ՀՀ ներմուծման ծավալները 2015թ.-ի 3 եռամսյակում կրճատվել են 857 մլն ԱՄՆ դոլարով

Հայաստանի տնտեսության 2015թ.-ի 9 ամիսների ամենալուրջ բնութագրիչներից մեկը հանդիսանում է ներմուծման ծավալների աննախադեպ կրճատումը, որին շատ դեպքերում լուրջ ուշադրություն չի դարձվում: Փորձենք խնդիրը դիտարկել  մի քանի մոտեցումներով:

Առաջին մոտեցումն այն է, որ ներմուծման ծավալների կրճատման պարագայում երկրի արտարժութային պահուստները չեն կրճատվում և չեն հոսում դուրս` ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու և Հայաստան ներմուծելու համար: Այսինքն` ներմուծման ծավալների կրճատման ֆոնի վրա երկիրը կարողանում է պահպանելով իր պահուստները նաև կայուն պահել սեփական արժույթի կուրսը: Միանգամից հարց է առաջանում, իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե 2015թ.-ի ընթացքում ՀՀ տնտեսությունը չբախվեր 857 մլն ԱՄՆ դոլարի հասնող կրճատման հետ: Հարցի պատասխանը մոտավորապես այսպիսին է. մենք կունենայինք 1 մլրդ 625 մլն ԱՄՆ դոլար համառն միջազգային պահուստների փոխարեն` 768 մլն ԱՄՆ դոլարի հասնող պահուստներ, որից հետո միանգամից տեղի կունենար դրամի արժեզրկում: Սա փաստում է, որ ցանկացած պահի ներմուծման ծավալների վերականգնումը հանգեցնելու է դրամի արժեզրկման: ՀՀ կենտրոնական բանկի շահերից է բխել ներմուծման ծավալների կրճատումը, հակառակ պարագայում պետք է դիմեին պետական պարտքն ավելացնելու և պահուստները համալրելու գործիքին, ինչպես որ եղավ 2009թ.-ին, երբ ստիպողաբար դրամը պահում էին արժևորված` դրա համար ծախսելով միջազգային պահուստները:

Երկրորդ մոտեցման համաձայն, կարելի է ենթադրել, որ ներմուծումը կրճատվել է այն պարզ պատճառով, որ այն ինչ ներմուծում էինք` սկսել ենք արտադրել տեղում: Մի խոսքով, իրականցվել է գոյություն չունեցող "ներմուծման փոխարինման քաղաքականություն": Մոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես չէ, քանի որ, եթե ներմուծումը կրճատվում է 857 մլն դրամով, ապա դա ոչ այլ ինչ է, քան մոտ 8.5%-անոց ՀՆԱ-ի անկում, իսկ եթե մենք չունենք նման տնտեսական աճ, ապա ոչ մի փոխարինում էլ տեղի չի ունեցել:

Երրորդ մոտեցման համաձայն, տնտեսավարողները բախվել են ապրանքաշրջանառության նվազման լուրջ խնդրի հետ, որը կազմել է նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ 94.4%: Դա նշանակում է, որ գնողունակության անկման պատճառով ներմուծողները հնարավորություն չեն ունեցել ներմուծել, անկում են ապրել վաճառքի տեմպերը, իջել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, իսկ վաճառած ապրանքի գումարներն էլ ոչ թե ուղղվել են հետագայում կրկին ապրանք ներմուծելուն, այլ պարզապես տնտեսավարողների սեփական սպառումն են ապահովել: Այսինքն` նախկին տարիներին ներմուծված ապրանքները վաճառել են, իսկ հիմա կանգնած են մեկ այլ խնդրի առաջ` չունեն գումարներ կրկին ներմուծելու համար: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ կարող է սկսվել ևս մեկ այլ հզոր ալիք` վարկեր վերցնելու առումով: Իսկ մենք գիտենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատությամբ 2 տրիլիոն 188 մլրդ դրամից վարկային պորտֆելը նվազել է և 9 ամսվա կտրվածքով կազմում է 2 տրիլիոն 65 մլրդ դրամ, այսինքն 123 մլրդ վարկային պորտֆելի անկում ունենք: Կկարողանա՞ն բանկերն ապահովել ամանորյա ներմուծման բումը` դեռ պարզ չէ:

Չորրորդ մոտեցման հիմքում ընկած է մի հարց. ինչի՞ հաշվին էին ՀՀ-ում ապահովում ներմուծումը: Այստեղ պետք է հիշել մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող տրանսֆերտների վերաբերյալ գոյություն ունեցող պաշտոնական ցուցանիշը, իսկ ոչ պաշտոնական տեսանկյունից դրան ավելացվում է ևս 1 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն` գրեթե 2.9 մլրդ դրամի հասնող ներմուծման և արտահանման տարբերությունը: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ՀՀ մուտք գործող տրանսֆերտների ցուցանիշը 2015թ.-ի 9 ամիսների ընթացքում կրճատվել է գրեթե այնքանով որքանով որ ներմուծման ծավալներն են կրճատվել: Այս հարցն, իհարկե, հիպոթեզային բնույթ ունի, սակայն լուրջ հաշվարկների պարագայում իրական տրանսֆերտների ցուցանիշը կարող է դրան շատ մոտ լինել: Այսինքն` տրանսֆերտների չկրճատվելու պարագայում ՀՀ-ում ներմուծման ծավալների նման աննախադեպ անկում, ամենայն հավանականությամբ, չէր արձանագրվի:

Հինգերորդ մոտեցման հիմքում կարելի է դնել 2014թ.-ի և 2015թ.-ի 9 ամիսների միջին փոխարժեքները (ռուբլի, դրամ և եվրո): Այս պարագայում, եթե ունենք արժևորված դոլար, ապա դոլարային առումով ներմուծման նվազումը նաև թանկ դոլարի արդյունք է: Իհարկե, եթե հարցին մոտենանք ռուբլու և եվրոյի արժեզրկման տեսանկյունից, ապա վերջիններս խթանել են ներմուծման ավելացմանը, սակայն այս 2 արժույթների գործոնները ևս բավարար չեն եղել ներմուծման ծավալները նախորդ տարվա մակարդակի վրա պահելու համար:

Հիմնական եզրակացությունն այն է, որ 270 օրվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ քիչ ենք սպառել 857 մլն ԱՄՆ դոլարի ներմուծված ապրանք, որը օրական կազմում է 3.1 մլն ԱՄՆ դոլար ՀՀ մասշտաբով: Իսկ եթե դա բաժանենք ՀՀ-ում, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրող 3 մլն մարդկանց վրա` ստանում ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի օրական 1 ԱՄՆ դոլար քիչ է ծախսել, իսկ 4 հոգանոց ընտանիքի համար 9 ամսվա ցուցանիշը կկազմի մոտ 1000-1100 ԱՄՆ դոլար: Ահա սա է բարեկեցության անկման այն պատկերը, որն ունենք 2015թ.-ի ներմուծման կրճատման արդյունքում: Հիմնավոր լինելու համար ավելացնենք նաև, որ մյուս գործոնների կամ ոլորտների հաշվին ներմուծման ոլորտում կորցված բացը չի լրացվել, որին կանդրադառնանք հետագայում: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Նոյեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր