2000-2015թթ. ընթացքում ՀՀ-ում ավանդներն աճել են 18 անգամ

Հայաստանի տնտեսության մեջ քիչ թե շատ կայացած համակարգերից է համարվում բանկային համակարգը, սակայն բանկային համակարգի զարգացման և տնտեսության զարգացման տեմպերի միջև առկա են էական տարբերություններ, քանի որ բանկային համակարգի զարգացումը և տնտեսության իրական հատվածի զարգացումն ունեն տարբեր ուղղություններ:

Այսպես, պարզվում է, որ 2000թ.-ի հունվարի դրությամբ ՀՀ բանկային համակարգում եղել է ընդամենը 100 մլրդ դրամի ավանդ (ներառյալ արտարժույթով դրված ավանդները), իսկ 15 տարի անց` 2015թ.-ի սեպտեմբերի դրությամբ ավանդները կազմել են 1 տրիլիոն 824 մլրդ դրամ` աճելով մոտ 18 անգամ: Այսինքն` 15 տարվա ընթացքում ավանդների միջին տարեկան աճը գերազանցել է 120 մլրդ ՀՀ դրամը, իսկ դա բավականին լուրջ ցուցանիշ է, քանի որ դա հանգեցրել է նաև բանկային համակարգի ընդլայնմանը և կայացմանը: 2000թ. ցուցանիշը կրկնապատկվել է 2004թ.-ին, իսկ 2004-ի ցուցանիշը կրկնապատկվել է 2007թ.-ին: 800 մլրդ դամի սահմանագիծն անցել է 2010թ.-ի մարտին, իսկ 1 տրիլիոն 600 մլրդ դրամը` 2013թ.-ի դեկտեմբերին, այսինքն` 3 տարին մեկ ունենում ենք ավանդների կրկնապատկում: Միանգամից հարց է առաջանում, իսկ հասցնո՞ւմ է արդյոք մարսել ՀՀ տնտեսությունն ավանդների այդ ծավալի վարկավորումը: Պատասխանը դրական է, քանի որ վարկերի ծավալը գերազանցում է 2 տրիլիոն 65 մլրդ ՀՀ դրամի մակարդակը: Մյուս հարցը հետևյալն է. իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հասարակության մի ստվար զանգված չի դիմանում դոլարով հաշված մոտ 4.3 մլրդ-ի հասնող վարկերի ծանրությանը, այնինչ` մեկ այլ հատված կարողացել է կուտակել 3.8 մլրդ դոլարի հասնող ավանդներ և արդյոք առկա՞ է մոտ 8 մլրդ դոլարի հասնող այդ "անդունդն" ավանդ ու վարկ ունեցողների միջև: Ամենայն հավանականությամբ վարկ ունեցողներն ավանդ չունեն, իսկ ավանդ ունեցողներն էլ վարկ չունեն, քանի որ նպատակահարմար չէ ունենալ վարկ, որի տոկոսադրույքն ավելի բարձր է, քան ավանդինը, չնայած վերջերս դրամով առաջարկվում էին այնպիսի բարձր տոկոսներով ավանդներ, որ չենք բացառում նաև նման որոշ մասնավոր դեպքերի առկայությունը: Այնուամենայնիվ, հասարակության մեջ առկա է լուրջ բևեռացվածություն, որն արտահայտվում է նաև այս բնագավառում:

Վերոնշյալ 1 տրիլիոն 824 մլրդ դրամի հասնող ավանդներից, 2015թ.-ի սեպտեմբերին ոչ ռեզիդենտների կողմից դրված ավանդները կազմել են 418 մլրդ դրամ, որից 367 մլրդ դրամը արտարժույթով և 50 մլրդ-ը` ՀՀ դրամով, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ռեզիդենտների ավանդները կազմում են ընդամենը 1 տրիլիոն 406 մլրդ ՀՀ դրամ, այսինքն` մոտ 3 մլրդ դոլար: ՀՀ ռեզիդենտների կողմից դրված ավանդների միայն 495 մլրդ-ն է դրված ՀՀ դրամով, այսինքն` մոտ 1 մլրդ դոլարի չափով, իսկ մյուս 2 մլրդ դոլարի հասնող ավանդներն արտարժույթով են և կազմում են 910 մլրդ դրամ: Ստացվում է, որ Հայաստանում ապրող հայերն իրենց իսկ սեփական երկրի արժույթի` ՀՀ դրամի նկատմամբ ունեն շատ ցածր վստահություն, որի արդյունքում էլ իրենց հիմնական խնայողությունները պահում են արտարժույթով, դրանով իսկ նպաստելով երկրում դոլարիզացիայի մակարդակի բարձրացմանը: Սա անգամ այն պարագայում, որ արտարժույթով ավանդների տոկոսադրույքները շատ ավելի ցածր են, քան դրամով ավանդներինը: Սա արդյունքն է նրա, որ ՀՀ-ում դրամը դոլարի հանդեպ արժեզրկվեց նախ 2009թ.-ին` 305-ից հասնելով մոտ 370 դրամի, այնուհետև` մոտեցավ մինչև 410 դրամի, իսկ 2014թ.-ի դեկտեմբերին հասավ մինչև 480 դրամի: Վստահության ցածր մակարդակը և նշված ժամանակահատվածում մոտ 60 տոկոսով արժեզրկված դրամը ստիպում է մարդկանց իրենց խնայողությունները պահել արտարժույթով: Իհարկե, այստեղ ևս մեկ պարադոքս կա` ավանդների վիճակագրությունը ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է դրամով, իսկ քանի որ ավանդների 70%-ը արտարժույթով են, ապա միայն վերջին մեկ տարում 20%-ով արժևորված դոլարի շնորհիվ կարող էր ավանդների դրամային արտահայտությամբ հսկայական աճ արձանագրվել: Այս պահին առկա 1 տրիլիոն 277 մլրդ դրամի արտարժութային ավանդները, 410 և 480 դրամ 1 դոլարի պարագայում, ունեն 450 մլն ԱՄՆ դոլարի հասնող տարբերություն, իսկ դա նշանակում է, որ կուրսի փոփոխությունն, անգամ նույն քանակությամբ ավանդների պարագայում, արտարժույթով ավանդներն ավելացրել է 20%-ով:
Իհարկե, սրանք նաև կարելի է դասակարգել թվային մանիպուլյացիաների շարքին, սակայն փաստը մնում է այն, որ շատ մարդկանց խորթ է թվում Հայաստանում նման հսկայական ավանդների առկայությունը, իսկ դա նշանակում է, որ ավանդներ ունեն բնակչության մոտ 10-20%-ը` ոչ ավելին, և առկա է հսկայական կենտրոնացվածություն, այն է` սահմանափակ թվով մարդկանց ձեռքին են կուտակված այդ դրամական միջոցները:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:39 Նոյեմբեր 12, 2015

Ամենաընթերցված նյութեր