Տնտեսական աճ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Մարդիկ տնտեսական աճն ընկալում և գնահատում են իրենց բարեկեցության մակարդակով
Կառավարության գործունեությունը գնահատելու օբյեկտիվ ցուցիչներից է տնտեսական ակտիվության, աճի և ՀՆԱ-ի դինամիկայում փոփոխության վերաբերյալ հրապարակվող ցուցանիշները: Որպես կանոն, դրանց հաշվարկման մեթոդաբանությունը խիստ մասնագիատական ու խրթին է, և շարքային քաղաքացիների համար, գրեթե, անմատչելի: Անմատչելի` ոչ այն պատճառով, որ դրանք գաղտնի թղթապանակի մեջ են պահվում, այլ ուղղակի Ազգային վիճակագրական ծառայության բերած "խուճուճ" թվերն ու տվյալներն ավելի շատ հանրությանը խճճում են, քան իրազեկում: Եվ այս առումով հանրության ճնշող մեծամասնության համար գոյություն ունի ներկայացված թվերի արժանահավատությունը վկայող միայն մեկ հիմնական ցուցիչ` նրանց բարեկեցության մակարդակը: Եթե մարդը վատ է ապրում, կքած է ամենօրյա սոցիալական խնդիրների առաջ և խիստ սահմանափակ են դրանց լուծման հնարավորությունները, ապա Կառավարության ներկայացրած ցանկացած դրական տենդենց, նրա կողմից ընկալվելու է խաբկանք կամ մոլորեցնող հնարք: Եվ տվյալ դեպքում քիչ էական է, թե տնտեսական ակտիվության և աճի միտումներն ինչ սկզբունքով են հաշվարկված և որքանով են դրանք, առհասարակ, հիմնավոր:

 

Ասվածի լավագույն վկայությունը ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած զանգվածային հարցման տվյալներն են: Այսպես` "2015թ. առաջին կիսամյակի տվյալներով կառավարությունն արձանագրել է 4% տնտեսական աճ, որքանո՞վ եք արժանահավատ համարում այս ցուցանիշը" հարցի պատասխանները բաշխվել են հետյալ կերպ: Միանշանակ արժանահավատ են համարել երևանաբնակ հարցվողների 5,5%-ը, իսկ ավելի շուտ արժանահավատ` մոտ 14%-ը (տես. գրաֆիկ): Այսինքն հարցվողների մոտ 19%-ն է հանրագումարում այս կամ այն կերպ հավատում 4 տոկոսանոց տնտեսական աճին, որը խիստ համեստ ցուցանիշ է: Փոխարենը հարցվողների մոտ 16%-ի համար ներկայացված աճն որոշակի վերապահումներով, իսկ մոտ 53%-ի համար` ընդհանրապես արժանահավատ չի թվում: Այս թվերն ինքնին խոսում են այն մասին, որ հանրային ընկալման մեջ տնտեսական աճի վերաբերյալ տվյալները, հավատ ներշնչող չեն: Այս հարցին բավականին դիպուկ պատասխան է տվել մեր հարցվողներից մեկը` "եթե ես, իմ ընտանիքն ու շրջապատը նախորդ տարվա համեմատ 4%-ով ավելի լավ չենք ապրում, ինչպե՞ս հավատամ…": Սա է մարդկանց` տնտեսական աճի գնահատման խիստ պատկերավոր և առարկայական ցուցիչը, որով նրանք իրենց վերաբերմունքն արտահայտում է ամեն ինչի նկատմամբ: Այս հարթության վրա մյուս խնդիրները և հիմնավոր թվերն ու փաստերը մղվում են երկրորդ պլան:

Հատկանշական է, որ հարցողների մոտ 11%-ը ներկայացրել է "ոչ վալիդ" պատասխաններ, այսինքն կամ հրաժարվել են պատասախանից կամ դժվարացել: Այս արդյունքն իրականում վկայում է այն մասին, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը բավականին հստակ դիրքորոշում ունի տվյալ հարցի առնչությամբ և հավելյալ տեղեկանքների և պարզաբանումների կարիք, առհասարակ, չունի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:38 Նոյեմբեր 19, 2015

Ամենաընթերցված նյութեր