Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների տնտեսական ազդեցությունը

Հայաստանում այժմ բուռն կերպով ընթանում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված քարոզչական գործընթացներ: Ոմանք դրանց անվանում են բարեփոխումներ, ոմանք` փոփոխություններ, իսկ առավել խիստ մոտեցումների կողմնակիցներն անգամ համարում են սկզբունքորեն նոր սահմանադրության ներկայացում: Իհարկե, այստեղ կարելի է բանավիճել և փորձել հասկանալ որտեղ է իրականում թաքնված ճշմարտությունը, սակայն հասարակ քաղաքացու համար, ով 1995թ.-ից սկսած մինչև 2005թ.-ը չի կարդացել ՀՀ առաջին սահմանադրությունը, տեղյակ չէ նաև 2005-2015թ.-ը ընթացքում գործող Սահմանադրությունից և չի էլ պատրաստվում տեղեկանալ ինչ է սպասվում վերջինիս փոփոխությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ առաջնային պլանում է գտնվում իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Այսինքն` շատերն իրենց հարց են տալիս, արդյոք փոխվելու է մեր կյանքը, առօրյան, տնտեսական վիճակը և այլն: Նման կերպ մտածող մարդիկ պրագմատիկ են, քանի որ փորձում են հասկանալ իրենց շահն այդ ամենի արդյունքում որն է լինելու:

ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիներին ուղղել է հետևյալ հարցը. "Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կազդեն սահմանադրական փոփոխությունները Ձեր տնային տնտեսության բարեկեցության վրա մոտակա տարիների ընթացքում ":

Իհարկե, այս հարցը նպատակ չուներ բացահայտելու սահմանադրական փոփոխությունների իրավական, սոցիալական, քաղաքական, անվտանգության, միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, ինչպես նաև կառավարման առանձին մոդելների վերաբերյալ հարցվողների վերաբերմունքը, այլ տրվել է միայն տնտեսական բարեկեցության վրա ազդեցության գնահատման տեսանկյունից: Սակայն յուրաքանչյուր երկրի տնտեսական բազիսը կամ հիմքը շատ մեծ կարևորություն ունի, իսկ երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին պետք է նպաստեն սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ու հիմնախնդիրների լուծմանը:

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները` հարցված երևանյան տնային տնտեսությունների 13%-ը չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ մնացածի տրված պատասխանները բաժանվել են հետևյալ հարաբերակցությամբ: Իրենց տնտեսական վիճակի բարելավում են ակնկալում տնային տնտեսությունների միայն 6.5%-ը, որը կարելի է լավատեսների խումբ համարել: "Ոչ մի ազդեցություն չի ունենա" պատասխանն են տվել հարցվողների 62.5%-ը, իսկ դա նշանակում է, որ այս փոփոխություններից վերջիններիս ոչ մի լուրջ ակնկալիքներ չունեն:

Փորձելով պատկերավոր ներկայացնել, կարող ենք նշել, որ Հայաստանի ներկայիս տնտեսությունը նման է մի հին սովետական ավտոմեքենայի, որն անկախ նրանից թե ով կվարի, միևնույնն է` մեքենայի արագությունը սահմանափակ է և գրեթե անհնար է այն ավելացնել, քանի որ վերջինիս տեխնիկական հնարավորությունները դա թույլ չեն տալիս: Այսինքն` շատ դժվար է պատկերացնել մեկին, որ կառաջարկի վարել այդ մեքենան 320 կմ/ժ արագությամբ, քանի որ տեսականորեն դա անհնար է: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ձեռք բերվի նոր ավտոմեքենա, որն ունենա ավելի հզոր հնարավորություններ: Ասել կուզենք, որ առանց ներդրումների, առանց գործարանների, առանց գիտական հենք ունեցող և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակ նորարարական նախագծերի դա անելը լինելու է անհնար, և եթե այդ փոփոխությունները նման ռելսերի վրա չդրեցին Հայաստանը` գործնականում ոչինչ չի փոխվելու 62.5% մեծամասնության համար:

Հարցվողների 18.1%-ը գտնում է, որ իրենց տնտեսական բարեկեցությունն այս փոփոխությունների արդյունքում կվատթարանա: Այս խումբը կարելի է բնորոշել որպես վատատեսների խումբ կամ գուցե նաև իրատեսների, քանի որ վերջիններս այս փոփոխությունների մեջ ոչ մի լավ բան չեն տեսնում: Վերջին երկու խմբերը միասին կազմում են մոտ 80%, այսինքն` հարցվողների 4/5-րդը:

Հայաստանում այժմ առկա են տնտեսական լուրջ հիմնախնդիրներ, աղքատություն, գործազրկություն, աշխատուժի արտահոսք կամ միգրացիա, տնտեսական ճգնաժամային իրավիճակ և այլն: Եվ այս ամենի պայմաններում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները նոր անորոշության ժամանակահատվածը կտեղափոխեն մինչև 2017-2018թթ.: Տնտեսական տեսանկյունից սա կարելի է համարել խիստ ռիսկային, քանի որ անորոշությունների պայմաններում, որոնք, հատկապես առկա են քաղաքական դաշտում, ներդրողները նախընտրում են ցուցաբերել չեզոք վարքագիծ` հասկանալու համար, թե ինչ է սպասվում ապագայում: Իսկ սահմանադրական բարեփոխումների անցումային դրույթները, կամ, կարելի է ասել մի շարք հոդվածների ուժի մեջ մտնելու համար նախատեսված է 2-3 տարի: Եթե հաշվի առնենք նաև 300-ից ավելի օրենքների և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունները, որոնք սահմանադրական բարեփոխումների արդյունքում պետք է կատարվեն, պատկերն առավել ամբողջական կլինի:

Ինչևէ, դեռ որոշում կայացնելու համար ժամանակ կա և մնում է լավատես լինել և հուսալ, որ մեր համաքաղաքացիները գիտակցված ընտրություն կկատարեն ու անկախ հանրաքվեի արդյունքներից, առաջիկա տարիները չեն լինի բացասական ու կտանեն տնային տնտեսությունների բարեկեցության բարձրացման:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:30 Նոյեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր