2015թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանը սկսել է կորցնել ԱՊՀ արտահանման շուկան

Հայաստանի տնտեսության մեջ արտահանման հիմնախնդիրներն ունեն ավելի թույլ արտահայտված բնույթ, քան ներմուծման հիմնախնդիրները: Արտահանման ճիշտ քաղաքականություն ունենալու պարագայում, ինչպես նաև վերջինիս ներմուծմանը գերազանցելու պարագայում երկիրը հայտնվում է դրական առևտրային հաշվեկշիռ ունեցող երկրների շարքում: Սակայն նման բախտ մեզ դեռևս վիճակված չէ, քանի որ Հայաստանն աշխարհից վերցնում է շատ ավելին, քան տալիս է: Հայաստանի արտաքին աշխարհից այդ կախվածությունը կախվածությունը մոտ 2-3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով կազմում է տրանսֆերտների և գրեթե այդքան էլ` ներմուծման բաղադրիչը: Ստացվում է այնպես, որ Հայաստան պետք է ուղարկեն տրանսֆերտներ, որպեսզի մենք ներմուծենք ապրանքներ: Միանգամից հարց է առաջանում, իսկ ինչպես անել, որ այն քանակությամբ ապրանքները, որ մենք ներմուծում ենք, եթե անգամ չփոխարինենք տեղական արտադրանքով, գոնե արտահանման տեսքով առաջարկենք աշխարհին: Սակայն այս հարցի պատասխանը կարծես չկա, քանի որ Հայաստանին առայժմ չի հաջողվում ստեղծել և ունենալ նման ծավալի արտահանում: Դրանից էլ սկսվում են մյուս հիմնախնդիրները, ինչպիսիք են` արտարժույթի հոսքերի ցածր մակարդակը և անընդհատ ճնշման տակ գտնվող դրամը, կախվածությունն արտերկրից ուղարկվող տրանսֆերտներից, հանքերի անխնա շահագործումը և այլն:

Այս հիմնախնդիրների համատեքստում պետք է նշել, որ 2015թ.-ի 9 ամիսների ընթացքում արտահանումը մնացել է գրեթե նախորդ տարվա նույն մակարդակի վրա` կազմելով 1 մլրդ 95 մլն ԱՄՆ դոլար (նվազել է ընդամենը 10 մլն ԱՄՆ դոլարով): Սակայն նկատվել է մեկ հետաքրքիր երևույթ` Հայաստանի արտահանման շուկան ընդլայնվել է այլ երկրների հետ, իսկ դեպի գործընկեր ԵԱՏՄ երկրներ և Եվրոպական Միության երկրներ հոսքերը կրճատվել են:
ԱՊՀ երկրներ ՀՀ-ից արտահանումը կրճատվել է տեսակարար կշռի առումով 23.1-ից հասնելով 17.2%-ի, իսկ դոլարային արտահայտությամբ` 255 մլն ԱՄՆ դոլարից հասել է 189 մլն ԱՄՆ դոլարի: Սա նշանակում է, որ 9 ամսվա կտրվածքով անկումը կազմել է 74.1%: ՀՀ արտահանման հիմնական գործընկերն է հանդիսանում ՌԴ-ն, որտեղ արտահանվում է մեր արտահանվող ապրանքների 14.5%` 158 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: ԱՊՀ մյուս երկրներից միայն Թուրքմենստանի հետ արտահանումն է գերազանցել 13 մլն ԱՄՆ դոլարը (1.3%):

ԵՄ երկրների հետ արտահանումը 2015թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 9 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով 330 մլն ԱՄՆ դոլար, որը տեսակարար կշռի առումով կազմել է ՀՀ արտահանման 30.2%-ը և չնայած այստեղ անկումն այնքան էլ մեծ չէ, բայց առկա է: ԵՄ-ում է գտնվում մեր արտահանման 3-րդ գործընկեր երկիրը` Գերմանիան 9.8% մասնաբաժնով (107 մլն ԱՄՆ դոլար): ԵՄ երկրներից լավ գործընկերային հարաբերություններ կան Բուլղարիայի (5.1%), Լյուքսեմբուրգի (3.7%) և Բելգիայի (3.6%) հետ: Այսինքն` ստացվում է, որ ԵՄ երկրներից միայն 5-6 երկրի հետ ենք մենք լուրջ գործընկերություն անում, իսկ մյուսների հետ արտահանման առումով գրեթե առևտրային հարաբերություններ չունենք: Սա փաստում է այն մասին, որ արտահանման քաղաքականությունը ոչ միայն ձախողել ենք ԱՊՀ-ում` մասնավորապես ԵԱՏՄ-ի շրջանակում կախվածության մեջ հայտնվելով միայն ռուսական շուկայից, այլ նաև ԵՄ-ում` ունենալով շատ սահմանափակ թվով գործընկերներ և չդիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք:
Այլ երկրների հետ ՀՀ արտահանումը 9 ամիսների կտրվածքով կազմել է 576 մլն ԱՄՆ դոլար, իսկ աճը կազմել է 112.6%: Այլ երկրների մասնաբաժինը նշված ժամանակահատվածում 46.3%-ից հասել է 52.6%-ի, որը հիմնականում եղել է 2-3 երկրների հաշվին, ինչպիսիք են` Իրաքը, Չինաստանը և Կանադան: Չինաստանը (12%) Հայաստանից արտահանվող ապրանքների մասով 2-րդ գործընկեր երկիրն է, իսկ 4-րդ հորիզոնականում է գտնվում Իրաքը` 8.1% մասնաբաժնով, որը 3.2%-ով մեծացրել է ՀՀ արտահանման մեջ իր տեսակարար կշիռը:
Հետաքրքիր զարգացումներ են գրանցվել այս տարվա տարբեր ամիսների ընթացքում, քանի որ կային ամիսներ, որ Չինաստանը հայտնվել էր ՀՀ 1-ին արտահանման գործընկերոջ կարգավիճակում` գերազանցելով անգամ Ռուսաստանին: Հայաստանը պետք է փորձի իրականացնել արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականություն, ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ինչպես նաև անել ամեն ինչ չկորցնելու համար արտահանման շուկաները: Սակայն դա բավականին բարդ է, քանի որ արժեզրկված արժույթների մրցավազք է սկսել աշխարհում, որի արդյունքում արտահանման շուկաների ընդլայնումը դառնում է բավականին բարդ, իսկ դա նշանակում է, որ երկիր առ երկիր Հայաստանը պետք է իրականացնի թիրախավորված արտահանման քաղաքականություն: Եվ մյուս կողմից պետք է ստեղծի նաև արտադրական հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան սպասարկել ընդլայնված աշխարհագրությամբ արտահանումը:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Նոյեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր