Պարտադրված ամանորյա ծախսեր

Ամանորյա մրցավազքը հասնում է կուլմինացիային: Մայրաքաղաք Երևանում ամեն ինչ դժվարացել է, դժվարացել է մեքենա վարելը, կայանելը, նույնիսկ քայլելն ու ծխախոտ գնելը: Բոլորը շտապում են ու շտապում են ջղայնացած: Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե նախատոնական  բարձր  տրամադրություն է, այլ ինչ որ ապրանքի դեֆիցիտ: Հետաքրքիր է, որ գնաճը, էլեկտրաէներգիայի կամ գազի գինը այլևս չեն անհանգստացնում մեզ: Խոզի բուդը և ամանորյա սեղանը այնքան են գայթակղել մեր համաքաղաքացիներին, որ մոռանալով հունվար և փետրվար ամսվա կոմունալ վճարումների մասին, թույլատրելի արագությամբ սլանում են սուպերմարկետների միջանցքներով՝ հույս փայփայելով, որ գալիք տարին ավելի ուրախ ու հաղթական կլինի: Հուսանք, որ կգա ժամանակ, երբ ուտելու ավանդույթին կփոխարինի ուրախանալու և միմյանց նվերներով ուրախացնելու ավանդույթը: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծահասակ սպասի և պատրաստվի ամանորյա տոներին, ինչպես երեխաներն են սպասում և պատրաստվում:  

Ամանորից առաջ ԲԱՐՈՄԵՏՐԸ  փորձել է պարզել, թե նախորդ տարվա համեմատ ինչպես  են փոխվել երևանցիների տնային տնտեսությունների ամանորյա ծախսերը: Հարցվող երևանցիների 14.8%-ի ամանորյա ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են, 45,4% -ի ամանորյա ծախսերը գրեթե մնացել են նույնը, իսկ 39,8 %-ի ծախսերը նվազել են: 

Նախատոնական տրամադրությունը ստիպում է ստացված թվերը վերլուծել միայն դրական առումով, հույս հայտնելով, որ 14.8%-ի ծախսերը շատացել են, քանի որ շատացել են ընտանիքի անդամները, 39,8 %-ի ծախսերը կրճատվել են գիտակցված և ոչ թե պարտադրված:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:00 Դեկտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր