Տնտեսական "արմագեդոնի" մեկնարկը տրված է

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներն իրենց մեջ լուրջ վտանգ են պարունակում, հատկապես, զարգացող երկրների համար: Թվում է, թե նավթի գների անկումը կամ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով բարձրացումը որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող, սակայն իրականությունը լրիվ այլ բան է հուշում:

Նավթի brent տեսակի գները 1 բարելի համար արդեն իսկ մոտեցել են 37.5 ԱՄՆ դոլարի, որի պարագայում աշխարհում տիրում է խառնաշփոթ: Եվ սա դեռ սկիզբն է, դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին սպասվում է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մի շարք կետերի ամբողջությամբ վերացում, որի պարագայում նավթի գների անկումը ոչ թե կանգ է առնելու այլ ավելի մեծ տեմպով է շարունակվելու: Այս հանգամանքը համաշխարհային տնտեսության մեջ ստեղծում է աննախադեպ դժվարին իրավիճակ, մի շարք երկրներ ստիպված են վերանայել իրենց բյուջեում դրված նավթի գները, ինչպես նաև արժույթի կուրսը, քանի որ դա ևս կարևոր գործոն է: Գրեթե նույն տրամաբանությամբ ՌԴ-ն նավթի գինը 2016թ.-ի բյուջեի հիմքում դրել է 50 ԱՄՆ դոլարն 1 բարելի դիմաց, իսկ ռուբլու փոխարժեքը` 63.5 ռուբլի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Այս ամենի համատեքստում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից արված քայլը կարելի է դիտարկել որպես վերջին 9 տարիների ընթացքում միևնույն ուղղությամբ տարվող մեղմ դրամավարկային քաղաքականությունից ետ քայլ: Այս քաղաքականությունը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ոչ միայն զարգացող երկրների տնտեսություններում և արտարժութային շուկաներում, այլ նաև հենց ԱՄՆ տնտեսության մեջ: Սա շատ նման է այն վարորդի վարքագծին, ով որոշել է մեքենան ընթացքից արգելակել և միանգամից սկսել հետ քշել, իսկ բոլորը հասկանում են, թե դա ինչքան ռիսկային քայլ է և ինչ կկատարվի այդ ընթացքում ուղևորների հետ:

Իսկ ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանի տնտեսության վրա առաջին հերթին դա ազդելու է դրամի արժեզրկման և դոլարի արժևորման տեսքով: Այսինքն` ամենայն հավանականությամբ դոլարն առաջիկա օրերին կարժենա 500 դրամից ավելի և կշարունակի իր թանկացումը մինչև որ կգտնի հավասարակշռության նոր կետ: Կարելի է կանխատեսել, որ մեղմ սցենարի պարագայում այն պարզապես կգերազանցի 500 դրամի մակարդակը, միջին տարբերակը կտատանվի 510-520 դրամի շրջանակներում, բայց չի բացառվում նաև ավելի ծանր սցենար, որի պարագայում կունենանք 520-ից բարձր դրամ-դոլար հարաբերակցություն: Այս սցենարներից յուրաքանչյուրը զուգակցվելու է նաև ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը սրանից հաստատ տուժելու է: Առաջին հերթին նավթի գներն են անկում ապրելու, ինչպես նաև թանկ դոլարն արժեզրկելու է ռուսական ռուբլին: Ռուբլու` դոլարի նկատմամբ արժեզրկման չափի մոտ 40-50%-ի չափով էլ արժեզրկվելու է ՀՀ դրամը, այսինքն` եթե ռուբլին արժեզրկվեց 20%-ով, ապա մոտ 10%-ով էլ կարժեզրկվի դրամը:

Ունի՞ արդյոք ՀՀ տնտեսությունը համապատասխան քանակությամբ միջազգային պահուստներ նման ցնցմանը դիմակայելու համար: Հարցի պատասխանը հետևյալն է. ունի 1 մլրդ 550 մլն ԱՄՆ դոլարի հասնող պահուստներ, սակայն դրամը չարժեզրկելու պարագայում դրանք կարող են շատ արագ սպառվել, քանի որ Ռուսաստանում այժմ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո գործարկվել է հսկայական մի "մագնիս", որն իրեն է ձգելու հարևան բոլոր երկրների դոլարային պահուստները` լրացնելու համար այն բացը, որը կարող է առաջանալ թանկ դոլարի քաղաքականության արդյունքում:

Հիմնավոր է դառնում նաև այն փաստը, որ ՌԴ-ից ՀՀ ուղարկվող տրանսֆերտները այս ամենից ելնելով կրճատվելու են, իսկ ուղարկված տրանսֆերտների մեծամասնությունը լինելու են ռուբլով և արժեզրկված` տատանվելով 6-7 դրամի շրջանակներում:

Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ վնաս կրողներն այս ամենի արդյունքում լինելու են դոլարով վարկ ունեցողները, քանի որ վերջիններս ստիպված են լինելու վճարել ավելի թանկ դոլարով: ՀՀ վարկային պորտֆելի 60%-ից ավելին արտարժույթով է և դա հանգեցնելու է չվճարված վարկերի տեսակարար կշռի ավելացման, դրանց անհուսալի վարկերի դասին դասակարգման և այլն: Այսինքն` թվում է թե ոչինչ չի եղել` ԱՄՆ-ում, ընդամենը, տոկոսադրույք են բարձրացրել, բայց արի ու տես, որ սրանով տնտեսական "արմագեդոնի" սկիզբն են հայտարարել:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:33 Դեկտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր