Եռյակի նպատակը ոչ թե իշխանափոխությունը, այլ տնտեսական նորմալ վիճակի ապահովումը պետք է լինի

Ոչ իշխանական եռյակի ընդդիմության փոխակերպման մեխանիկան ըստ  քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը նոյեմբերի սկզբին Երևանում անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքներով պարզվել է, որ երևանցիների մոտ 64%-ը ոչ իշխանական քաղաքական ուժերից ոչ մեկին և բոլորին միասին վերցրած չի տեսնում իրական ընդդիմության կարգավիճակում: Ըստ ձեզ, որքանո՞վ է ստացված արդյունքն արտացոլում այն իրավիճակը, որը գոյութուն ունի ընդդիմադիր դաշտում:

- Իրական ընդդիմություն կա: Եթե քաղաքական ուժը չի մասնակցում գործադիր իշխանության ձևավորման գործընթացին, չունի ներկայացուցիչներ գործադիր իշխանությունում, այսինքն` կառավարությունում չունի նախարարներ, փոխնախարարներ կամ չի հայտարարել, որ ինքը պաշտպանում է կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, մեխանիկորեն դառնում է ընդդիմություն: Այսօր այն ուղղակի կոչվում է ոչ իշխանական, քանի որ եռյակի ուժերից մեկը` Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, խուսափում է իրեն ընդդիմություն անվանելուց: Դա ունի իր պատճառները. այնտեղ կան գործարարներ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ է լինում ընդդիմադիր գործարարների հետ: Այդ պատճառով նրանք այդ կարգավիճակը փոխարինել են "այլընտրանք" բառով: Միգուցե, քաղաքագետների համար հետաքրքրություն է ներկայացնում ընդդիմություն-այլընտրանք բառախաղը, բայց շարքային քաղաքացու համար, հավատացեք, բացարձակ նշանակություն չունի, թե այդ ուժը իրեն կանվանի այլընտրանք, ընդդիմություն, թե` Հռոմի պապ: Իրեն հետաքրքրում է, եթե այդ ուժը իշանության գա, ինքը ինչ շահ դրանից կունենա` աշխատավարձը կբարձրանա, կկարողանա բիզնես անել, թե չի կարողանա: Եթե բավարարեց իր պահանջները, ապա ինչ ուզում է այդ ուժը իրեն անվանի, զրո նշանակություն ունի:  

Քաղաքական ի՞նչ հանգրավանի կարող է հասնել ոչ իշխանական եռյակը և արդյոք այդ ուժերին կհաջողվի խաղի կանոններ թելադրել իշխանություններին:

 - Թե ինչ հանգրվանի կարող է հասնել` կախված է աշխատանքից: Անկախ նրանից ընդդիմություն կասեն, թե` այլընտրանք: Եթե դու կարողացար ցույց տալ, որ ազդեցիկ քաղաքական ուժ ես, ուրեմն քեզ հետ պարտադիր հաշվի կնստեն: Ազդեցիկ դառնալու համար պետք է բավականին մեծ գումարներ ներդնել և պետք է նաև համապատասխան գիտելիքներ ունենալ, թե ինչպես օգտագործել այդ ֆինանսական միջոցները: Եթե հաջողվեց դառնալ ազդեցիկ ուժ, քեզ հետ հաշվի նստեցին Արևմուտքն ու, հատկապես Ռուսասատանի իշխանությունները և ձեր շահերը համապատասխանեցին, դուք կհասնեք դրական հանգրվանի` իշխանափոխության: Օրինակ, այս պահի դրությամբ, մասնավորապես, եռյակի մեջ մտնող ուժերից մեկին` Բարգավաճ Հայաստան կուսակցությանն է ինչ- որ չափով հաջողվում է այդ գործընթացն իրականացնել:

Ոչ իշխանական եռյակում, ըստ ձեզ, ո՞վ է որոշում կայացնողը կամ ով ունի որոշումների վրա ազեդելու ավելի իրական հնարավորություն:

- Երեքն էլ հավասարապես որոշում են կայացնում: Բայց մի բան պետք է հասկանանք` եռյակը դաշինք չէ:  Կոալիցիոն կառավությունը, հիշենք, ինչպես ձևավորվեց` հավաքվեցին երեք- չորս քաղաքական ուժեր, սեղանի առջև նստած համաձայնագիր ստորագրեցին, որտեղ կոնկրետ նշված էր` կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է իրականացնելու: Այսինքն` նրանք միմյանց նկատմամբ իրավական պարտավորություններ սահմանեցին, որ բոլորս միասին այս ծրագրի վրա ենք աշխատում: Եռյակը այդպիսի դաշինք չէ: Եռյակն, ընդամենը "փաստացի դաշինք" է: Որպեսզի պարզ պատկերցնենք` ճանապարհ է, որով երեք հոգի գնում են: Այդ ճանապարհի վեջնական հանգրվանը իշխանափոխությունն է: Սակայն այս երեքը միմյանց նկատմամբ որևիցե պարտավորություն չունեն: Միասին գնում են, ինչ-որ հարցեր կա` քննարկում են, բայց ամեն մեկը առանձին է որոշում, թե ինչպես անցնել ճանապարհը: Ենթադրենք, հինգ րոպեն մեկ հանգստանալ, թե միանգամից, առանց դադարի անցնել ամբողջ ճանապարհը: Հանրահավաքի ժամանակ մենք տեսանք, երբ Ժառանգության ղեկավարը ասաց, որ ինքը Եվրասիական տնտեսական միությանը միանալուն դեմ է, մյուս ղեկավար գործիչն ասաց, որ ինքը դա համարում է կատարված փաստ և նպատակահարմար չէ դրա դեմ խոսելը: Շատերն ասում են` սա պառակտում է: Սա պառակտում չէ, ուղղակի ամեն մեկն ինքն իր ձևով է պատկերացնում, թե ինչպես անցնել այդ ճանապարհը: Եռյակի մեջ եթե հարցը վերաբերում է ընդհանուրին` երեքն են որոշում, բայց մնացած բոլոր հարցերում ամեն մեկն իր համար է գործում:

Ասում են մեր իրականության մեջ չեն կարող լինել օլիգարխ ընդդիմադիրներ: Վրաստանում և Ուկրաինայում օլիգարխ ընդդիմադիրներ էին  Բիձինա Իվանիշվիլին և Պյոտոր Պորոշենկոն, որոնք ըստ էության, եկան իշխանության: Հայաստանում նման հնարավորությունը որքանո՞վ է իրատե

- Ամենալավ օրինակը հենց Ուկրաինայինն է: Պյոտոր Պորոշենկոն ոչ միայն օլիգարխ էր, նա Վիկտոր Յանուկովիչի կառավարության ժամանակ զբաղեցնում էր բավականին ազդեցիկ պաշտոններ` եղել է արտաքին գործերի նախարար, հետո էկոնոմիկայի նախարար, պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար: Բայց դա նրան չխանգարեց իշխանափոխություն անել: Պորոշենկոն այդ իշխանափոխություն անող ուժերից մեկն էր, որը նաև պատասխանատու էր Յանուկովիչի կառավարության համար, որովհետև այն տնտեսական քաղաքականությունը, որի դեմ դուրս եկան մայդանում, դրա պատասխանատուն նաև Պորոշենկոն էր: Ինչևէ, դա բնավ չխանգարեց, որ նա իշխանափոխություն անի: Ոչ թե Պորոշենկոն էր տաղանդավոր գործիչ, որ կարողացավ իշխանափոխություն անել, ուղղակի կար  "պետպատվեր" Արևմուտքից, պետք էր Յանուկովիչին տապալել, և նրան հեռացրեցին իշխանությունից: Հայաստանում իշխանափոխությունը բավականին բարդ գործընթաց է, ինչպես շենքը կառուցելը, օրինակ` Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց ԲՀԿ-ին ուղղված, որ պետք է արագացնել և ինտենսիվացնել հանրահավանքները, պետք է թեժացնանել իրավիճակը և այլն: Այստեղ խնդիր կա, դու պետք է տեսնես` հասարակությունը պատրա՞ստ է այդ թեժացմանը: Երկրորդ` եթե դու ուզում ես թեժացնել կամ սրել իրավիճակը`աշխարհաքաղաքական կենտրոնները` Արևմուտքը, Ռուսաստանը կո՞ղմ են, որ դու գնաս այդ քայլին: Եռյակի մեջ ԲՀԿ-ն է, նրա մեջ են տեսնում այդ հնարավորությունը, որ կարող է ինչ-որ մի բան փոխել, որովհետև այդ կուսակցությունը ենթագիտակցաբար ասոցացվում է "փողի” հետ:  Հենց այդ գործոնն է մարդկանց մեջ աշխատում, ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների քաղաքական ելույթները: Բայց միայն  փողը քիչ է, դու պետք է նաև ցույց տաս, որ այն միայն քոնը չէ, այլ ժողովրդինն է լինելու իշխանափոխությունից հետո:Ուղղակի մի բան պետք է հասկանալ, միայն հանարահավաքներով ոչ մի բան չի փոխվի, հանհարավաքը ընդամենը մի միջոցառում է: Շատ են գրում` եռյակի նպատակը իշխանափոխությունն է: Այս հարցում շատ են սխալվում: Եռյակի նպատակը իշխանափոխութունը չպետք է լինի, եռյակի նպատակը տնտեսական նորմալ իրավիճակ ստեղծելը պետք է լինի, իշխանափոխությունը ընդամենը միջոց է տնտեսական լավ վիճակի հասնելու համար:

Հայտնի է, որ որևէ քաղաքական նախագիծ չի կարող արդյունավետ լինել, եթե այն աջակցություն չի ստանում հասարակության կողմից: Եվ լավ գաղափարներ ու ծրագրեր ունենալն ամենևին էլ չի նշանակում, որ մարդիկ պետք է ընդունեն դրանք: Այդ ծարգրերը պետք է մատչելի լինեն հանրությանը և համապատասխանեն նրա սպասելիքներին: Ըստ ձեզ, որքանո՞վ են Եռյակի ծրագրերը այս երկու պահանջներին բավարարում:

- Ծրագրերն ընդհանրապես շատ հետաքրքիր էին 90-ական թթ. սկզբին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց 90 տոկոսը չի իրականացվում: Այդ պատճառով կարևորը ոչ թե ծրագիրն է,  այլ մի քանի առանցքային կետեր: Դրա լավագույն օրինակը ԲՀԿ ղեկավարի իրեն աջակից կայքերից մեկին տված հարցազրույցն էր. որում ընդամենը մի քանի կետ էր դրված, որը բավականին մեծ արձագանք գտավ. առաջինը նա ասաց` եթե իշխանափոխություն լինի և եռյակը գա իշխանության գլուխ` հարկային արտոնություններ կլինեն, "փայ մտնելու" ինստիտուտը կվերանա, կլինեն օտարերկրյա խոշոր ներդրումներ: Հայաստանի համար մի  ծրագրային կետ կա` փող կամ փողի խոստում: Մանրածախ առևտրով զբաղվող տոնավաճառի աշխատողների հետ երբ զրուցում ես՝ կոպիտ սոցիոլագիա ես իրականացնում "աչքաչափով”,տեսնում ես, որ այդ մի քանի կետերը անմիջապես ընկալվեցին: Ընկալվեց այն, որ եռյակի իշխանության գալուց հետո իրենց գրպանից փող քիչ են դուրս տալու: Եվ հետո ծրագրային կետերն ասելուց դու պետք է հաշվի առնես` ինչպիսի հասարակություն ունես: Քանի որ մեր հասարակության մի ստվար հատված բավականին աղքատ է, ԲՀԿ-ի այդ մի քանի կետերը` փող կամ փողի խոստում, անմիջապես տեղ հասան:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:54 Նոյեմբեր 12, 2014

Ամենաընթերցված նյութեր