ՀՀ պետական պարտքը նոյեմբերին նվազել է 13.5 մլն ԱՄՆ դոլարով

Հայաստանի պետական պարտքն անընդհատ ավելանալու միտում է դրսևորում, որը սկսել է 2008-2009թթ.-ից: Ինչո՞ւ ենք, հատկապես, նշում այդ ժամանակահատվածը, քանի որ վերջինիս համեմատությամբ այսօրվա ՀՀ պետական պարտքը գրեթե եռապատկվել է: Բայց, ինչպես ցույց են տալիս ՀՀ ԱՎԾ հրապարակումները 2015թ.-ի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ ունենք պարտքի որոշակի նվազում, որը կազմել է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Այս առումով նոյեմբերը կարելի է համարել բացառիկ, քանի որ մինչ այդ այս տարվա ընթացքում նման զարգացումներ չեն եղել: Իհարկե, ընթերցողի մոտ կարող է միանգամից հարց առաջանալ, իսկ ինչպես է ստացվում, որ ՀՀ ԱԺ-ի կողմից այդքան պարտքեր վերցնելու նախագծեր են հաստատվում, և մյուս կողմից ունենք պարտքի նվազում: Դրա բացատրություններից մեկն այն է, որ վերցված միջոցների մեծ մասը նախատեսվում է օգտագործել 2016թ.-ին, իսկ դրանց որոշ մասն էլ ունեն ավելի երկարաժամկետ բնույթ և դրանք բաշվում են մի քանի տարիների վրա, որի արդյունքում 2015թ.-ի ցուցանիշների մեջ դրանք չեն ընդգրկվում: Իհարկե, սա կարելի է համարել "մխիթարանք", սակայն այն, որ ՀՀ պետական պարտքը գերազանցում է 4.8 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը դա այնքան էլ ողջունելի չէ:

Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի դրությամբ 29.3 մլն ԱՄՆ դոլարով աճել են ներքին պարտքերը` կազմելով 751.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ հիմնական նվազումը նկատվել է արտաքին պարտքերի մասով` մոտ 43 մլն ԱՄՆ դոլարի չափով: Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև պարտքերի մարման ժամանակացույցը, որի արդյունքում էլ երբեմն ստիպված են ներքին պարտքն ավելացնելու հաշվին կատարել արտաքին պարտքի մասով վճարումներ:
Իհարկե, այստեղ ևս առկա են խնդիրներ, քանի որ ներքին պարտքերի ավելացման դեպքում պետությունը ստիպված է վճարել ավելի բարձր տոկոսներ, քան արտաքին աղբյուրներից պարտքերի ներգրավման պարագայում: Եվ հարցը նաև նրանում է, որ այդ տարբերությունն այնքան մեծ է, որ նախընտրության խնդիր անգամ չկա:

Ընդհանրապես, պետական պարտատոմսերն այս պարագայում լուրջ ֆինանսական գործիքի դեր են կատարում, իսկ այդ շուկան ունի որոշակի վստահության մակարդակ, քանի որ շատ բարձր տոկոսադրույքները նշանակում են, որ պետությունն ունի ֆինանսական խնդիրներ և առաջարկում է 13-15% իր ֆինանսական խնդիրները լուծելու համար: Իսկ եթե հիմք ընդունենք նաև դրանց չհարկվող լինելու հանգամանքը, ապա շատերը նախընտրություն կարող են տալ հենց նման տիպի եկամուտներին: Բարձր տոկոսադրույքները նաև կարող են առաջացնել մեկ այլ խնդիր, այն է` դրամական միջոցները տնտեսությունից դուրս են մղվում, իրական տնտեսությունը զրկվում է ֆինանսավորումից, դրանցով ձեռք են բերում պետական պարտատոմսեր, որոնք պետությունն օգտագործում է իր ծախսերը ֆինանսավորելու համար: Այս գործիքը նաև կարող է հիմք հանդիսանալ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշն իջեցնելու համար, քանի որ բարձր տոկոսադրույքներն արդեն իսկ փաստում են, որ պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված է առաջարկել բարձր տոկոսադրույքներ գումարներ գտնելու համար: Նմանատիպ տոկոսադրույքները նաև սպանում են բիզնեսը, քանի որ մարդիկ նախընտրում են գումարներ դնել պարտատոմսերում, այլ ոչ թե բիզնեսի մեջ` ստանալով ավելի ցածր եկամուտները: Այսինքն` մինչև բիզնեսի եկամտաբերությունը որոշակի չափով չգերազանցի պարտատոմսերի եկամտաբերությանը` բիզնեսով զբաղվելն իմաստը կորցնում է: Գրեթե նույն տրամաբանությունն ունեն նաև բարձր տոկոսադրույքով ավանդները, սակայն այստեղ, ի տարբերություն պարտատոմսերի, եկամուտները հարկվում են: Պետք է հաշվի առնել նաև, որ կան իրական և անվանական տոկոսադրույքներ, այսինքն` ինֆլյացիայի չափով յուրաքանչյուր ոք կորցնում է իր գումարները, և միշտ առաջարկվող անվանական տոկոսադրույքներից պետք է հանել ինֆլյացիան` հասկանալու համար ինչքան է կազմում իրական տոկոսադրույքը:

Այսպիսով` յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև գործարարի համար շատ կարևոր է իր ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումը: Եվ թեկուզ մեզանից ոչ բոլորն են տնտեսագետներ և ֆինանսիստներ, բայց, այնուամենայնիվ, նման խնդիրների հետ բախվում են բոլորը, դա նշանակում է, որ պետք է փորձել լինել գրագետ, ուսումնասիրել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գրքեր և չսխալվել առաջարկվող ֆինանսական գործիքների բազմազանության մեջ:

Աղյուսակ

ՀՀ պետական պարտքի ամսական ցուցանիշներ

մլն ԱՄՆ դոլար

 

31.12.2014

30.09.2015

31.10.2015

30.11.2015

Փոփոխությունը նախորդ ամսվա նկատմամբ

ՀՀ պետական պարտք

4 441.524

4 778.509

4 827.005

4 813.426

-13.579

 այդ թվում`

 

 

 

 

 

Արտաքին պարտք

3 785.208

4 052.420

4 104.779

4 061.861

-42.918

այդ թվում`

 

 

 

 

 

ՀՀ կառավարության

պարտք

3 345.255

3 575.088

3 627.548

3 578.880

-48.668

ՀՀ ԿԲ պարտք

439.953

477.332

477.231

482.982

5.751

Ներքին պարտք

656.316

726.089

722.226

751.565

29.339

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հունվար 13, 2016

Ամենաընթերցված նյութեր