Արժույթի միջազգային հիմնադրամի ապրիլյան կանխատեսումները համաշխարհային տնտեսության վերաբերյալ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից 2016 թվականի ապրիլին հրապարակված "Համաշխարհային տնտեսության տեսլականը" (WEO-World Economic Outlook) զեկույցը վերնագրված է "Չափազանց դանդաղ է չափից ավելի երկար ժամանակ" (Too slow for Too long): Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության և առանձին տարածաշրջանների զարգացման միտումները դանդաղում են, իսկ որ ամենավատն է` դա երկար է  տևում: Կարելի է վստահաբար ասել, որ դա ոչ այլ ինչ է, քան 2008-2010թթ.-ների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներից մնացած ժառանգություն: Փորձենք, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, վերլուծել այդ միտումները` հասկանալու համար, թե ինչ է սպասվում աշխարհին և Հայաստանին մինչև 2021թ.-ն ընկած ժամանակահատվածում:

Համաշխարհային տնտեսության մեջ աճի տեմպերի դանդաղումը հանգեցրել է նրան, որ կանխատեսումները տարեց տարի ստանում են ավելի վատատեսական ուղղվածություն: Օրինակ, եթե 2010թ.-ին աշխարհում տնտեսական աճը կազմել է 5.4%, ապա 2015թ.-ին այն իջել է մինչև 3.1%: 2016թ.-ին կանխատեսվում է 3.2%-անոց աճ, իսկ մինչև 2021թ. տնտեսական աճը չի գերազանցի 4%-ի սահմանագիծը: Մի խոսքով` մուտք ենք գործել ցածր տնտեսական աճի տասնամյակ:

Դոլարային արտահայտությամբ Համաշխարհային թողարկումը, կամ որ ընդունված է անվանել` Համաշխարհային ՀՆԱ-ն շուկայական գներով կհասնի մոտ 74 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ դա մոտ է 2012թ.-ի ցուցանիշին: 2021 թ. շուկայական գներով Համաշխարհային ՀՆԱ-ն կհասնի մոտ 96.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ համարժեքային գնողունակության պարիտետով կամ (PPP-ով) այն կգերազանցի 155 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Անդրադառնալով տարածաշրջանային կամ ռեգիոնալ աճի տեմպերին նկատում ենք, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռևս շարունակվում են արձանագրվել բացասական միտումներ, 2015թ.-ին գրանցվել է -2.8% տնտեսական անկում, իսկ 2016թ.-ին կանխատեսվում է -1.1%-անոց անկում, և միայն 2021թ.-ին աճի տեմպերը կմոտենան 2.4%-ի: Դա նշանակում է, որ առաջիկա 5 տարիների համար ԱՊՀ տարածաշրջանում ակնկալել առաջանցիկ զարգացումներ գրեթե անհնար է:

ԱՊՀ տարածաշրջանում 2016թ.-ին կանխատեսվում է, որ բացասական աճի միտումներ են արձանագրելու Ադրբեջանը` -3.0%, Բելառուսը` -2.7% և Ռուսաստանի Դաշնությունը` -1.8%: Հետաքրքիր է նաև այն, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2016թ.-ին կլինի 1.9%-ի շրջանակներում, իսկ 2021թ.-ին այն կկազմի մոտ 4%: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` առաջիկա 5 տարիներին այս երկրում աճի տեմպերը չեն գերազանցի անգամ 2%-ի մակարդակը: Իհարկե, այս կանխատեսումները հրապարակվել են ապրիլի 12-ի դրությամբ և ամենայն հավանականությամբ առաջացած ռազմական իրավիճակի գործոնները, ինչպես նաև վերջինով պայմանավորված բացասական սցենարները հաշվի չեն առնվել: Իսկ դա նշանակում է, որ իրական պատկերը, հատկապես, Ադրբեջանի համար լինելու է ավելի տխուր: Հայաստանի համար բացասական է նաև այն, որ Ռուսաստանի կանխատեսվող աճի տեմպերը ևս ցածր են, իսկ դա իր հերթին հանգեցնելու է տրանսֆերտների ծավալի կրճատման, գուցե 2015թ.-ի համեմատությամբ այն մնա նույն մակարդակի վրա (1.4 մլրդ ԱՄՆ դոլար), սակայն 2014թ.-ի չափ տրանսֆերտներ (2 մլրդ ԱՄՆ դոլար) դժվար թե հնարավոր լինի ունենալ 2016թ.-ին:

ԵԱՏՄ գործընկերներից Բելառուսից և Ղազախստանից ևս լուրջ ակնկալիքներ առաջիկայում չենք կարող ունենալ, քանի որ Բելառուսին սպասվում է բացասական աճի միտումներ, իսկ Ղազախստանում աճի տեմպերը գրեթե զրոյական են, իսկ դա նշանակում է ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններն առաջիկա 5 տարիներին այնքան էլ մեծ չեն լինելու:

Աշխարհում ամենաարագ զարգացող տարածաշրջանն առաջիկա 5 տարիներին կլինի անցումային և զարգացող Ասիայի տարածաշրջանը, այսինքն` համաշխարհային լոկոմոտիվի դերն առաջիկայում, ինչպես և վերջին տարիների ընթացքում, պատկանելու է այս տարածաշրջանին: Դա է նաև այն հիմնական պատճառը, որ շատ երկրներ իրենց հիմնական գործընկերային հարաբերությունները փորձում են կառուցել համագործակցելով այնպիսի ասիական հսկաների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և այլն:

Համաշխարհային տնտեսության մյուս խոշոր միավորը` Եվրոպական Միությունը կունենա մոտ 1.8-1.9%-անոց տնտեսական աճ: Այս տարածաշրջանում առկա են տնտեսական, քաղաքական, ինչպես նաև միգրացիոն հիմնախնդիրներ, որոնց ազդեցության տակ եվրոպական տարածաշրջանը շատ դժվարությամբ է զարգանում: Մյուս կողմից, դրված է Բրեքսիթի (BR-EXIT) կամ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու խնդիրը, Հունաստանի տնտեսական ցուցանիշները շարունակում են շեղվել նախանշված միտումներից, իսկ միլիոնավոր միգրանտների ծախսերը լուրջ սոցիալական բեռ են դարձել եվրոպացի հարկատուների համար: Այս ֆոնի վրա Եվրոպական կենտրոնական բանկի կողմից կիրառված բացասական տոկոսադրույքները ևս չեն տալիս իրենց դրական ազդեցությունը, քանի որ ներդրողների մեծ մասն իրենց գումարները նախընտրում են տեղափոխել ԱՄՆ` խուսափելով բացասական տոկոսադրույքների դիմաց վճարումներից: Այս մասին վերջերս բավականին հետաքրքիր վերլուծություն էր ներկայացրել նաև Նոբելյան Մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցը, փորձելով ցույց տալ համաշխարհային հզոր կենտրոնական բանկերի և սովորական առևտրային բանկերի քաղաքականությունների միջև առկա տարբերությունները:

Իհարկե, տարածաշրջանային ու գեոէկոնոմիկ (աշխարհատնտեսական) հիմնահարցերն այսքանով չեն սահմանափակվում և պահանջում են լուրջ վերլուծություններ և ուսումնասիրություններ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները որոշակի լույս են սփռում և պատկերացում տալիս սպասվելիք համաշխարհային տնտեսական փոփոխությունների վերաբերյալ:

 

 ԲԱՐՈՄԵՏՐ

11:41 Ապրիլ 20, 2016

Ամենաընթերցված նյութեր