթե ընկեր ունես, չես կարող իր ձեռքը բռնած ման գալ: Գիրք եմ գրում 15-ից 21 տարեկան պատանեկության, երիտասարդության շրջանի մասին` Սիրիայի երիտասարդների ու Երևանի երիտասարդների տարբերությունը, ինչքանով ենք նման, ինչպիսի պատկերացում ունենք, օրինակ, սիրո մասին: Էստեղ որ համեմատում եմ ավելի ազատ են, բաց են, էնտեղ մտածում են` եթե ձեռքը բռնած ման են գալիս, ուրեմն պետք է նշանվեն, ամուսնանան, էստեղ կարող են ընկերուհի ունենալ մի ամիս հետո բաժանվեն:

Արդյոք արժե՞ այդքան խիստ դատել` շփվեցին` չստացվեց, ամեն ինչ կարող է պատահել: Կարելի՞ է արդյոք մարդուն դատել միայն նրանով, որ ընկեր է ունեցել կամ ընկերուհի, ձեռքն է բռնել թեկուզ համբուրվել են և հետո հանգամանանքերի բերումով չեն ամուսնացել:

Իհարկե ոչ: Ասածս նրա մասին է, որ գալիս են, ազատություն են տեսնում ու միանգամից են բացվում, կտրուկ փոխվում: Պետք է չափ ու սահման լինի: Երբ սահման չկա, հետաքրքրությունը կորում է: Ինձ համար ադապտացման փուլը շատ դժվար է եղել, բայց ասեմ, ինչպես էնտեղ էի, էստեղ էլ նույնն եմ մնացել:

Կպատմե՞ս այդ երեկոյի մասին STATION PUB-ում, ինչպե՞ս ստացվեց այդքան բնական` կերպարի մեջ մտնել: Երգի մեջ ներքաաշեցիր քեզ լսողներին: Բոլորի ուշադրության կենտրոնում էիր այդ օրը:

Այդ օրը` կիրակի, իմ ծննդյան օրն էր: Առավոտյան գնացել էինք Ազատի կիրճ լեռնագանցության, եկանք հոգնած, մտածեցինք ինչ անենք, որոշեցինք գնանք երգենք: Գնացինք STATION Pub. էնտեղ ամեն կիրակի հավաքվում երգում են: Երգեցի ընկերներս նկարեցին ու գցեցին յութուբ:

Երևի ծննդյան ամենալավ նվերը տեսանյու՞թն էր:

Ամենալավ նվերը էս գլխարկն էր ու բալի կոմպոտը, որը ընկերենիցս մեկն էր բերել` գիտեր, որ շատ եմ սիրում: Ամենալավ նվերն իրականում այն էր, որ ծննդյանս օրը միայնակ չմնացի: Ինձ համար նվերը կարևոր չի թե ինչ կլինի, կարևորը ուրախ լինի: Փոքր բաներն եմ ես գնահատում, փոքր ուրախությունները մեծ ուրախություններ են բերում: Օրինակ` թեկուզ այդ տեսանյութը: Ի՞նչ իմանայի` կքնեմ, կարթնանամ, այդքան դիտում կունենա: Ուրախացա, անշուշտ, որ մարդկանց իմ կատարումը դուր է եկել:

Գիտեմ, որ Հալեպից ես եկել ընտանիքով, գիտեմ ինչ ապրումներ ես ունեցել:Կպատմե՞ս քո մասին` ինչով էիր զբաղվում, հիմա էստեղ ինչ զբաղմունք ունես: Հնարավո՞ր է երաժշտությամբ հետագայում ավելի լուրջ զբաղվես: Հայտնի, ճանաչված դառանալու մտքերը քեզ այցելե՞լ են:

Միշտ էլ ցանկացել եմ հայտնի դառնալ, բայց ոչ թե մարդիկ ինձ ճանաչեն, աստղ դառնամ, այլ ասելիք ունենամ, կորողանամ ինչ որ բան փոխանցել ոչ միայն իմ երգերով, ապագայում իմ գրքերով: Ուզում եմ լինել էն սիրիահայ աղջիկը, որ իմ ձայնը լսվի ոչ միայն երգով, այլ ասելիք ունենամ, կարողանամ մադկանց օգտակար որևէ բան փոխանցել: Միշտ երգել եմ, 15 տարեկանից երգեր եմ գրում, դաշնամուր նվագում: 31 երգ ունեմ գրած: Հենց ուրախ կամ տխուր պահեր են լինում գրում եմ: Գիշերն եմ գրում, երբ բոլորը քնած են: Էմոցիաներից երբեմն արտասվում եմ, հիշում եմ Հալեպի մեր տունը: Պատերազմը նոր էր սկսվել, մենք Հալեպում էինք ապրում, պատերազմի կեսից եկանք էստեղ, բայց էն ինչ տեսել էինք մեզ համար բավական էր, ընկերներ կորցնելը, էդ ամենահավոր բանն է, ընկերների կամ հարազատների վախը, որ չկորցնես, էդ վախով ենք ապրել: Ամեն մարդ էնտեղ աշխատանք ուներ, տուն, սիրած զբաղմունք, թողել են իրենց տները եկել Հայաստան, դժվար է ընտելանալ: Մայրենի հողդ Հայաստան է, բայց որ 18 տարի էնտեղ ես ապրում, նա էլ է դառնում քո տունը, ես ասում եմ Հայաստանն էլ է իմ տունը, Սիրիան էլ: Իմ հարազատները բոլորը էնտեղ են, իմ քույրը բալիկի է սպասում, երեխա է ունենալու էնտեղ: Իմ սիրտը ցավում է, որ մեր ընտանիքները բաժանված են: Կուզեի բոլորս միասին լինեինք: Տեղի հայկական դպրոցում եմ սովորել: Սիրիայում լողի չեմպիոն եմ եղել, երգով, լողով զբաղվել:

Ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ, ինչո՞վ կուզես ապագայում զբաղվել:

Երգը, նվագելը կարևոր է, բայց հիմնական մասնագիտություն ունենալը կարևոր է: Ուսմանը մեծ տեղ եմ տալիս: Ես ամեն օր պետք է գիրք կարդամ, չեմ կարող առանց գրքի: Արաբերեն եմ սիրում կարդալ, անգլերեն, գիտաֆանտաստիկ գրքեր եմ սիրում: Երևի տարօրինակ է, բայց ֆիլմերում էլ, գրքերում էլ վատ կերպարներին եմ ավելի շատ սիրում: Նրանց կերապարը միշտ ավելի հետարքիրքիր է: Մտածում եմ` կարող է նրանց մեջ բարությունը ավելի շատ է, ուզում եմ հասկանալ ինչից է նա այդպիսին դարձել, ինչի է չար: Ես հավատում եմ, որ չար մարդ չի ծնվում, նրա հետ անպայման մի բան լինում է, որ չար է դառնում, փորձում եմ իր տեսնկյունից նայել: Շատ են ասում այս մարդը վատն է, իր հետ հնարավոր չէ խոսել, շփվել: Ոչ, իր հետ կարող ես շփվել, եթե փորձես հասկանալ: Որ լսում եմ երիտասարդները կամրջից իրենց գցում են, սարսափում եմ, ինչի՞ համար են անում` պարտք ունեն, սերն են կորցրել, բայց չէ՞ որ ամեն խնդիր լուծելի է: Մտածում եմ` եթե մեկը լինի նրանց քաջալերի, փորձի նրանց հասկանալ, միգուցե այդ քայլին չդիմեն:

Իսկ քեզ ո՞վ է քաջալերում կամ սխալներիդ մասին առաջինը շտապում ասել: Ի՞նչն է իսկապես քեզ համար անգին:

Ինձ համար անգին է իմ ընտանիքը: Առաջինը ընտանիքը, հետո արդեն ամեն բան երկրորդական է: Ինձ քաջալերողները մայս ու հայրս են, սխալներիս ու թերություններիս մասին անկեղծ խոսողները, իմ ամենալավ խորհրդատուները: Մայրս ասում է, որ երբ մարդ վատ է վարվում դիմացինի հետ, ինքն իրեն է առաջին հերթին վատություն անում, որովհետև բումերանգի նման դա հետ է գալիս: Սա իմ կյանքի կարևոր կանոններից է:

Ի՞նչ ծրագրեր ունես, էստեղ ապրել, ամուսանանալ…

Չեմ կարող ասել` օրը ինչ կբերի, բայց եթե էնպիսի մարդ լինի, որ հայրենասեր լինի, բարի սիրտ ունենա, էստեղ էլ կամուսնանամ, երեխաներ կունանամ, իմ հողում կշարունակեմ կյանքս: Փոքրուց ես տեսել եմ, որ մամաս պահանջկոտ չի, փոքր բաներից շատ է ուրախանում, ես որ տեսնում եմ, թե ինչքան ուրախ է ինքը՝ ես գիտեմ, որ ես էլ եթե իր նման լինեմ, ուրախ կապրեմ: Ամեն ինչ փողը չի, փողով չես կարող իսկական սեր ունենալ: Ասել են արի փողով երգի՝ ես չեմ կարող, ես սիրելով եմ երգում:

Նկատեցի՝ տատու ունես ձեռքիդ:

Հին վիքինգների լեզվով է գրված` ինձ համար ամեն մշակույթ հետաքրքիր է, ինչքան էլ վատ լինի հույսդ մի կորցրու և երբեք երազանքներից հետ մի կանգնիր….

ԲԱՐՈՄԵՏՐ

20:26 Նոյեմբեր 27, 2014

Ամենաընթերցված նյութեր