Դեպի ՀՀ դրամական փոխանցումները 2015թ.-ի 3-րդ եռամսյակում կրճատվել են 200 մլն ԱՄՆ դոլարով

Ըստ ՀՀ ԿԲ արտաքին հատվածի վիճակագրական տվյալների` 2015թ.-ը տրանսֆերտների կամ ընդհանրապես դրամական փոխանցումների առումով ոչ նպաստավոր էր: Ամբողջ 2015թ.-ի ընթացքում նկատվել է դրամական փոխանցումերի անկում 2014թ.-ի համապատասխան եռամսյակների նկատմամբ, և վերջերս հրապարակված 2015թ.-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշներից միայն պարզվում է, որ 2014թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատությամբ 200 մլն ԱՄՆ դոլարով պակաս են եղել դրամական փոխանցումները` կազմելով 393 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ 2015թ.-ի առաջին եռամսյակում կրճատումը կազմել էր 160 մլն, 2-րդ եռամսյակում` 119 մլն, իսկ 3-րդում` 200 մլն: Միանգամից հարց է առաջանում, իսկ ինչքան է կազմելու անկումը 4-րդ եռամսյակում: Եթե անգամ պարզ կանխատեսումների կամ էքստրապոլյացիայի մեթոդներ կիրառենք արդյունքները կլինեն բավականին ահազանգող: Այսինքն` մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կկազմի պաշտոնական դրամական փոխանցումների անկումը 2015թ.-ին, իսկ եթե դրան ավելացնենք նաև, ոչ պաշտոնական բաղադրիչը, ապա հնարավոր է նաև ունենանք մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ցուցանիշ: Այսինքն` սա այն միջակայքն է, որի շրջանակներում է գտնվելու ՀՀ դրամական փոխանցումների 2015թ.-ի ցուցանիշը:

Աղյուսակ
Դեպի ՀՀ դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի

մլն ԱՄՆ դոլար

 

2014 Q1

2014 Q2

2014 Q3

2014 Q4

2014

տարի

2015 Q1

2015 Q2

2015 Q3

Դրամական փոխանցումներ ՀՀ

387,5

485,8

593,9

558,9

2026,0

227,5

366,8

393,2

Աշխատողների զուտ աշխատավարձ

139,1

210,8

284,1

257,7

891,7

80,8

161,0

190,2

Աշխատողների աշխատավարձ

179,1

271,5

365,9

331,8

1148,3

104,1

207,4

245,0

Որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտներ

27,7

42,1

56,7

51,4

177,9

16,1

32,1

37,9

Որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ

35,7

54,2

73,0

66,2

229,1

20,8

41,4

48,9

Անձնական տրանսֆերտներ

208,0

221,3

239,6

240,9

909,7

127,6

168,8

160,5

Կապիտալ տրանսֆերտներ

12,7

11,6

13,5

8,9

46,7

3,0

4,9

4,5

Մենք արդեն անդրադարձել ենք արտաքին առևտրաշրջանառության անկման ցուցանիշին և նշենք, որ դա դիտարկվում է որպես շոկ կամ ճգնաժամային երևույթ, իսկ հիմա գրեթե նույն պատկերն ունենք դրամական փոխանցումների բնագավառում, որը կարելի է համարել 2015թ.-ի 2-րդ շոկային կամ ճգնաժամային երևույթը Հայաստանի տնտեսության համար: Իհարկե, եթե դրան ավելացնենք նաև վճարային հաշվեկշռի մյուս հաշիվները ևս, ապա կստանանք, որ 2015թ.-ին գրանցվել է վճարային հաշվեկշռի լուրջ կրճատում` հանգեցնելով ճգնաժամային երևույթների, որի մասին չգիտես ինչու չի բարձրաձայնվում: Հիմնավորումն ամենայն հավանականությամբ այն է, որ դեռևս բացակայում են տարեկան ամփոփ տվյալները, սակայն այս միտումներն արդեն իսկ բավարար են նման եզրակացություններ անելու համար:

Հիմնավոր պատճառներից է նաև այն, որ 3 եռամսյակների ընթացքում Հայաստան 510 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար քիչ է մուտք գործել միայն դրամական փոխանցումների մասով, դրան ավելացնենք 1 մլրդ 54 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներմուծման ծավալների կրճատումը 11 ամիսների ընթացքում, իսկ դա արդեն կկազմի մեր ՀՆԱ-ի 15%-ից ավելին: Նման պարզ հաշվարկներն անգամ ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսությունը և, ընդհանրապես, հասարակ քաղաքացին բախվում են լուրջ դժվարությունների հետ:

Այս հիմնահարցերի հետաքրքիր կողմերից մեկն էլ նրանում է, որ մեր վերլուծությունները հիմնվում են, ոչ թե սեփական հաշվարկների, այլ պաշտոնական վիճակագրության վրա: Այսինքն` պետական կառավարման մարմիններն անգամ այս փաստերը ներկայացնում են և չեն թաքցնում, սակայն այս խնդիրների լուծումները ոչ թե տրվում է տնտեսության զարգացման միջոցով, այլ պարտքեր վերցնելու և հետագա սերունդների վրա հարկային բեռն ավելացնելու միջոցով:

Արտաքին աշխարհից ՀՀ տնտեսության կախվածության նվազեցման ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ քայլեր անել, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծ կախվածություն ունի ներմուծվող ապրանքներից և չի կարողանում ունենալ ինքնաբավ պարենային հաշվեկշիռ, ունի տրանսֆերտներից ստացվող միջոցների և դրանց կրճատման դեպքում` տնտեսական ճգնաժամի առաջ կանգնելու խնդիր, մշտապես դիմում է միջազգային կառույցներին պարտքեր վերցնելու համար և այլն:

Հայաստանը, պատկերավոր ասած, նման է այն "տղամարդուն", ով չի աշխատում, նրան գումար են ուղարկում արտերկրի բարեկամները, նա իրեն անհրաժեշտ ապրանքները գնում է պարտքով և մշտապես դիմում է տարբեր մարդկանց պարտք վերցնելու համար: Իսկ հիմա հարց. ո՞վ կցանկանա գործ ունենալ նման մարդու հետ: Իսկ եթե հարցի պատասխանը տեղափոխենք ամբողջ երկրի մասշտաբով, ապա պարզ կլինի, թե ինչու են Հայաստանում նվազում ներդրումները և մշտապես վատանում տնտեսական վիճակը: Մինչև չփոխվի այս վարքագիծը Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները լինելու են մշուշոտ:

Սկսվում է նոր տնտեսական և ֆինանսական տարին, անհարժեշտ է վերանայել և հայեցակարգային նոր հիմքերի վրա կառուցել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, իսկ նախորդ տարիների արատավոր պրակտիկան թողնել անցյալում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հունվար 12, 2016

Ամենաընթերցված նյութեր