ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2015թ.-ի նոյեմբերին կազմել է մոտ 168 մլրդ ՀՀ դրամ

Հայաստանի պետական բյուջեի ծախսային քաղաքականությանը, պակասուրդի ավելացմանը, ինչպես նաև եկամուտների նվազմանը մենք արդեն անդրադարձել ենք, ինչպես նաև մեր կանխատեսումներում նշել ենք, որ պետական բյուջեի պակասուրդի ավելացման միտումները շարունակվելու են: Եվ ինչպես 2015թ.-ի նոյեմբերի փաստացի վիճակագրական ցուցանիշներն են ցույց տալիս ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ընդհուպ մոտեցել է 168 մլրդ ՀՀ դրամի: Այս ցուցանիշը մոտ 46%-ով ավելի է, քան պլանավորվել էր 2015թ.-ի "Պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով, ըստ որի պակասուրդը պետք է կազմեր մոտ 114 մլրդ ՀՀ դրամ: Այսինքն` նոյեմբերի դրությամբ մոտ 54 մլրդ ՀՀ դրամով պակասուրդն ավելացել է, որը դեռևս կշարունակվի դեկտեմբերի տվյալներով, իսկ դա կարելի է բնորոշել որպես "բյուջետային ճգնաժամ", քանի որ պակասուրդի նման աննախադեպ աճը փաստում է հարկային եկամուտների հավաքագրման դժվարությունների շարունակականության մասին: Իհարկե, շատ դեպքերում տնտեսավարողներն ինչ-ինչ պատճառներով իրենց դժվարությունների մասին հրապարակային չեն խոսում, սակայն միայն բյուջեի այս ցուցանիշներին նայելով վստահաբար կարելի է ասել, թե ինչ գնով են կատարվել պետական բյուջեի եկամուտների հավաքագրումները:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ունեցել ենք ընդամենը 30 մլրդ ՀՀ դրամի հասնող պակասուրդ, այսինքն` ըստ բերված ցուցանիշների իրավիճակը 5.5 անգամ վատացել է:
Իհարկե, 2014թ.-ի 11 ամիսների համեմատությամբ եկամուտները 2015թ.-ի նույն ժամանակահատվածում աճել են մոտ 8.5 մլրդ ՀՀ դրամով, սակայն ծախսերի աճը կազմել է 146 մլրդ ՀՀ դրամ:

Նման քաղաքականությունն ամենածանրն է նստում հասարակ տնտեսավարողի կամ հարկատուի վրա, ով ստիպված է իր բարեկեցության հաշվին բյուջեի կատարմանը նպաստել, մի բյուջե, որտեղ ծախսերն աճում են ավելի արագ, քան եկամուտները:

Աղյուսակ

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշներ

ընթացիկ գներով, մլն. դրամ

 

2014թ.

հունվար-նոյեմբեր

2015թ.

հունվար-նոյեմբեր

Պետական բյուջեի եկամուտներ, ընդամենը

1 027 866.6

1 036 338.5

Ծախսեր, ընդամենը

1 058 512.7

1 204 230.8

Պակասուրդ (-)/հավելուրդ (+)

-30 646.1

-167 892.3

Ֆինանսավորում`

30 646.1

167 892.3

 ֆինանսավորման ներքին աղբյուրներ

48 400.6

25 339.1

 ֆինանսավորման արտաքին աղբյուրներ

-17 754.5

142 553.2

Հետաքրքիր փաստերից է նաև այն, որ եթե 2014թ.-ին ավելի շատ հաջողվում էր բյուջեն ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին ու դեռ ավելին` արտաքին աղբյուրների գումարներն էլ մարվում էին, ապա 2015թ.-ին գրեթե կիսով չափ պակասել են ներքին ֆինանսավորման աղբյուրները, որը փաստում է, հատկապես, բանկային համակարգի կողմից բյուջեի ֆինանսավորման դժվարությունների մասին: Մյուս կողմից 2015թ.-ին 142 մլրդ են կազմել արտաքին ֆինանսավորման աղբյուրները, այսինքն` կրկին կանգնած ենք այն "կոտրած տաշտակի" առաջ, որի անունն է` արտաքին պարտքի ավելացում:

Հիմնական եզրակացությունն այն է, որ անհապաղ պետք է բարձրացնել բյուջեի ծախսային քաղաքականության արդյունավետությունը, հնարավորինս արագ ներդնել ծրագրային բյուջետավորման մեխանիզմները, բարձրացնել բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը և այլն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:17 Հունվար 14, 2016

Ամենաընթերցված նյութեր