2015 թվականի տնտեսական տարվա ամփոփում

2015թ.-ը բարդ և վայրիվերումներով լի տնտեսական տարի էր Հայաստանի համար: Այն ուղեկցվեց մի շարք հակասական զարգացումներով, ցածր տնտեսական աճով, ներմուծման և տրանսֆերտների ծավալների կրճատմամբ, որի արդյունքում ՀՀ բնակչության 90%-ից ավելին իր վրա չկարողացավ զգալ տնտեսական աճի ազդեցությունը:

Հայաստանի տնտեսության 2015թ.-ի զարգացումները կարելի է բնորոշել հիմնվելով արտաքին և ներքին գործոնների վրա:

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները 2015թ.-ին բավականին մեծ ազդեցություն ունեցան ՀՀ գործընկեր երկրներից Ռուսաստանի Դաշնության վրա, որի անուղղակի ազդեցության կրողը եղան նաև ԵԱՏՄ երկրները, այդ թվում նաև Հայաստանը:

Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները ոչ նպաստավոր եղան ԵՄ երկրների համար, լուրջ տնտեսական դժվարությունների առաջ կանգնեցին Ուկրաինան և միջին արևելքի երկրները: Ամբողջ աշխարհում ստեղծված պատերազմական կենտրոնները, ինչպես նաև պատժամիջոցների չդադարող ընթացքը կործանարար ազդեցություն են թողնում բոլոր երկրների միջև առկա ազատ առևտրատնտեսական հարաբերությունների վրա՝ կրճատելով ներմուծման և արտահանման ծավալները, ինչպես նաև ազդելով ՀՆԱ-ի ծավալների կրճատման վրա:

Համաշխարհային տնտեսության մեջ ՀՆԱ-ի աճի տեմպերը 2015թ.-ին կկազմեն 3.1%, իսկ ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ն կաճի 2.5%-ի չափով, այսինքն՝ ստացվում է այնպես, որ անգամ այս ռիսկային զարգացումների համատեքստում աշխարհի միջին աճի տեմպերը գերազանցում են ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպերին:

Դիտարկելով ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցած 2015թ.-ի տնտեսական զարգացումները նկատում են, որ դանդաղել են տնտեսական աճի տեմպերը և դրանք շարունակվելու են դանդաղել նաև 2016թ.-ին՝ կազմելով 2.2%, կրճատվել է ներմուծման ծավալը: Նոյեմբերի դրությամբ նկատելի է նաև արտահանման տեմպերի 4.7%-անոց անկում, որի պարագայում տնտեսության արտարժութային մուտքեր ապահով աղբյուրների առումով առաջանում են դժվարություններ:

ՀՀ միջազգային պահուստների վիճակագրությունը փաստում է, որ 2015թ.-ի նոյեմբերի դրությամբ դրանք մոտեցել են մոտ 1 մլրդ 550 մլն ԱՄՆ դոլարի, իսկ դոլարի արժևորման և դրամի արժեզրկման դեպքում, որը շատ մեծ հավանականությամբ տեղի կունենա 2016թ.-ին, պահուստների համալրման խնդիրների առաջ կարող ենք կանգնել:

ՀՀ բանկային համակարգում տեղի ունեցող զարգացումները 2015թ.-ին ևս դժվար է դրական համարել, տարին ուղեկցվել է մոտ 100 մլրդ դրամի չափով ավանդերի աճով, որը գուցե երաշխավորված մակարդակի բարձրացման արդյունք էր, սակայն նկատվել է նաև 120 մլրդ դրամի չափով վարկավորման ծավալների կրճատում: Դա նշանակում է, որ միայն բանկային համակարգի շնորհիվ իրական տնտեսությունից դուրս է մղվել 220 մլրդ ՀՀ դրամ: Ավանդները ներդրումների վերածվելու, ինչպես նաև վարկավորման ծավալները գոնե նախկին մակարդակի վրա պահպանելու պարագայում դրա մուլտիպլիկատիվ կամ բազմարկիչ ազդեցությունը կարող էր հասնել 1 տրիլիոն դրամի:

Բանկային համակարգում սկիզբ է առել նաև խոշորացման գործընթացը և տեղի է ունենում բանկերի թվի կրճատում, որը կարող է հանգեցնել նաև որոշ փոքր բանկերի կլանման խոշոր բանկերի կողմից կամ գուցե ներդրումների ներգրավման հաշվին կապիտալի համալրման:

Հայաստանում կրճատման միտումներ են նկատվում նաև ներքին առևտրաշրջանառության ոլորտում, իսկ դա նշանակում է, որ կամ կրճատվել է սպառողների թիվը, կամ մարդկանց գնողունակությունը: Դեռ արդյունք է նաև մեկ այլ լրջագույն խնդրի, ինչպիսին արտերկրից ուղարկվող տրանսֆերտների կամ դրամական փոխանցումների կրճատումն է: Իհարկե, տրանսֆերտների տարեկան ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, սակայն այս ցուցանիշի միտումները 2014թ.-ի համեմատությամբ լինելու են բավականին ցածր` կրճատվելով մոտ 40%-ով:
ՀՀ տնտեսության մեջ լրջագույն խնդիրներից է մնում բյուջեի կատարման ընթացքը: 2015թ.-ի պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման խնդիրն առաջացրել է պակասուրդի աննախադեպ աճ, որը ծածկելու համար սկսել ենք դիմել արտերկրից ստացվող վարկերի և պարտքերի գործիքներին, դրանք կլինեն բյուջետային ծախսերի ծածկման, թե աջակցության անվան տակ, միևնույնն է՝ վերջինիս արդյունքում ավելանում են պարտքերը, ինչպես նաև դրանց դիմաց վճարվելիք տոկոսները:

Բյուջեի ծախսերի բարձր մակարդակի վրա պահելը խթանում է պահանջարկը, սակայն տնտեսության մեջ արդյունավետ գործող բաշխման սխեմաների բացակայությունը բերում է ավելացված արտաքին և ներքին պարտքերի: 2015թ.-ի ընթացքում բարձրացվեց նաև պետական պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ այն հասցնելով 60%-ի, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն ՀՀ-ն այդ ցուցանիշին կհասնի 2020թ.-ին, այսինքն՝ ՀՀ ԱԺ-ն ստիպված կլինի 2020թ.-ին ևս այդ շեմը բարձրացնել: Այս արատավոր պրակտիկան կշարունակվի նաև 2016թ.-ի և հետագա տարիների ընթացքում, իսկ ամենաբացասականն այն է, որ տարեկան կտրվածքով վերցրած պարտքերի և վարկերի ծավալն ավելի է, քան ՀՆԱ-ի աճը:

ԵԱՏՄ-ին լիարժեք անդամակցությունից անցել է մեկ տարի, սակայն լուրջ տնտեսական զարգացումներ այս առումով ևս չունեցանք, իհարկե, մի շարք գործոններ խոչընդոտ հանդիսացան դրա համար՝ ռուբլու արժեզրկված լինելը, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, նոր ձևավորվող և մշակվող փաստաթղթերը, ընթացակարգերը և այլն, սակայն փաստը մնում է այն, որ Հայաստանի համար ԵԱՏՄ հիմնական գործընկերը, որպես այդպիսին, մնում է Ռուսաստանը: ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի և՛ առևտրաշրջանառության, և՛ տնտեսական համագործակցության շրջանակները շատ նեղ են, իսկ դա նշանակում է, որ փաստացի այս միությունը Հայաստանի համար զարգանում է Ռուսաստան-Հայաստան համագործակցության շրջանակներում, իսկ ամենատարօրինակն այն է, որ ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկան յուրացնելու ակնկալիքներ ունեցող Հայաստանի հետ տեղի ունեցավ լրիվ հակառակը` Ռուսաստանն ընդլայնեց իր ներմուծման ծավալների տեսակարար կշիռը և այժմ մենք 1/3-ով կախված ենք ռուսական ներմուծումից:

Այս ամենի հետ մեկտեղ մնում է հուսալ, որ համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող զարգացումները 2016թ.-ին կունենան դրական միտումներ, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները դրական ազդեցություն կունենան յուրաքանչյուր տնային տնտեսության բարեկեցության վրա:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:11 Դեկտեմբեր 31, 2015

Ամենաընթերցված նյութեր