Երևանի տնային տնտեսությունների 47%-ը վարկեր ունի

Հայաստանում բավականին դժվար է գտնել տնային տնտեսություններ, որոնք չեն բախվել վարկեր և պարտքեր ունենալու խնդրի հետ: Մի շարք մարդկանց համար դա հանդիսանում է գոյատևման և սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու միակ աղբյուրը: Մյուս կողմից շատերը դաս են քաղում վարկ վերցնելուց հետո և այլևս չեն փորձում հայտնվել այնպիսի իրավիճակում, որ կրկին վարկ վերցնեն: Վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու հանգամանքը շատերին ստիպում է կորցնել իրենց գրավադրված գույքը, ոսկեղենը և այլն: Հաշվի առնելով այս հիմնախնդրի արդիականությունը և այն հանգամանքը, որ վարկերը և պարտքերը մարդկանց ստիպում են դիմել ծայրահեղ քայլերի, ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշել է պարզել, թե Երևանի տնային տնտեսությունների որ մասն է ներկայում համարվում վարկառու և արդյոք ընթացիկ տարվա ընթացքում նրանք կրկին ստացել են վարկեր, թե ոչ:
Եվ այսպես, առաջին հերթին հարցվողները պատասխանել են, արդյոք ներկայում վարկ ունեն, թե՞ ոչ: Ըստ այդմ, Երևանի տնային տնտեսությունների 52.9%-ը նշել է, որ վարկեր չունեն, 47.1%-ը` ունեն:

Անդրադառնալով հարցվողների այն խմբին, ովքեր դրական են պատասխանել վարկ ունենալու հարցին` նկատում ենք, որ նրանց 55.8%-ը 2015թ.-ի ընթացքում կրկին դիմել և վարկ են ստացել (ընդհանուր հարցվողների 26.3%-ը): Այսինքն` վարկ ունենալով և դա դեռևս այն չմարած գնում են կրկին վարկ վերցնելու կամ ունեցած վարկը լրացուցիչ գրավի դիմաց ավելացնելու ճանապարհով:

Ահազանգողն այն է, որ վարկ ունեցողներից ամեն երկրորդը կրկին վարկ է վերցնում: Իսկ դա նշանակում է, որ վարկերի կեսից ավելին վերադարձելիության ռիսկի հետ կարող է բախվել, չնայած տեսականորեն կարելի է ենթադրել, որ լրացուցիչ վարկ վերցնելը դեռևս ռիսկ չէ: Սակայն իրականությունն այն է, որ հաճախ վարկերը մարել չկարողանալու արդյունքում է դա տեղի ունենում, այլ ոչ թե գործերը բարեհաջող ընթանալու և գործունեությունն ընդլայնելու նպատակով:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:12 Դեկտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր