Երևանի տնային տնտեսությունների կողմից ստացվող տրանսֆերտները կրճատվել են 51%-ով

Արտերկրից ստացվող անձնական տրանսֆերտները Հայաստանի տնտեսության համար լուրջ գործոն են համարվում, քանի որ սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ մասը լուծվում է դրանց հաշվին: Հարկ ենք համարում նշել, որ տրանսֆերտների ցուցանիշը ՀՀ ՀՆԱ-ի 20-30%-ն է կազմում` տարեկան տատանվելով 2-3 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանակներում: Իհարկե, սրանք հսկայական գումարներ են, որոնք մեր տնտեսության մեջ կրճատվելու պարագայում բավականին խնդիրներ են ստեղծում: Եվ չնայած չկա նման վիճակագրություն, բայց ամենայն հավանականությամբ տրանսֆերտները ոչ միայն լուծում են առօրյա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, այլ նաև ուղղվում են մի շարք մարդկանց կողմից վերցրած վարկերի մայր գումարների և տոկոսների մարմանը: Ստացվում է այնպես, որ արտերկրում աշխատող հայերը ևս, անկախ իրենց կամքից, հայտնվում են վարկեր ունեցողի կարգավիճակում, իսկ այս շրջապտույտից դուրս գալու ելքը գտնում են իրենց բարեկամներին ևս արտերկիր կանչելու և տեղում վերջիններիս համար աշխատանք գտնելու միջոցով: Յուրաքանչյուր արտերկրում աշխատող հայ, եթե կարողանում է իր տնտեսական վիճակը բարելավել, անմիջականորեն սկսում է իրեն շրջապատել իր հարազատներով, ովքեր Հայաստանում աշխատանք չունեն և չեն կարողանում լուծել իրենց և իրենց ընտանիքի առջև ծառացած խնդիրները:

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կրճատումը կարելի է կապել հիմնականում ՌԴ-ում և ԱՊՀ տարածաշրջանում տիրող տնտեսական վատ իրավիճակի հետ, սակայն չի բացառվում նաև այն հիպոթեզը, ըստ որի տրանսֆերտ ստացողին կանչելով իրենց մոտ աշխատանքի այլևս վերանում վերջինիս տրանսֆերտ ուղարկելու անհրաժեշտությունը: Հայաստանում, վերջինի արդյունքում, սկսում է ի հայտ գալ տարեցների և երիտասարդների հարաբերակցության փոփոխություն, որն առաջիկայում հանգեցնելու է տնտեսական արդյունք ստեղծող տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշռի նվազման:

ՀՀ ուղարկվող տրանսֆերտների հետ կապված հարցերի պատասխանները ստանալու համար ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիների շրջանում փորձել է պարզել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտերկրից տնային տնտեսություններին ուղարկվող ֆինանսական փոխանցումների փոփոխության միտումները:
Մայիս ամսին ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից անցկացված հարցումները ցույց էին տվել, որ Երևանի տնային տնտեսությունների մոտ 70%-ը տրանսֆերտներ չեն ստանում, իսկ արդեն նոյեմբերի դրությամբ այս ցուցանիշը հասել է մոտ 65%-ի, որը նշանակում է տրանսֆերտներ ստացողների տեսակարար կշռի ավելացում: Իհարկե, ցավալի է, որ տրանսֆերտ ստացողների տեսակարար կշռն աճում է, քանի որ դա նշանակում է, որ միգրացիոն հոսքն ակտիվացել է:

Հարցվող տնային տնտեսությունների միայն 34.8%-ն է ստանում տրանսֆերտներ, (որոնց հետագա շարադրանքում կհամարենք 100%):

Տրանսֆերտների ավելացում արձանագրվել է տրանսֆերտ ստացողների միայն 9.8%-ի մոտ, սա նշանակում է, որ մեր արտերկրում ապրող և ՀՀ տրանսֆերտ ուղարկող բարեկամների մոտ 10%-ի մոտ են գործերը լավացել: Չի բացառվում նաև, որ որոշ տոկոսի մոտ էլ նկատված լինի առաջխաղացում, սակայն վերջիններս տրանսֆերտներ ուղարկող խմբին չպատկանեն, իսկ քանի որ արտերկրում ապրող հայերի շրջանակում անցկացված հարցումների արդյունքներ մենք չունենք` միայն կարող ենք ենթադրությունների ձևով ներկայացնել որոշ գնահատականներ:

Արտերկրից տրանսֆերտներ ստացողների 39.2%-ը պատասխանել է, որ իրենց տնային տնտեսությունի կողմից ստացվող տրանսֆերտները մնացել են նույն մակարդակի վրա, որն ինչ-որ առումով դրական է, քանի որ արտերկրում, հատկապես, ՌԴ-ում և ԱՊՀ-ում տնտեսական զարգացումները նպաստավոր չեն, իսկ այդ իրավիճակում պահպանել կայունություն դա արդեն իսկ առաջընթաց է: Տրանսֆերտներ ստացողների 51%-ն ունի տրանսֆերտների կրճատում, որը ոչ այլ ինչ է, քան սոցիալ-տնտեսական վիճակի վատացում: Եթե խնայողությունները կրճատվելու արդյունքում վատ էին սկսել ապրել Երևանի տնային տնտեսությունների 41.8%-ը, ապա տրանսֆերտների կրճատումից տուժողները մոտ 10%-ով ավելի են: Չի բացառվում նաև, որ խնայողությունների և տրանսֆերտների կրճատումը փոխկապակցված են կամ գուցե տրանսֆերտները խնայողությունների որոշ տոկոսն են կազմում, սակայն դա բացահայտելու համար, այս երկու հիմնախնդիրների փոխկապակցված հարցում անելու անհրաժեշտություն է առաջանում:

Անկախ ամեն ինչից, հարցումների ժամանա, երբ ստանում ենք ցուցանիշներ, որոնք փաստում են Երևանի տնային տնտեսությունների բարեկեցության անկման մասին` մի տեսակ բացասական տրամադրվածություն է առաջացնում ապագայի նկատմամբ: Սակայն մնում է հուսալ, որ կգա մի օր, երբ Հայաստանն իր տնտեսական զարգացումները կպայմանավորի ոչ թե ուղարկվող տրանսֆերտներով, այլ արտերկրից Հայաստան վերադարձող և իրենց հետ տնտեսական գործունեություն իրականացնելու արտերկրյա փորձը բերող և Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներով:

Հասկանում ենք, որ Հայաստանում դրան հասնելու համար դեռևս շատ անելիքներ կան:


ԲԱՐՈՄԵՏՐ

09:45 Դեկտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր