ՀՀ միջազգային պահուստները հուլիսից նոյեմբեր ժամանակահատվածում կրճատվել են 153 մլն ԱՄՆ դոլարով

Յուրաքանչյուր երկրի տնտեսության վերաբերյալ կարելի է դատողություններ անել վերջինիս ունեցած միջազգային պահուստների ցուցանիշներից ելնելով: Օրինակ` շատերը, երբ ցանկանում են ցույց տալ Չինաստանի տնտեսության հզորությունը նշում այն փաստը, որ վերջինս 3.5-4 տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող ոսկեարժութային պահուստներ ունի: Այս տեսանկյունից, երբ սկսում են նվազել այս կամ այն երկրի արտարժութային կամ ոսկու պահուստները, դա համարվում է անհանգստացնող փաստ: Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նավթի գների անկման հետ կապված բախվել է նմանատիպ հիմնախնդիրների հետ:

Այս տեսանկյունից պետք է նաև չմոռանալ, որ երկրի արտարժութային պահուստների վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի դրամավարկային, և, հատկապես, արժութային քաղաքականություն է վարում տվյալ երկրի կենտրոնական բանկը: Մի շարք երկրներ իրենց կենտրոնական բանկերի կայքերում այս տվյալները թարմացնում են ուշացումներով, քանի որ սրանք ազդակներ են հանդիսանում հասարակության, թրեյդերների, ինչպես նաև ներդրողների համար արտարժույթի շուկայում իրենց վարքագիծը փոխելու, խնայողություններն այս կամ այն արժույթով պահելու համար:

Աղյուսակ

ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը 2015թ.-ի հունիս-նոյեմբերին (մլն. ԱՄՆ դոլար)

 

07.15

08.15

09.15

10.15

11.15

Համախառն միջազգային

պահուստներ

1702,5

1646,0

1625,5

1582,3

1549,7

Ոսկի

0,0

0,0

0,0

0,0

0,0

ՀՓԻ ԱՄՀ-ում

1,0

0,4

0,4

2,8

9,7

Պահուստային դիրքը ԱՄՀ-ում

0,0

0,0

0,0

0,0

0,0

Արտարժույթ

1701,6

1645,6

1625,1

1579,5

1540,0

Ինչպես ցույց են տալիս ՀՀ ԿԲ տվյալները 2015թ.-ի ընթացքում ՀՀ միջազգային պահուստներն ամենաշատը եղել են 2015թ.-ի հուլիսին` գերազանցելով 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարը, իսկ տարվա ընթացքում ամենավատ արդյունքը գրանցվել է փետրվարին` կազմելով 1 մլրդ 260 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքիր փաստերից է մնում այն, որ վերջին հինգ ամիսների վիճակագրության համաձայն ՀՀ միջազգային պահուստները նվազել են մոտ 150 մլն ԱՄՆ դոլարով և սա այն պարագայում, երբ ներմուծումը ևս կրճատվել է մոտ 970 մլն ԱՄՆ դոլարով: Ի՞նչի մասին է դա վկայում. կարծում ենք, որ սա, նախ և առաջ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսության մեջ առկա է դոլարի նկատմամբ բարձր պահանջարկ և մարդկանց մի ստվար զանգված իր խնայողությունները նախընտրում է պահել դոլարով` իր աչքի տակ ունենալով 2014թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած զարգացումները: Մյուս կողմից նավթի ցածր գները մեր դաշնակից ՌԴ-ին զրկել են լրացուցիչ դոլարային մուտքերից, որի պակասը վերջինս իր ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում ունեցած կազմակերպությունների միջոցով փորձում է լրացնել: Չնչին նվազում է նկատվել նաև ՀՀ արտահանման բնագավառում, սա ևս ազդել է արտարժութային հոսքերի նվազման վրա: Եվ ամենագլխավոր գործոններից մեկը կապված է տրանսֆերտների հոսքերի նվազման հանգամանքի հետ, որի պարագայում միջազգային պահուստների համալրման հիմնական աղբյուրից մեկի հետ կապված խնդիրներն են ի հայտ եկել: Սրան գումարենք նաև 2015թ.-ի դեկտեմբերի 16-ին ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման հանգամանքը, որը ևս լրացուցիչ ճնշում է դոլարի վրա: Այս ամենի հանրագումարն իր այս կամ այն մասնաբաժնով ազդել է մեր միջազգային պահուստների նվազման վրա, որը չնայած կրիտիկական չէ, սակայն անհանգստացնող է:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Դեկտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր