Երևանցիների 28%-ը մեկ ամիս առաջ պլանավորում է ամանորյա ծախսերը

Ամանորը հայերի կողմից ամենասիրված տոներից է, որին պատրաստվում են գրեթե բոլորը: Գաղտնիք չէ, որ Ամանորը նաև որոշակի ծախսերի և նախապատրաստական աշխատանքների հետ է կապված: Օրինակ` Եվրոպայում նոյեմբերի 25-ից հետո արդեն կարելի է տեսնել տոնածառներ, գեղեցիկ զարդարված փողոցներ ու տներ և այլն, գրեթե նույն սկզբունքով սկսել են շարժվել նաև Երևանում, քանի որ մեկ ամիս առաջ արդեն սկսվում է զգացվել Ամանորի շունչը:

Իհարկե, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների համար բյուջեից ստացված միջոցներով մեկ ամիս առաջ դա կազմակերպելն այնքան էլ մեծ դժվարություն չի ներկայացնում, սակայն ինչպե՞ս է դա տեղի ունենում հասարակ քաղաքացիների կյանքում...

Եթե աշխարհի գրեթե բոլոր երկրներում նոր տարվա նախաշեմին զեղչեր են գործում, ապա մեր իրականության մեջ սկսվում է գնաճի ժամանակահատվածը: Հիմնականում նաև հենց այդ պատճառով` Երևանի տնային տնտեսությունների մի մասն իր ծախսերը սկսում է պլանավորել նոյեմբերի վերջին` չցանկանալով հայտնվել գնաճային ռիսկերի ժամանակահատվածում, որից խուսափելը գրեթե անհնար է:

Պետք է նշել, որ մեկ հարց է պլանավորել, և մեկ այլ հարց` անցնել բուն գնումների գործընթացի միջով: Մյուս կողմից այն ապրանքները, որոնք ունեն պահպանման երկար ժամանակահատված և դեռևս չեն հասցրել թանկանալ` տնային տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև մոտ մեկ ամիս առաջ:

Այս համատեքստում, ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից նոյեմբերի կեսերին Երևան քաղաքի տնային տնտեսությունների շրջանում անց¬կաց¬ված սոցիոլոգիական հետազոտության ընթացքում փորձել ենք պարզել` սկսե՞լ են արդյոք մեր համաքաղաքացիները պլանավորել ամանորյա ծախսերը:

Մինչև բուն հարցին անդրադառնալը նշենք, որ հարցվողների շուրջ 98.6%-ը հաստատել է այն փաստը, որ Ամանորն իրենց ընտանիքում տոնում են: Կարելի է ենթադրել, որ Ամանորը նշում են` յուրաքանչյուրն իր ֆինանսական հնարավորությունների չափով, չնայած այս պնդումը ևս կարելի է կասկածի տակ դնել, քանի որ կան մարդիկ, ովքեր դիմում են վարկեր վերցնելու և Ամանորը ճոխ նշելու տարբերակին: Նման քայլերի արդյունքում` վերջիններս նոր տարում ստիպված են փակել այն պարտքերը կամ վարկերը, որոնք կուտակել են Ամանորյա տոները լիարժեք անցկացնելու համար:

Անձնական ֆինանսների ճիշտ պլանավորողներից շատերը կամ Երևանի տնային տնտեսությունների 28.7%-ը, ովքեր նշում են Ամանորը, իրենց ծախսերը պլանավորում են դեռևս նոյեմբերի վերջին, իսկ մնացած 71.3%-ը դա կենտրոնացնում է դեկտեմբեր ամսվա վրա:

Այս հանգամանքը ստիպում է, որպեսզի դեկտեմբերին մարդկանց խնայողությունների մի մասը մուտք գործի շուկա և առաջացնի լրացուցիչ ավելի մեծ պահանջարկ, իսկ պահանջարկի դասական տրամաբանությունը ենթադրում է, որ գնաճն այս պարագայում անխուսափելի է: Մյուս կողմից առկա է նաև անկատար տեղեկատվության մոդելը, քանի որ բարեխիղճ վաճառողները և "պղտոր ջրում ձուկ որսացողները" խառնվում են իրար:

Օրինակ` Իսրայելում սուպերմարկետներն օրական կտրվածքով հրապարակում են ապրանքների գները և տեղադրելու կայքերում: Իսկ Հայաստանում նման համեմատություններ անելու և իր գնումներն ամենաէժան տարբերակով կազմակերպելու հնարավորություն սպառողը չունի: Մնում է հուսալ, որ Հայաստանը մի օր կհասնի այն զարգացման մակարդակին, որ ամանորյա ապրանքների թանկացման փոխարեն կունենաք զեղչեր, իսկ մի քանի սպեկուլյանտի ձեռքով անցնող և թանկ վաճառվող ապրանքների փոխարեն կունենք տեղեկատվություն դրանց իրական այլ ոչ թե սպեկուլյատիվ գների վերաբերյալ:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:03 Դեկտեմբեր 08, 2015

Ամենաընթերցված նյութեր