Ամանոր առանց վարկերի. երևանցիների պատասխանը վարկատուներին

Շատերը կհամաձայնեն, որ վերջին տարիներին Հայաստանում էական տեղաշարժեր են եղել "վարկային քաղաքականության" մեջ: Հապճեպ ընդհանրացումներից խուսափելու համար նախապես նշենք, որ խոսքը չի վերաբերում հայաստանյան բանկերի կամ այլ վարկատուների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքի իջեցմանը, քանզի նման բան ակնկալելը կարծես նույնն բանն է, ինչ "անապատում սուզանավ հայտնաբերելը": Այսինքն՝ գրեթե անհնարին:

Շատերը գուցե կռահում են, թե ինչ տեղաշարժերի մասին է խոսքը: Մանավանդ այն դեպքում, երբ օրեր կամ ժամեր անց տոնելու ենք 2016թ. լույս աշխարհ գալը: Իհարկե՛, խոսքը ամանորյա ծախսերը հոգալուն միտված սպառողական վարկերի մասին է, որոնց ընձեռած հնարավորություններից օգտվում են շատերը:

Դժվար է ստույգ ասել, թե ՀՀ քաղաքացիները ինչ շարժառիթներով են օգտվում այդ վարկերից. շատերը գուցե ցանկանում են իրենց սեղանի ճոխությամբ "շոյել" հարևանների աչքերը, շատերն էլ՝ ապահովել համեստիկ սեղան և նվերներ իրենց բալիկների տոնական տրամադրության համար և այլն:

Իհարկե, շատ լավ է, որ մեզանում տոներ նշելու մշակույթը դեռ հիմավորապես չի վերացել, սակայն խնդիրն այն է, թե դա ինչ գնով է ապահովվում: "Ստամոքսային" մոտիվներով Ամանոր նշելն ու ամիսներ շարունակ վարկատուներին անիծելը բնավ չեն թեթևացնում մեր կյանքը: Իսկ դա նշանակում է, որ Ամանորը տոնելու հարցում պետք է վերանայվեն կարծրատիպային մոտեցումները կամ պատկերացումները:

Վերոգրյալի համատեքստում ուշադրության արժանի է ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե Ամանորյա ծախսերը հոգալու համար երևանցիներն արդյոք նախատեսո՞ւմ են վերցնել սպառողական վարկ: Հարցման արդյունքները պետք է մտահոգիչ համարել վարկատուների համար (տես գրաֆիկ), քանզի դրանք փաստում են, որ գոնե երևանցիների մակարդակում "ամանորյա վարկերը" մեծ պահանջարկ չունեն կամ չեն ունենալու (չի կարելի բացառել այն, որ Ամանորի վկայակոչմամբ երևանցիներն այնուամենայնիվ վարկեր վերցնեն, սակայն այլ նպատակներով):

Բանն այն է, որ հարցվածների 92.4%-ը վարկ վերցնելը բացառել էր (պատասխանել էին "ոչ"): Հարցվածների ևս 3.8%-ը նախընտրել է "ավելի շուտ՝ ոչ" տարբերակը: Այսինքն՝ հարցվածների շուրջ 96.2%-ը ամանորյա ծախսերը հակված է հոգալու առանց վարկատուների "մարդասիրական" առաջարկների:

Դժվար է ստույգ ասել, թե ինչով է պայմանավորված այդ 96.2% ցուցանիշը (գուցե 2015թ. ընթացքում մարդիկ կարողացել են անհրաժեշտ խնայողություններ ապահովել, գուցե վերանայել են Ամանորը տոնելու հետ կապված իրենց մոտեցումները), սակայն մի բան հստակ է. Ամանորի անվան տակ երևանցիներին տոկոսախեղդ անելու ու գումարներ աշխատելու ուղղաթյամբ վարկատուների ջանքերի արդյունավետությունը կասկածահարույց է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:30 Դեկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր