Հայաստանի անօրինական ֆինանսական հոսքերը 2004-2013թթ.-ին կազմել են 9.8 մլրդ ԱՄՆ դոլար

2015թ.-ի դեկտեմբերին 8-ին լույս տեսավ Global Financial Integrity (GFI) կազմակերպության կողմից հրապարակվող Համաշխարհային անօրինական ֆինանսական հոսքերի 2015թ.-ի զեկույցը (Global Illicit Financial Flows Report: 2015), որտեղ ամփոփված են 2004-2013 թթ. ընթացքում աշխարհի 149 երկրների ապօրինի ֆինանսական հոսքերի ցուցանիշները:

Զեկույցից պարզ է դառնում, որ 2004-2013թթ. ընթացքում բոլոր զարգացած երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերը հանրագումարային տեսքով կազմել են 7 տրիլիոն 847 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հոսքը կազմել է 784.7 մլրդ ԱՄՆ դոլար:

2015թ.-ի Ապօրինի ֆինանսական հոսքերի զեկույցի համաձայն 2013թ.-ին աշխարհում առաջատար դիրքեր են ունեցել Չինաստանը` մոտ 258 մլրդ ԱՄՆ դոլար, Ռուսաստանի դաշնությունը՝ 120 մլրդ ԱՄՆ դոլար, Հնդկաստանը` 83 մլրդ ԱՄՆ դոլար և այլն: 2004-2013թթ. ընթացքում ՌԴ-ից արտահոսքը մոտ է եղել 1 տրիլիոն 49 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ տվյալների մեր երկրից 2004-2013թթ. ընթացքում ապօրինի ֆինանսական հոսքերը կազմել են 9.8 մլրդ ԱՄՆ դոլար (ՀՀ ՀՆԱ-ն մոտ 10.5 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում), իսկ միջին տարեկան հոսքը կազմել է 983 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2013թ.-ին ՀՀ-ից անօրինական արտահոսքը կազմել է 1 մլրդ 848 մլն ԱՄՆ դոլար: Իսկ դա նշանակում է, որ մեր ՀՆԱ-ի մոտ 17%-ի չափով ապօրինի ֆինանսական հոսքեր ենք ունեցել միայն 2013թ.-ին, իսկ վերջին 10 տարիների ընթացքում այդ հոսքերը չլինելու պարագայում մենք պետք է երկու անգամ ավելի լավ ու բարեկեցիկ ապրեինք:

Այս առումով մեր հարևան Վրաստանից 2004-2013թթ. ընթացքում արտահոսել է 14.9 մլրդ ԱՄՆ դոլար կամ տարեկան մոտ 1 մլրդ 495 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջանից արտահոսել է մոտ 95 մլրդ ԱՄՆ դոլար, Բելառուսից` 88.1 մլրդ ԱՄՆ դոլար, Ղազախստանից` 167 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Թուրքիայից` 154.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Այս կազմակերպության կողմից նաև փորձ է արվում հաշվարկել առանց հաշիվ-ապրանքագրի առևտրի հոսքերը, կամ կարելի է ասել մաքսային ապօրինի հոսքերը: Պարզվում է, որ առանց "ինվոյսի" Հայաստանի առևտուրը 2013թ.-ին կազմել է 1 մլրդ 547 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2004-2013թթ. ընթացքում այդ ցուցանիշը համախմբված ձևով կազմել է մոտ 8.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Դիտարկելով անօրինական կանխիկ փողերի վերաբերյալ տվյալները` նկատում ենք, որ 2013թ.-ի այն կազմել է 301 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2004-2013թթ. ընթացքում 1 մլրդ 116 մլն ԱՄՆ դոլար:

Իհարկե, աշխարհի 150 երկրների շարքում գտնվել 70-րդ հորիզոնականում այնքան էլ վատ չէ, սակայն նման հսկայական գումարների կորուստ Հայաստանն իրեն թույլ տալ չի կարող: Սա նաև գործիք է, որով տարբեր միջազգային կազմակերպությունները և հզոր երկրները կարողանում են ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, ցույց տալ վերջիններիս կողմից կուտակված անօրինական գումարների մեծությունը: Իսկ դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ մենք ունենք դոլարով միլիարդատերեր, որոնք Forbes-ի ցուցակներում չեն հայտնվում: Եվ սա այն պարագայում, երբ մենք ունենք 30%-ի հասնող աղքատություն, իսկ առավել խիստ չափանիշներ սահմանելու պարագայում առնվազն 60% և ավելի:

Մյուս կողմից չմաքսազերծված ապրանքներ ներմուծելով խախտվում է ողջ առևտրային համակարգը, սկսում են ձևավորվել մենաշնորհային դիրք զբաղեցնող ներմուծողներ, որոնց հետ ոչ մի դեպքում հնարավոր չէ մրցակցել, քանի որ չմաքսազերծվելու պարագայում վերջիններս առնվազն 33%-անող գնային առավելություն են ստանում ցանկացած օրինական ներմուծողի հանդեպ: Իսկ այս պարագայում խոսել Doing business-ի վարկանիշից գրեթե անիմաստ է, և մյուս կողմից նշված վարկանիշում առաջընթաց ունենալու ցուցանիշով հպարտանալու փոխարեն, շատ ավելի ուրախալի կլիներ հպարտանալ անօրինական ֆինանսական հոսքերի վարկանիշային աղյուսակում չհայտնվելու կամ գոնե վերջին հորիզոնականներում գտնվելու համար: Իսկ երկրի զարգացման համար նպատակ սահմանվեր կրճատել նման գումարային հոսքերը և տարեկան ՀՆԱ-ի մոտ 20%-անոց ներդրումներ ապահովել միայն անօրինակն հոսքերը Հայաստանում պահելով:

Իհարկե, կարելի է գայլի գլխին միշտ էլ ավետարան կարդալ, բայց նրա մտքում ոչխարի սարն անցնելու միտքն է պտտվում, այնպես ինչպես այս ֆինանսական անօրինական հոսքերն իրականացնողների գլխում իրենց փողերը Հայաստանից դուրս հանելու միտքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Դեկտեմբեր 21, 2015

Ամենաընթերցված նյութեր