Երևանի տնային տնտեսությունների 42%-ը խնայողություններ չունի

Յուրաքանչյուր քաղաքացու համար խնայողությունների առկայությունը "ապահովության բարձիկի" դեր է կատարում: Ովքեր ունեն խնայողություններ և դրանք կարող են միջնաժամկետ (1-3 տարի) և երկարաժամկետ (3 տարուց ավելի) հեռանկարում երաշխավորել իրենց տնտեսական բարեկեցությունն` ավելի ինքնավստահ են, ինչպես նաև` իրենց քայլերի մեջ համարձակ: Իհարկե, չի բացառվում նաև, որ ռիսկայնության և համարձակության մակարդակը բարձր լինի նաև նրանց մոտ, ովքեր ոչինչ չունեն կորցնելու, սակայն դա ավելի շատ վտանգ է իրենից ներկայացնում այլ ոչ թե կշռադատված ռիսկ: Կան մի շարք հետազոտություններ, ըստ որոնց մարդիկ ծախսում են իրենց եկամուտների մոտ 80%-ը և խնայում համապատասխանաբար 20%-ը, իսկ եկամուտների աճի հետ մեկտեղ, ըստ Ջոն Մեյնարդ Քեյնսի, խնայողությունները սկսում են ավելի մեծ տեսակարար կշիռ կազմել:

Խնայողության հետ կապված հարցերի պատասխանները ստանալու համար ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիներից փորձել է պարզել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնային տնտեսությունների խնայողությունների փոփոխության հետ կապված պատկերը:

Իհարկե, պետք է նշել, որ եկամուտների վերաբերյալ տրվող հարցերին մարդկանց մեծամասնությունը հաճախ խուսափում է պատասխանել: Այդ իսկ պատճառով, առանց եկամուտների մեծությունը պարզելու փորձել ենք հասկանալ, թե պարզապես որքանով են փոխվել խնայողությունները, եթե, իհարկե, այդպիսիք առկա են:

Հարցվողների 42%-ը պատասխանել է, որ իրենց տնային տնտեսությունը խնայողություններ չունի: Սա բավականին բարձր ցուցանիշ է և ինչ որ առումով մոտ է աղքատության ոչ պաշտոնական ցուցանիշին: Ստացվում է այնպես, որ երևանցիների այդ խմբի եկամուտները հազիվ են բավականացնում իրենց ծախսերը հոգալու համար: Ամենայն հավանականությամբ այս խմբի մեջ ընդգրկվածները ոչ միայն խնայողություններ չունեն, այլ ունեն պարտքեր կամ վարկեր: Սա նշանակում է նաև, որ այս մարդկանց մոտ չնախատեսված ծախսեր ի հայտ գալու պարագայում վերջիններս ստիպված են լինելու դիմել պարտք կամ վարկ վերցնելու գործիքներին, ինչպես նաև մարդկանց այս խմբի մոտ ապագայի նկատմամբ վստահությունը և ապահովության զգացողությունը շատ ցածր մակարդակի վրա է:

Պարզվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ երևանցիների 9.9%-ի մոտ են խնայողություններն ավելացել, որոնց պայմանականորեն կարելի է համարել մեր հասարակության բարեկեցիկ մասը:

Խնայողությունները մնացել են նույնը Երևանի տնային տնտեսությունների 23.9%-ի մոտ, իսկ դա նշանակում է, որ այս մարդկանց մոտ կյանքի պայմանները չեն բարելավել, վերջիններս իրենց վրա տնտեսական աճ չեն զգացել և, պարզապես, կարողացել են հաղթահարելով առկա դժվարությունները չկորցնել իրենց խնայողությունները: Սա խոսում է այն մասին, որ տնային տնտեսությունների այս հատվածում առկա է որոշակի կայունություն:

Խնայողությունները կրճատվել են տնային տնտեսությունների 24.2%-ի մոտ, այսինքն` հասարակության մի ստվար զանգված էլ 2014թ.-ի 10-11 ամիսների համեմատությամբ 2015թ.-ին սկսել է վատ ապրել կամ նախորդ տարվա բարեկեցության մակարդակը պահելու համար ստիպված է եղել ծախսել իր կուտակած խնայողությունները: Հավանական տարբերակներից է նաև այն, որ վերջիններիս համար կյանքի պայմանները թանկացել են, իսկ նախկին եկամուտների մակարդակի պայմաններում խնայողությունները սկսել են կրճատվել:
Կան մի շարք տեսություններ, որոնք մարդու կյանքը բաժանում են երկու մասի, ըստ որոնց կարելի է խնայել առաջին հատվածում և ստանալ դրա դիմաց տոկոսներ և դրանք ծախսել կյանքի երկրորդ հատվածում, և ընդհակառակը` վարկեր վերցնել և ծախսել առաջին հատվածում, իսկ երկրորդ հատվածում սկսել աշխատել շատ ավելի շատ` վճարելու համար նաև ծախսած գումարների տոկոսները: Սակայն այս տեսություններն ավելի շատ գործում են զարգացած երկրների համար, իսկ իրականությունն այն է, որ մեզանից շատերն էլ ունեն պարտքեր կամ վարկեր և, հետևաբար, չեն կարող միաժամանակ ունենալ նաև մեծ խնայողություններ: Կյանքի որ փուլում խնայել և որում ծախսել դա մեզանից յուրաքանչյուրի ընտրության հարցն է, սակայն մեր հարցումներից պարզ է դառնում, որ երևանցիների 42%-ը նման ընտրության հնարավորություն անգամ չունի, քանի որ, պարզապես, խնայողություններ չունի:


ԲԱՐՈՄԵՏՐ

09:40 Նոյեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր