Բարեկիրթ, խելացի, կրթված մարդիկ առավելապես չերևացող տեղերում են

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմի կողմից մեր համաքաղաքացիների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ քաղաքական կուսակցությունների հանդեպ կա տոտալ (մոտ 66%) անվստահություն: Ըստ ձեզ, որքանո՞վ է ստացված արդյունքն ատացոլում այն իրավիճակը, որն այսօր կա: Ո՞րոնք են քաղաքական կուսացություններին չվստահելու պատճառները:

- Ինձ թվում էր` շատ ավելի շատ է, քան 66 տոկոսը: Երբ մի սերունդ 25 տարվա ընթացքում անընդհատ տեսնում է ընտրություններ, որտեղ կուսակցությունները ավելի շատ խաղ են անում ընտրազանգվածի հետ, ինչ որ բաներ են խոստանում, հետո մի թևից անցնում են մյուս թևը, երեք օր առաջ մի բան ասում, երեք օր հետո ուրիշ բան անում, բնական է, որ  էդ պատկերը պետք է լիներ:  Երբ բերում 5-10 հազար դրամը տալիս են կամ ինչ-որ բան են խոստանում` ասֆալտ են անում, միգուցե, այդ պահին ժողովուրդը գնում, ընտրում է, բայց այս դեպքի համար հրեական մի ասույթ կա, որը շատ բնութագրական է. "ложка нашлась, но осадок остался": Հիմա այդ հետքը, նստվածքը  միևնույն է, մնում է: Թեև կուսակցությունը իշխանության գալու միջոց է, ինչպես  ամբողջ աշխարհում, բայց ոչ ամեն գնով: Հայաստանում գաղափարախոսություն ասածը վաղուց վերացել է: Դրա համար էլ տոտալ անվստահություն է:

Գուցե դա նրանից է, որ կուսակցությունների առաջ քաշած գաղափարներն ու ծրագրերը մատչելի չեն հանրությանը, չեն հասկացվում: Չէ՞ որ լավ գաղափարներ ու ծրագրեր ունենալը դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է անվերապահորեն ընդունեն դրանք: Այդ գաղափարները պետք է համապատասխանեն նրանց սպասելիքներին: Այս առումով, ինչպիսի՞ն են խաղի կանոնները քաղաքական դաշտում:

- Գիտեք,  քաղաքական դաշտ, որպես այդպիսին, չկա` "ժելեի" նման մի բան է, խաղի կանոններն էլ այդ "ժելեին" բնորոշ՝ թե՛ իշխանության կողմից խոստումներն, տարբեր լծակներ օգտնագործելն ու փող բաժանելը, թե՛ ընդդիմության կողմից ոչ մի բանի առաջ չկանգնելը, այսինքն` լցնել էն վերջին կեղտը միմյանց վրա և մթնոլորտը թունավորելը: Պետք է լինի սահման, որի մեջ խաղում ենք այս խաղի կաննոներով: Հայաստանում, ընդհանրապես, ոչ մի ոլորտում խաղի կանոն չկա, առավել ևս` քաղաքականում, ինչպես ասում են` "ձեռքից գնացած" վիճակ է: Խաղի կանոն չկա, որովհետև չկա այդ գաղափարախոսությունը` հիմա որտե՞ղ ենք, ու՞ր ենք գնում և ի՞նչ ճանապարհով: Ցիվիլ քաղաքակրթական մակարդակի մենք դեռ չենք հասել` և՛ քաղաքական առումով և՛ ընդհանրապես, շատ առումներով:

Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական երկու դոմինանտ կուսակցության մոդելի կիրառումը Հայաստանում: ՀՀԿ, ԲՀԿ կուսակցությունների գաղափարական բաղադրիչը ո՞րն է, ի՞նչ հիմնական շեշտադրումներ են անում այս կուսակցությունները:

- Հայաստանում ամեն ինչ իրատեսական է: Գոնե հիմա էս պետությանը պահում է Ղարաբաղի գաղափարը, բայց ոչ միայն այդ երկու կուսակացությանը, ամբողջ հասարակությանն է պահում: Փառք Աստծո, որ գոնե դա դեռ պահում է, բայց դա կուսակցական գաղափար չէ, դա ազգային գաղափար է: Կուսակցական գաղափար, որպես այդպիսին, չկա. Նայում եք՝ լիբերալները դարձել են սոցիալիստ, սոցիալիստները` կոնսերվատոր, կոնսերվատորները` ազգային-դեմոկրատներ և այլն: Ամբողջը խառնվել է իրար, որովհետև էն՝ ինչ որ գրված ու դրված է իրենց կուսակցությունների գաղափարախոսության մեջ, շատերը չեն էլ կարդացել ու չգիտեն` ինչ է նշանակում, ասենք, սոցիալիստական ուղղվածություն, լիբերալ ուղղվածութուն, կոնսերվատիվ, ազգային ժողովրդավարական, չեն կարդացել, բացառությամբ, երևի թե, Դաշնակցությանը, որն այդ առումով ավելի ավանդական կուսակցություն է և նրա հետևորդները, գոնե գաղափար, տարրական էրուդիցիա (բազմահմտություն) ունեն, վերը նշվածը քիչ թե շատ հասկանալու համար:

Չեն կարդում ու ծանոթանում գուցե նաև նրա համար, որ, միևնույն է, գիտեն, որ որոշումների ընդունման գործընթացը հիմնված չէ ժողովրդավարական ավանդույթների վրա և կախված է քաղաքական լիդերի կամքից: Ի՞նչ պետք է անել, որ ներկուսակցական ժողովրդավարությունը կայանա, չլինի իմիտացիա, այլ իրական բաղադրիչ:

- Ամբողջ աշխարհում է էդպես` տպավորվում է ոչ թե կուսակցությունը, այլ լիդերը, ձայն ենք տալիս ոչ թե կուսակցությանը, այլ լիդերին:

Ներկուսակցական ժողովրդավարության կայացվածությունը ուղիղ համամատական է հասարակության զարգացվածությանը: Նախ հասարակությունը պետք է զարգանա: Երբ հասարակության ներկայացուցիչը ընդհանրապես չգիտի` ինչի համար են խորհրդարանական ընտրությունները, ապա ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսելը դառնում է "պարապ վախտի խաղալիք": Այս  հասարակությունը ես համարում եմ "սերիալային հասարակություն": Չեն կարդում, գոնե այն մինիմումը, որ պետք է կարդան, չեն լսում, չեն դիտում այն, ինչը պետք է դիտել: Այսօր հրամայական է մարդկանց համար ստանալ այն նվազագույն ինֆորմացիան, որով մարդ պետք է բնորոշվի որպես Homo sapiens, ոչ թե սերիալ նայող: Ի վերջո այդ հասարակությունն է ընտրում, և՛ իր անմիջական ղեկավարներին, և՛ իշանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ իր հերոսներին, և՛ իր աստղեին:

Փաստորեն ստացվում է, որ կա՞ն կուսակցական "բռնակալներ":

- Կարծում եմ կան, ընդ որում, կուսակցությունների մոտ 70-80%-ի մոտ: Իմիջիայլոց, մթնոլորտն է իրենց էդպիսին դարձնում, անգամ եթե այդ մարդն ինքն իր էությամբ բռնակալ չէ, իր շրջապատն է իրեն այդպիսին սարքում:

Իսկ մեր հասարակությանը պե՞տք են բռնակալներ:

-Այո, ցավով եմ ասում, բայց այս հասարակությունը սիրում է իր գլխին բռունցք: Մեզ մոտ բարեկիրթ, խելացի, կրթված մարդիկ հիմնականում չերևացող տեղերում են` խորհրդականների, օգնականների, փորձագետների կարգավիճակներում: Երևացող տեղերում պետք է բռնակալ լինեն, որովհետև այլ կերպ աշխատել չի լինում հասարակության հետ: Եթե խելոք է լինում մարդը, ասում են` "դոդիկ" է: Իսկ երբ իր վրա գոռում են, ասում է` էս ինչ ուժեղ մարդ է: Ինչքան էլ դա տարօրինակ է, բայց դա էդպես է:

Կուսակցություններից շատերը պարզ բիզնես-նախագծեր են, գուցե ճիշտ կլիներ նրանք նաև բացեիբաց հայտարարեին իրենց կոմերցիոն շահերի մասին:

- Գիտեք, աշխարհը էնպիսի քայլերով է գնում, որ չլինել բիզնես նախագծեր, ես կարծում եմ այս պահին հնարավոր չէ, որովհետև դա հասարակական պահանջ է: Այսինքն` եթե դու փող տալով կարողանում ես ստեղծել կուսակցություն, գնել ձայներ, գնել կուսակցականներ, դու չես կարող դրա դեմն առնել, էդպիսին է ուրեմն այսօրվա թրենդը:  

Եթե վաղը լինեին խորհրդարանական ընտրություներ, արդյոք մենք կունենայի՞նք այն պատկերը, որն այսօր կա:

- Չեմ կարող ասել մի քանի պատճառով: Նախ` ինչքան գումար և որ կողմից կխաղացվի այդ ընտրությունների ժամանակ, պետք է հաշվի առնել այսօրվա արտագաղթի դեմոգրաֆիական պատկերը, ով ում հետ է և բազմաթիվ այլ գործոններ: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանական կուսակցությունը միշտ ունենում է նախնական բոնուս: Եթե իշխանությունը թողեց, որ իրենից շատ փող բաժանեն` ուրեմն կպարտվի: Բացի փողը, ընտրողները ենթագիտակցորեն մտածում են, որ “սրանք” հաղթելու են:

Իշխանություններին էլ հենց դա է պետք, շրջանառության մեջ դնել այս տեխնոլոգիան` որ մեկ է ընտրեք, չընտրեք, անցնելու ենք: Այս մանիպուլյացիոն հնարքի ազդեցության տակ էլ հասարակությունը գնում և ընտրություն է կատարում: Այդպե՞ս է:

- Այո, դա գալիս է ենթագիտակցական մակարդակից: Հասարակությունը չի գիտակցում` ինչ կարող է անել: Օրինակ` Ուկրաինայում երկու անգամ գործող նախագահը չի վերընտրվել` Կրավչուկը և Յուշչենկոն: Հասարակությունը վեր է կենում ու ասում` ես չեմ ուզում քեզ: Հայաստանում, որևէ փոփոխություն չի եղել, բացառությամբ` մի դեպքի, որը ժողովրդի հետ ոչ մի կապ չուներ: Ժողովուրդը ընտրություններին վերցնում է գումարը ու այն, որ ասում են. "գող, սիրտը դող", մտածում է` ասել են գրիչի ծայրին "կամերա" կա, ներսը "կամերա" կա: Վերցնենք` գնանք ուրիշին քվերակենք մոդելը, Հայասատնում չի աշխատում: Պարազիտի հոգեբանություն է մտել ժողովրդի մեջ` ինքը չի ասում` մենք: Կամ` գա էս մարդը, որ իր հետ կառուցենք երկիր, ասում է` գա էս մարդը, որ ինձ պահի: Այսինքն` պարազիտի, էդ տրանսֆերտներ ստանալու հոգեբանությունը, չաշխատենք` ապրենք. "էս մարդը մեզ տա հաց, մենք ապրենք, փորներս կուշտ լինի հերիք ա": Զարգանալու մասին խոսք չկա:

Ստացվում է` անհուսալի, փակուղային վիճա՞կ է:

- Ոչ, փակուղային չէ: Յուրաքանչյուր պահի` որոշեցին գիծը քաշել, շատ արագ կբարելավվի ամեն ինչ:

16:56 Նոյեմբեր 25, 2014

Ամենաընթերցված նյութեր