Երևանցիների մոտ 70%-ը ձմռան ամիսներին սպառած էլեկտրաէներգիայի համար չի սուբսիդավորվի

Ձմռան ամիսները յուրահատուկ փորձություն են ՀՀ քաղաքացիների մեծ մասի համար: Եվ չնայած անցել են 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, սակայն մի շարք տնային տնտեսություններ այժմ ևս բախվում են բնակարանները տաքացնելու խնդրի հետ: Շատերն իրենց բնակարանը տաքացնելու համար օգտվում են ոչ թե գազից այլ էլեկտրաէներգիայից:

Այս խնդիրները հատկապես սրվեցին, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը զուգահեռ: Չփորձելով անդրադառնալ վերջինիս նախապատմությանը և իրադարձությունների հաջորդական ընթացքին, պարզապես փորձենք հասկանալ, թե ինչքան էլեկտրաէներգիա են միջինում ձմռան ամիսներին սպառում Երևանի տնային տնտեսությունները: Այստեղ, հարկ է նշել, որ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից անցկացվել է մեկ բաժանարար գիծ, որը 250 կվտ-ից ավելի կամ պակաս լինելու հանգամանքն է: Բնականաբար հասկանալի է նաև, որ այս բաժանումն արվել է այն պարզ պատճառով, որպեսզի հստակ հասկացվի, սուբսիդավորման տակ տնային տնտեսությունների քանի՞ տոկոսը պետք է հայտնվի, և քանիսը ոչ:

Այս համատեքստում, ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևանի տնային տնտեսությունների շրջանում անց¬կաց¬ված սոցիոլոգիական հետազոտության ժամանակ հարցվողներին տրվել է հետևյալ հարցը. "Արդյոք, ձմռան ամիսներին Ձեր տնային տնտեսությունը սպառո՞ւմ է 250 կվտ-ից ավելի էլեկտրաէներգիա, թե՞ ոչ":

Արդյունքները բավականին հետաքրքիր են: Երևանի տնային տնտեսությունների մոտ 70%-ը ձմռան ամիսներին միջինում 250 կվտ-ից ավելի էլեկտրաէներգիա է սպառում: Իհարկե, հնարավոր է նաև, որ տարեկան կտրվածքով յուրաքանչյուր ամսվա միջին էլեկտրաէներգիայի ծախսը քիչ լինի 250 կվտ-ից, սակայն խնդիրը նրանում է, որ ձմռան ամիսներին այս տնային տնտեսությունները կունենան ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիայի սպառում, բնականաբար հայտնվելով բաժանարար գծից վերև չեն սուբսիդավորվի և ստիպված կլինեն վճարել թանկ սակագնով: Այսինքն` խնդիրն առնչվում է հասարակության մեծամասնությանը, իսկ դրա վերաբերյալ չի ներկայացվում նախորդ տարիների ձմռան ամիսներին սպառած էլեկտրաէներգիայի վիճակագրությունը և որոշումներն էլ չեն կայացվում դրանից ելնելով:

Երևանի տնային տնտեսությունների միայն 30%-ն է 250 կվտ-ից ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառում ձմռան ամիսներին, և, հետևաբար, նաև տարվա մյուս ամիսներին ևս: Այսինքն` սակագնի թանկացման արդյունքում սուբսիդավորման դաշտում հայտնվողների տեսակարար կշիռը չի գերազանցելու տնային տնտեսությունների 30%-ը: Այս մարդիկ էլ հիմնականում պատկանում են հասարակության աղքատ խավին, քանի որ աղքատության մակարդակն ըստ պաշտոնական վիճակագրության հենց այս ցուցանիշի շուրջ էլ տատանվում է: Ձմռան ամիսներին կսուբսիդավորվեն միայն աղքատները, իսկ թե հասարակության մյուս շերտերն ինչպես են կատարելու իրենց վճարումները դա ՀՀ կառավարությանն առանձնապես չի հետաքրքրում:

Մնում է միայն հուսալ, որ եղանակը ձմռան ամիսներին բարեհաճ կգտնվի, իսկ սպառված էլեկտրաէներգիան չի գերազանցի 250 կվտ-ի "չարաբաստիկ" սահմանագիծը:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:00 Դեկտեմբեր 08, 2015

Ամենաընթերցված նյութեր