Երևանցիների քանի՞ տոկոսը վարկ ունի ՀՀ բանկերում

Ամանորյա տոներից հետո աշխատանքային առաջին օրերին մեծ կուտակումներ գրանցվեցին Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում գործող բանկերում և բանկերի մասնաճյուղերում: Մեծ թվով մարդիկ փորձում էին առանց ուշացնելու, իսկ ոմանք՝ արդեն ուշացած, կատարել վարկերի հերթական մուծումները: Թեպետ վարկ ունենալը քաղաքակիրթ բոլոր երկրներում ընդունված պրակտիկա է, և կարելի է ասել, որ աշխարհի շատ երկրներում բնակչության մեծ մասն ունի վարկեր:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե երևանցիների ո՞ր տոկոսը ՀՀ բանկերում վարկ ունի: Այն հարցին, թե արդյոք ձեր տնային տնտեսության անդամներից որևէ մեկը ունի՞ ընթացիկ վարկ ՀՀ բանկերից որևէ մեկում, հարցվողների 53%-ը տվել է բացասական պատասխան: Սա, առաջին հայացքից, բավականին բարձր և լավ ցուցանիշ է այն տեսակետից, որ երևանցիների զգալի մասը, փաստորեն, կարիք չունի վարկ վերցնելու: Սակայն մյուս պատասխանները մտորելու տեղ են տալիս:

Հարցվածների 16%-ը պատասխանել է, որ իրենց տան անդամներից որևէ մեկը ՀՀ բանկերից մեկում վարկ ունի, իսկ 31%-ը նշել է, որ իրենց տան անդամներից որևէ մեկը միաժամանակ մի քանի վարկ ունի: Եթե մեկ վարկ ունենալը կարող է բացատրվել շարժական կամ անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքով, ապա միաժամանակ մի քանի վարկ վերցնում են հիմնականում երկու դեպքում՝ բիզնեսի, կամ մեկ վարկը մյուսով փակելու համար: Այս վերջին դեպքը բավականին մեծ տարածում է գտել Հայաստանում և բացառված չէ, որ արտագաղթի և տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում ավելի մեծ պահանջարկ ունենա, քանի որ արտագաղթի արդյունքում նվազում է հասարակության տնտեսական հավաքական ակտիվությունը, ինչը բերում է ապրանքների և ծառայությունների սպառման ծավալների նվազման և բիզնես-վարկերի ռիսկայնության բարձրացման:

Թեպետ աշխարհի շատ երկրներում վարկ վերցնելը գույքի ձեռքբերման կամ բիզնեսի համար ընդունված պրակտիկա է, այնուամենայնիվ, Հայաստանում այդ գործընթացը բավականին ռիսկային է, քանի որ կախված է անկանխատեսելի գործոնների հետ՝ արտագաղթի տեմպեր, տարածաշրջանային զարգացումներ, դրամի արժեզրկում և այլն: Միևնույն ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ շատ այլ երկրներում մարդկանց եկամուտները թույլ չեն տալիս ապահովել ընտանիքի կենսագործունեությունն ու բարեկեցությունը, և մարդիկ ստիպված են ժամանակ առ ժամանակ վարկ վերցնել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:03 Հունվար 15, 2016

Ամենաընթերցված նյութեր