2015թ.-ի 10 ամիսների ընթացքում դեպի ՀՀ ներմուծումը կրճատվել է 970 մլն ԱՄՆ դոլարով

ՀՀ տնտեսության զարգացման վրա իր ազդեցությունն է թողնում նաև արտաքին առևտրաշրջանառությունը: Արտաքին առևտրաշրջանառության ուսումնասիրության արդյունքում նկատում ենք, որ դեպի ՀՀ ներմուծման ծավալը 2014թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ 2015թ.-ի հունվար-հոկտեմբերին նվազել է մոտ 970 մլն ԱՄՆ դոլարով:

Փաստը մնում է այն, որ 3.6 մլրդ ԱՄՆ դոլարից մինչև 2.6 մլրդ ԱՄՆ դոլար նվազած ներմուծման ծավալները ՀՀ տնտեսությունը յուրաքանչյուր ամիս զրկել են 97 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներից: Արդյոք սա ՀՀ տնտեսության համար միանշանակ բացասական է` դժվար է միանգամից ասել: Եթե այս խնդրին մոտենում ենք արտարժույթի արտահոսքի կրճատման տեսանկյունից` այն դրական է, իսկ եթե հարցին մոտենում ենք այն տեսանկյունից, որ նման մեծ ծավալով ապրանքներ ՀՀ շուկա մուտք չեն գործել և մարդիկ ստիպված են եղել այդ քանակությամբ ապրանքներ քիչ գնել, ապա դա շատ բացասական է: Վերջինիս արդյունքում ՀՀ պետական բյուջեն զրկվել է հսկայական մուտքերից, որի արդյունքում էլ բյուջեի պակասուրդի աճը գերազանցում է տարեսկզբին դրված ցուցանիշը: Իհարկե, բյուջեի մուտքերի հետ այս հարցը կապելը ևս կարևոր է, սակայն փաստը մնում է այն, որ սովորական քաղաքացին այնքան է կորցրել իր գնողունակությունը, որ չի կարողացել ձեռք բերել մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքներ: Չնայած պետք է նշել, որ ՀՀ տնտեսության առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ մարդիկ իրենց ծախսերի գերակշիռ մասը կենտրոնացնում են դեկտեմբեր ամսվա վրա, սակայն կոտրել այս ամբողջ բացասական միտումները դեկտեմբերին հաստատ չի հաջողվի: Շատ հավանական է, որ լավագույն դեպքում նախորդ տարվա համեմատությամբ ներմուծումը կրճատվի մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Այս ցուցանիշի հիմքում ընկած է նաև տրանսֆերտների կրճատման փաստը, որի անմիջական հետևանքը լինում է ներմուծման ծավալների կրճատումը:

Միայն ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալների կրճատումը կազմել է մոտ 160 մլն ԱՄՆ դոլար, իսկ, մասնավորապես, ՌԴ-ից` 97 մլն ԱՄՆ դոլար: ԵՄ երկրներից ներմուծման կրճատման ծավալները 947 մլն ԱՄՆ դոլարից հասել են 629 մլն ԱՄՆ դոլարի, իսկ այլ երկրներից 1 մլրդ 603 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ 110 մլն ԱՄՆ դոլարի: Նման աննախադեպ երևույթ գրանցվել էր միայն 2009թ.-ին, սակայն, կարծես թե, այդ սցենարը նորից է խաղարկվում:

Այնուամենայնիվ, ՀՀ ներմուծման առաջին գործընկերը մնում է ՌԴ-ն (810 մլն ԱՄՆ դոլար), 2-րդ հորիզոնականում է գտնվում Չինաստանը` 254 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշով, իսկ 3-րդ հորիզոնականում է հաստատվել 163 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշով Իրանը` շատ չնչին չափով գերազանցելով Գերմանիային:

ՀՀ ներմուծվող ապրանքների աճ արձանագրվել է միայն Դանիայից, Բուլղարիայից, Չեխիայից և Լիտվայից, իսկ մյուս բոլոր երկրների մասով արձանագրել ենք անկում:

Հայաստանը ունենալով ներմուծման այդքան մեծ կրճատում զրկվել է իր ՀՆԱ-ի 9-10%-ից, իսկ ազգաբնակչության կենսամակարդակը միայն այս ցուցանիշի մասով իջել է 10%-ով: Իհարկե, կարելի է ասել, որ վճարային հաշվեկշռի կամ առևտրային հաշվեկշռի բարելավում ենք արձանագրում դրանով, սակայն այնպես էլ չի, որ այդ չներմուծված ապրանքները սկսել են արտադրվել տեղում:

Հիմնական եզրակացությունն այն է, որ ՀՀ տնտեսությունը սկսում է ճգնաժամային ավելի խոր փուլի մեջ ընդգրկվել, իսկ հակազդող միջոցառումները և քայլերը դեռևս բացակայում են, կամ եթե անգամ կան էլ` շոշափելի արդյունք առայժմ չեն ապահովում: Մնում է միայն հուսալ, որ այս բացասական միտումները գոնե ինչ-որ չափով կմեղմվեն դեկտեմբերին:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:16 Դեկտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր