2015թ.-ի պետական բյուջեի կատարումը վտանգի տակ է

Չնայած 2016թ.-ի պետական բյուջեն ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատվել է, սակայն պետք է նշել, որ հաստատված յուրաքանչյուր հաջորդ տարվա բյուջեն հիմնվում է նախորդի կատարողականի վրա: Այս խնդիրը գրեթե չի լուսաբանվել, քանի որ ավելի շատ փորձագետներին, ինչպես նաև բյուջեն քննարկող պատգամավորներին հետաքրքրում էր 2016թ.-ի բյուջեի ծախսերը, եկամուտները, ինչպես նաև վերջինիս հիմքում դրված տնտեսական աճը: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ 2015թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված համապատասխան ցուցանիշները, հատկապես, պակասուրդի կամ դեֆիցիտի մասով բավականին լուրջ խնդիր են հանդիսանում: Այդ պակասուրդի ֆինանսավորման համար արդեն իսկ սկսել են վարկեր վերցնել, որոնք հիմնականում արտաքին աղբյուրներից են, այնինչ` 2015թ.-ի տարեսկզբին նման բան նախատեսված չէր:

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն պակասուրդը հասել է 156 մլրդ ՀՀ դրամի, այնինչ` տարեսկզբին նախատեսված էր, որ կկազմի 114 մլրդ ՀՀ դրամ, սա արդեն իսկ 42 մլրդ դրամով հոկտեմբեր ամսվա դրությամբ գերազանցում է տարեկան պակասուրդի չափը: Այս հանգամանքը միայն բավական է, որ բյուջեի կատարման ընթացքը համարենք չկայացած: Դեռ ավելին, երբ դիտարկում ենք պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները, ապա դրանք կազմում են 139 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրանք առնվազն 10 անգամ քիչ են նախատեսված 2015թ.-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: Եթե համեմատում ենք 2014թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների պակասուրդի հետ նկատում ենք մեկ ահազանգող փաստ ևս, այն է` մեկ տարվա ընթացքում պակասուրդն աճել է մոտ 10 անգամ:

Փաստացի ունենք այնպիսի իրավիճակ, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները 10 ամսվա ընթացքում աճել են մոտ 8 մլրդ ՀՀ դրամով, իսկ ծախսերը` 150 մլրդ ՀՀ դրամով:

Աղյուսակ

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշներ

 ընթացիկ գներով, մլն. դրամ

 

2014թ. հունվար-հոկտեմբեր

2015թ. հունվար- հոկտեմբեր

Պետական բյուջեի եկամուտներ, ընդամենը

932 078.7

940 858.2

Ծախսեր, ընդամենը

947 905.0

1 097 675.2

Պակասուրդ (-)/հավելուրդ (+)

-15 826.3

-156 817.0

Ֆինանսավորում

15 826.3

156 817.0

 ֆինանսավորման ներքին աղբյուրներ

40 241.5

17 462.9

 ֆինանսավորման արտաքին աղբյուրներ

-24 415.2

139 354.1

Բավականին երկար ժամանակ քննարկվում էր 2015թ.-ի պետական բյուջեի ծախսերի կրճատման հարցը, սակայն ինչպես ցույց են տալիս ՀՀ ԱՎԾ տվյալները ծախսերը ոչ թե կրճատել են, այլ պահել են նույն մակարդակի վրա, իսկ դրա ֆինանսավորման համար վերցրել են արտաքին պարտքեր և ավելացրել պակասուրդը:

Բացասական զարգացումների պարագայում 2015թ.-ի բյուջեի պակասուրդի աճը կարող է շարունակվել, իսկ 2015թ.-ի վերջին մոտենալ մինչև 200 մլրդ ՀՀ դրամի: Իհարկե, կա նաև այս բացասական զարգացումները զսպող մեկ գործոն` ամանորյա ծախսերը, որոնք կավելացնեն բյուջեի մուտքերը, բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր տարի էլ մենք գործ ունենք ամանորյա ծախսերը դեկտեմբեր ամսվա վրա կենտրոնացնելու հետ, և այստեղ մնում է միայն, որ մարդիկ 2014թ.-ի դեկտեմբերի համեմատությամբ ավելի շատ ծախսեր անեն: Այս գործոնը ևս քիչ հավանական է, քանի որ ամբողջ տարվա ընթացքում տնտեսական բարենպաստ իրավիճակ ազգաբնակչության 90%-ի համար չի եղել, դա են վկայում նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից կատարված հարցումները:
Այսպիսով` մնում է հուսալ, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված 2016թ.-ի պետական բյուջեն չի արժանանա 2015թ.-ի պետական բյուջեի ճակատագրին և որևէ թաքնված գործոնի կամ մեծ պարտքերի կարիք չի լինի` դրված ցուցանիշները կատարելու համար:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:05 Դեկտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր