Երևանցիների ընտանեկան բյուջեն բավականին կտուժի էլեկտրաէներգիայի գնի թանկացումից

Էլեկտրաէներգիայի գնի թանկացումն իր բացասական ազդեցությունը կունենա Երևանի տնային տնտեսությունների մոտ 70%-ի վրա, քանի որ վերջիններս ձմռան ամիսներին սպառում են 250 կվտ-ից ավելի:

Թանկացումների խնդիրը մշտապես ուղեկցում է ՀՀ քաղաքացիներին, որի դեմ կարծես ոչինչ անել չենք կարող, սակայն դրան հակազդող ինդեքսացիայի` աշխատավարձերի, թոշակների, նպաստների համապատասխան տոկոսային բարձրացում յուրաքանչյուր տարվա բյուջեում չի նախատեսվում: Իսկ նման պրակտիկա կիրառվում է գրեթե բոլոր նորմալ տնտեսական համակարգ ունեցող երկրներում, քանի որ վերջինիս միջոցով լուծում են ստանում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, ինչպես նաև դրանով իսկ կանխվում է կենսամակարդակի և բարեկեցության անկումը:

Այս համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիներին ուղղել էր հետևյալ հարցը. "Որքանո՞վ էական ազդեցություն կունենա Ձեր ընտանեկան բյուջեի վրա էլեկտրաէներգիայի գնի թանկացումը":

Ինչպես տեսնում ենք գրաֆիկից, հարցվողների ավելի քան 88%-ը նշել է, որ սակագնի թանկացումը էական ազդեցություն կունենա իրենց ընտանեկան բյուջեի վրա ("շատ էական" և "հիմնականում էական" պատասխանները միասին վերցրած), ընդ որում`, մոտ 70%-ի կարծիքով այդ ազդեցությունը կլինի շատ էական:
"Հիմնականում ոչ էական" և "ոչ էական" պատասխանների հանրագումարը կազմել է 11%, իսկ դա հիմնականում հասարակության բարեկեցիկ և ֆինանսական որևէ խնդիր չունեցող խավն է:

Մնում է միայն հուսալ, որ ոլորտի նոր սեփականատիրոջը կհաջողվի լուծել առկա հիմնախնդիրները, բացահայտել կորուստներն ու գերածախսերը, ավելացնել սեփական շահութաբերությունը, իսկ հնարավորությունների դեպքում նաև հանդես գալ հայտով և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Իրականում շատերն այս վերջին միտքը կարող են պատրանք համարել, սակայն, օրինակ ջրի սակագնի իջեցման պրակտիկա մեկ անգամ գրանցվել է և մնում է հուսալ, որ այս ոլորտում ևս մեկ օր "լույս կբացվի"` չնայած հենց "լույս տվողներն" էլ իրենք են...

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Դեկտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր