Հայաստանի արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքը

Մենք տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել ենք արտահանման և ներմուծման հիմնահարցերը, իսկ հիմնական շեշտադրումն արել ենք գործընկեր երկրների վրա: Սակայն կարևորագույն հարցադրումներից մեկը մնում է այն, թե մենք ինչ ենք առաջարկում աշխարհին և ինչ ենք ստանում աշխարհից: Արտաքին առևտրաշրջանառության ապրանքային կառուցվածքի վերլուծությունը դուրս է բերում երկրում առկա իրական տնտեսական հիմնախնդիրները, չնայած պետք է նշել, որ այս հարցին մենք անդրադառնալու ենք ապրանքների խոշորացված խմբերով, այնուամենայնիվ դա ևս բավարար է հասկանալու համար ինչպիսի իրավիճակ է առկա ՀՀ տնտեսության մեջ:

Հայաստանն ամենաշատ արտահանում է հանքահումքային արտադրանք, որը 2015թ.-ի 9 ամսվա ընթացքում կազմել է 345 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 122%-ով: Սա նշանակում է, որ 63 մլն ԱՄՆ դոլար ավելի գումարներ ենք ստացել միայն այս մեկ բաղադրիչով:
Արտահանման 2-րդ հորիզոնականում է գտնվում պատրաստի սննդի արտադրանքի արտահանմանը, որը 237 մլն ԱՄՆ դոլարից նվազել է մինչև 211 մլն ԱՄՆ դոլար:

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը նվազել է` կազմելով մոտ 175 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 227 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն: Այս ոլորը գտնվում է 3-րդ հորիզոնականում:
4-րդ հորիզոնականում է գտնվում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի,
թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը` 153 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշով: Այս 4 հոդվածների հանրագումարը կազմում է մոտ 885 մլն ԱՄՆ դոլար, իսկ մյուս բոլոր ոլորտներն իրար հետ վերցրած` 210 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չունի դիվերսիֆիկացված կառուցվածք արտահանման երկրների, այլ նաև ապրանքակազմի բնագավառում, որն էլ իր հերթին ավելացնում է արտահանման ոլորտի ռիսկերը: Եթե ավելի խորությամբ ենք մոտենում հարցին, ապա նկատում ենք, որ ամենամեծ մասնաբաժինն ունեն հանքահումքային արտադրանքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Այս ոլորտները դիտարկել, որպես տնտեսության հեռանկարային զարգացման ընթացք ապահովող ոլորտներ, մենք չենք կարող, քանի որ իրականում դրանք ավելացված արժեքի շղթայի մեջ փոքր բաղադրիչ ունեն, դեռ ավելին, ուսումնասիրելով ներմուծման հատվածի ապրանքային կազմը կնկատենք, որ այս ոլորտներից որոշներում անգամ մենք ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում:

Այսպես, Հայաստանը 2015թ.-ի 9 ամիսների ընթացքում ներմուծվել է 495 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք, իսկ մեկ տարի առաջ, նույն 9 ամսում ներմուծվել էր 617 մլն ԱՄՆ դոլարի, այսինքն` կրճատումը կազմել է 122 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է այս ոլորտը ոչ միայն մեր համար առաջնային է արտահանման առումով, այլ նաև ներմուծման:

Ներմուծման 2-րդ հորիզոնականում գտնվում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ոլորտը, որը կազմել է 288 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 9 ամիսների 416 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն, այսինքն` 128 մլն ԱՄՆ դոլարի նվազեցում էլ ունենք այս ոլորտում: Սա նշանակում է, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և, ընդհանրապես, ցանկացած մեքենասարքավորումներ օգտագործող ոլորտ զրկվել է նոր տեխնիկական միջոցներով համալրվելու, մաշված սարքավորումները փոխարինելու հնարավորությունից, քանի որ չի ունեցել համապատասխան ֆինանսական միջոցներ դրանք ներմուծելու համար:

Անկման բարձր տեմպեր են գրանցվել նաև վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցների ներմուծման բնագավառում, անկումը կազմել է 131 մլն ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա 9 ամիսների ցուցանիշը եղել է 273 մլն ԱՄՆ դոլար: Սա նշանակում է, որ մարդիկ հետաձգել ենք իրենց երկարաժամկետ սպառման առարկաների, այդ թվում` մեքենաների ձեռքբերումը, ինչպես նաև այդ շուկայում առաջացել է լճացում և չսպառվելու արդյունքում ներմուծումը կրճատվել է: Վստահաբար կարելի է ասել, որ մեքենաներ ներմուծողները և այդ բիզնեսով զբաղվողները, մեղմ ասած, ունեն լուրջ կորուստներ:

3-րդ հորիզոնական գտնվում է պատրաստի սննդի արտադրանքը, որի ներմուծումը կազմել է 224 մլն ԱՄՆ դոլար, որը 26 մլն ԱՄՆ դոլարի չափով պակաս է նախորդ տարվա 9 ամիսների ցուցանիշից:
Կտրուկ նվազում է նկատվել նաև ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի բնագավառում, քանի որ 2015թ.-ի 9 ամիսներին այն կազմել է 197 մլն ԱՄՆ դոլար` կրճատվելով 40 միլիոնով: Ինչ վերաբերում է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի ներմուծմանը, ապա այն կազմել է 82 մլն ԱՄՆ դոլար` կրճատվելով մոտ 150 մլն ԱՄՆ դոլարով, իսկ սա Հայաստանի համար լուրջ արտահանման ներուժ ունեցող ոլորտներից է և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Այսինքն` ներմուծման կրճատումն այս բնագավառում հանգեցնելու է նաև արտահանման ծավալների նվազման, քանի որ ամենայն հավանականությամբ կրճատվել է նաև արտադրական նպատակներով օգտագործվող հումքի ներմուծումը:
Հայաստանը հսկայական ներմուծման մասնաբաժին ունի նաև քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի բնագավառում, որը կազմում է` 217 մլն ԱՄՆ դոլար: Եվ սա այն պարագայում, որ Հայաստանը օգտագործելով Նաիրիտի հնարավորությունները կարող էր ոչ միայն փակել շուկայի այս հատվածի պահանջարկը, այլ նաև 10-11 մլն ԱՄՆ դոլարի արտահանում ունենալու փոխարեն դա առնվազն տասնապատկեր: Այսինքն` մեր արտահանման և ներմուծման պլաստմասսաների և քիմիական արտադրության բաղադրիչների ուսումնասիրությունից ելնելով կարելի է փաստել, որ Հայաստանը, մեղմ ասած, այլևս քիմիական արդյունաբերություն չունի:

Հիմնական եզրակացությունն այն է, որ արդյունաբերության մեջ տեղի են ունենում վերադասավորումներ և կան ոլորտներ, որտեղ ակտիվություն է նկատվում, դրանք են` փայտ և փայտյա իրերը, մանածագործական իրերը, բուսական ծագման արտադրանքը և այլն, սակայն դրանք արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ չունեն և էական տեղաշարժեր չեն կարող առաջացնել: Նույնը չենք կարող ասել ներմուծման վերաբերյալ, քանի որ ստորև ներկայացված աղյուսակի բոլոր ապրանքների բաժիններում նվազեցումները տատանվում են 52.4-95% միջակայքում և չկա որևէ ոլորտ որտեղ ներմուծման աճ ունենանք: 2015թ.-ը այս առումով կարելի է համարել առևտրային հարաբերութունների կառուցվածքային տեղաշարժերի տարի, որից խիստ տուժել է ներմուծման բնագավառը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:05 Նոյեմբեր 13, 2015

Ամենաընթերցված նյութեր