Ուորեն Բաֆետի 6 լավագույն խորհուրդները 2016թ.-ի համար

Գրեթե բոլոր մարդիկ ցանկանում են արդյունավետ կառավարել իրենց փողերը, ցանկանում են կուտակել մեծ հարստություն և ֆինանսական տեսանկյունից ունենալ կայուն և ապահով ապագա: Դա, իհարկե, հաջողվում է ոչ բոլորին, սակայն համաշխարհային միլիարդատերերի ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր միլիարդատեր ունի իր հարստանալու պատմությունը: Դրանցից մեկը հայտնի ներդրող Ուորեն Բաֆետն է, ում հաջողվել է կուտակել 72 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող կարողություն, ինչպես նաև գրեթե միշտ ընդգրկված լինել միլիարդատերերի տասնյակում:

Նման մարդկանց խորհուրդները լսելն ինքնին արդեն իսկ բավականին հետաքրքիր է, իսկ եթե հաշվի առնենք, որ վերջինս հանդիսանում է նաև Բաֆետոլոգիայի` որպես ներդրումներ անելու սեփական ուղղության հիմնադիրը, ապա այս մարդու խորհուրդներն անգնահատելի են: Մյուս կողմից այդ խորհուրդները շատ պարզ են և թվում է, թե բոլորն էլ դրանք գիտեն, սակայն դրանցով շարժվում են քչերը:

Ուորեն Բաֆետի առաջին խորհուրդը հետևյալն է.

1. Երբեք մի կորցրեք փողերը:

Կանոն N 1. Երբեք մի կորցրեք փողերը:

Կանոն N 2. Երբեք մի մոռացեք առաջին կանոնը:

Թվում է թե այստեղ ամեն ինչ պարզ է, սակայն այս կանոնի մեջ կա միտք, որ այն ռիսկային գործարքները, որոնք կարող են հանգեցնել դրամ կորցնելու, չպետք է մղվեն առաջնային պլան, կշռադատված և ոչ ռիսկային քաղաքականության արդյունքում է Բաֆետին հաջողվել հասնել իր կարողությանը, սակայն նա երբեք չի դիմել շատ մեծ ու ռիսկային գործարքների, որոնց արդյունքում կարող էր կորցնել իր փողերը:

2. Ստացեք մեծ շահույթ ցածր գնով:

Գինն այն է` ինչ դու վճարում ես, իսկ շահույթն այն ինչ դու ստանում ես: Այս մասին է Բաֆետը գրել Berkshire Hathaway-ի իր բաժնետերերին: Եվ նշում է հետևյալը, որ դուք կարող եք կորցնել ձեր փողերը (խախտելով առաջին կանոնը), եթե դուք վճարեք բարձր գին նրա համար, ինչը բերում է ձեզ ցածր շահույթ: Սա նման է այն իրավիճակին, որ դուք վարկ եք վերցնում, որի դիմաց հետագայում վճարում եք բարձր տոկոսներ: Կամ եթե դուք գնում եք արժեթղթեր, անշարժ գույք կամ ապրանք, որն այդ պահին գնում են բոլորը և այդ ապրանքի գինն այդ պահին բավականին բարձր է: Ի դեպ, այս միտքը լիարժեք տեղավորվում է Հայաստանում դեկտեմբեր ամսին տեղի ունեցող առևտրի տրամաբանության շրջանակներում: Բաֆետն ասում է. "Կարևոր չէ խոսքը գնում է բաժնետոմսերի մասին թե հագուստի, ինձ դուր է գալիս գնել բարձր որակ ունեցող ապրանքներն այն ժամանակ, երբ շուկան գտնվում է անկման փուլում": Եվ սա շատ խելացի մոտեցում է: Այսինքն` պետք է գնել այն ժամանակ, երբ ոչ ոք չի գնում և վաճառել այն ժամանակ, երբ բոլորը գնում են: Սա հայտնի բորսայական կանոն է, որը գործում է ամբողջ աշխարհում և մյուս կողմից դա համարվում է շատ խելացի մոտեցում:

3. Զարգացրու ինքդ քո մեջ ճիշտ ֆինանսական սովորություններ:

Շատ հաճախ մենք մեզ պահում ենք այնպես ինչպես սովոր ենք պահել: Եվ շատերն ասում են, որ ոչ մեծ սովորությունները բավականին աննկատ են, մինչև դրանք չեն հանգեցնում ֆինանսական կործանման:
Դուք ունեք սովորություններ, որոնք սիրում եք խախտել, և ունենք սովորություններ, որոնց սիրում ենք հետևել: Ըստ Բաֆետի, ամենակարևոր սովորությունը փող խնայելն է և ամենամեծ սխալն այն է, որ չեն սովորեցնում մարդկանց փող խնայել: Դա անելու համար անհրաժեշտ է մշակել ավտոմատացված համակարգ. այնպես ինչպես անում ենք մեր վճարումները (կոմունալ, սննդի, հագուստի)` դրան ուղղելով մեր գումարները, պետք է նաև ունենանք խնայողական հաշվի գաղափար, որին ուղղում ենք մեր խնայողությունները: Մշակելով սեփական գումարների ավտոմատացման համակարգ կարելի է հասնել լուրջ հաջողությունների: Իհարկե, հայ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, իսկ եթե չունենք խնայողություններ ինչպես անել դա, ամենայն հավանականությամբ վատ սովորություններն են պատճառը, որ, օրինակ` երևանցիների 42%-ը չունեն խնայողություններ

4. Միշտ ունեցեք շատ հասանելի կանխիկ գումար:

Սա Բաֆետին օգնել է խուսափել 2008թ.-ի ճգնաժամից: Շատերի մոտ հարց կարող է առաջանալ, իսկ եթե հսկայական գումար պահվում է կանխիկի տեսքով և ներդրված չէ, դրա օգուտն ինչում է: Այս հարցի պատասխանը հետևյալն է` կարելի է գումարները պահել բանկերի ավանդային հաշիվներում, որոնք ցպահանջ են կամ կարճաժամկետ և անհրաժեշտության դեպքում շատ արագ կարող են վերածվել կանխիկ գումարի: Բոլոր գումարները ներդնելով սեփականության մեջ միշտ կանխիկ ունենալու խնդիր կարող է առաջանալ: Մյուս կողմից դա շատ կարևոր է, երբ դուք ձեռնարկատեր եք, այսինքն` չի կարելի մինչև վերջին կոպեկը դնել գործի մեջ:

5. Ներդրեք ինքներդ Ձեր վրա:

Բաֆետը միշտ ասում է, որ պետք է ներդնեք ինքներդ Ձեր վրա բոլոր եղանակներով, սկսած սեփական մարմնի, առողջության պահպանման և վերականգնման, մինչև նոր աշխատանք փնտրելու, որը Ձեզ դուր է գալիս, և անգամ լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծում: Այս ամենն ավելացնում է Ձեր ունակությունները և դարձնում է Ձեզ ավելի արժեքավոր, իսկ դա նշանակում է, որ Ձեր ներդրումներն ավելի մեծ արժեքով են ետ գալու: Քանի որ մարդու գումարները կարող են գողանալ, վարկանիշն իջեցնել, բայց գիտելիքները և հմտությունները նրա ձեռքից չեն կարող տանել, իսկ դա երաշխավորում է, որ ապագայում Ձեր հմտություններով կարող եք գումարներ աշխատել:

6. Ինքներդ Ձեր առաջ դրեք երկարաժամկետ նպատակներ:

Բաֆետը գտնում է, որ սխալը, որն անում են մարդիկ, կապված է կարճաժամկետ ժամանակահատվածում գների բարձրացումից արագ եկամուտ ստանալու հետ: Այս մոտեցմամբ շարժվելը հանգեցնում է ոչ հաճելի զարգացումների մարդկանց մեծամասնության մոտ (դասական օրինակ է` կարճաժամկետ ընտրակաշառքը, որը չի հետապնդում երկարաժամկետ նպատակ կամ մեկ կետից մյուս կետը տեղափոխելով մի քանի ժամվա ընթացքում թանկ վաճառված ապրանքը): Արագ փողեր աշխատելու փոխարեն Բաֆետը խորհուրդ է տալիս կենտրոնանալ ամբողջ կյանքի ընթացքում Ձեր գնողունակության բարձրացման վրա և իրականում դա շատ խելացի մոտեցում է:

Ուսումնասիրելով այս խորհուրդները հասկանում ենք, որ մեզ` հայերիս, գաղափարական հեղաշրջում է անհրաժեշտ, որը պետք է իրականացնել նորածին երեխայից մինչև կյանքի վերջին րոպեն ապրողի մոտ, միայն նման գաղափարների վրա հիմնվող ձեռնարկատերերն ու սպառողները կարող են ունենալ ֆինանսական կայուն ապագա և բարեկեցություն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:30 Դեկտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր