Համաշխարհային տնտեսության 2016թ.-ի 1-ին կիսամյակում սպասվող իրադարձությունները (1)

Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները շատ դեպքերում պայմանավորում են արտաքին գործոններով: Բավականին դժվար է յուրաքանչյուր մակրոտնտեսական ցուցանիշի մասով տալ գնահատական դրանց ազդեցություններից կրած փոփոխությունների վերաբերյալ, սակայն այն, որ ՀՀ տնտեսությունը պետք է ձևավորի համապատասխան "իմունիտետ" և ճկունություն արտաքին շոկերին դիմակայելու համար, դա ոչ ոք չի կարող հերքել: Մյուս կողմից արտաքին ցնցումները, եթե ազդում են մեր երկրի վրա, դրանք դառնում են նաև մեր ներքին խնդիրները:

Այդ իսկ պատճառով փորձել ենք առանձնացնել, որոշ համաշխարհային իրադարձություններ, հատկապես, շեշտը դնելով տնտեսական իրադարձությունների վրա, որոնք տեղի կունենան 2016թ.-ի առաջին կիսամյակում, իսկ մեր հետագա հրապարակումներում կներկայացնեք նաև 2-րդ կիսամյակի իրադարձությունները:

1. 2016թ.-ի ապրիլին կավարտվեն Պանամայի ջրանցքի լայնացման աշխատանքները: Այս ջրանցքը դեռևս 1900-ականների սկզբին հնարավորություն ստեղծեց Ատլանտյան օվկիանոսից անցնել դեպի Խաղաղ օվկիանոս` դրանով իսկ կրճատելով հսկայական տրանսպորտային ծախսեր: Այս ջրանցքին բաժին է ընկնում համաշխարհային առևտրաշրջանառության 5%-ը: Եվ քանի որ առկա է նավերի մեծ հոսք` տարեկան մոտ 14.000, հաճախ առաջանում են խցանումներ: Ջրանցքի լայնացման արդյունքում կլուծվի նաև մեծ տանկերների անցնելու հարցը, իսկ դա նշանակում է, որ նավթի տեղափոխման ծախսերը ևս կկրճատվեն: Նավերի թողունակությունը կաճի տարեկան 5000-ով` հասնելով 19.000 նավի: Ջրանցքի վերակառուցումն արժեցել է 5 մլրդ ԱՄՆ դոլար:

2. Ռուսաստանի փոստը և ՎՏԲ բանկը կբացեն համատեղ փոստային բանկ, որն իր մասնաճյուղերի քանակով կարող է գերազանցել ՌԴ-ի ամենամեծ բանկին` Սբերբանկին: Նորաստեղծ բանկի հաճախորդների թիվը կարող է անցնել 20 միլիոնը, որի մեծ մասը կլինեն թոշակառուներ: Ի դեպ, գրեթե նմանատիպ մոդել է փորձում կիրառվել նաև Հայաստանում, որտեղ փոստի հետ համագործակցող բանկը Կոնվերս բանկն է: Նմանատիպ փորձը համաշխարհային պրակտիկայում մեծ կիրառություն ունի, օրինակ` վերջերս Ճապոնիայի փոստն իր բաժնետոմսերը տեղաբաշխեց բորսայում` ստանալով 12 մլրդ ԱՄՆ դոլար: Սրանք, իհարկե, սոցիալական ծրագրեր են, որի միջոցով փորձ է արվում բնակչության այն մասին, որը չի օգտվում բանկային ծառայություններից ընդգրկել դրա մեջ: Հայաստանում կենսաթոշակները քարտերով ստանալու մեխանիզմի կիրառումն այս խնդրին արդեն իսկ լուծում է տվել: Սակայն կենսաթոշակառուներին համարել բանկային ծառայությունների ակտիվ օգտվողներ մենք չենք կարող:

3. 2016թ.-ի հունվարից ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի պայմանները: Այս պարագայում հարցեր կարող են առաջանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՄ-ի ապրանքների ներթափանցման հետ կապված: Իսկ դա նշանակում է, որ լրացուցիչ սահմանափակումների խնդիրներ են դրվելու Ուկրաինայի և ԵԱՏՄ երկրների առևտրային հարաբերությունների միջև:

4. Հունաստանում փետրվարին կսկսվեն վարչապետի և իր կուսակցական գործընկերների միջև առաջացած հակասական հարցերի քննարկումները: Հունաստանը համաձայնել է 1 մլրդ եվրոյի դիմաց բարեփոխել կենսաթոշակային համակարգը, ֆերմերների հարկումը ավելացնել և աշխատանքային օրենսդրությունը փոփոխել: Հունաստանում առկա են լուրջ տնտեսական խնդիրներ, պետք է նշել, որ վերջինիս պակասուրդը 2016թ.-ի բյուջեում պլանավորված է 2%, ՀՆԱ-ն 2015թ.-ին իջել է բացասական մակարդակի վրա, պետական պարտքը գերազանցել է 314 մլրդ եվրոն և այլն: Բյուջեի ծախսերը փակելու համար հույները ստիպված կլինեն 2016թ.-ին վաճառել նավահանգիստներ, կղզիներ, երկաթգծերը և այլն: Դա արվում է 4 մլրդ եվրո հայթայթելու համար, սակայն Հունաստանի տնտեսության մեջ ներդրումներ անել ցանկացողներն այնքան էլ շատ չեն, քանի որ վստահության մակարդակը շատ ցածր է:

Իհարկե, համաշխարհային տնտեսության մեջ սպասվող իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանց շարունակությանը կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածի շրջանակներում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հունվար 26, 2016

Ամենաընթերցված նյութեր