ՀՀ ներմուծման կառուցվածքի փոփոխությունից շահել է Ռուսաստանի Դաշնությունը

Հայաստանի տնտեսության մեջ ներմուծման տեսական հիմնահարցերի ուսումնասիրությունից բացի կարևոր նշանակություն է ստանում նաև ներմուծման ցուցանիշների վերլուծությունն ըստ առանձին երկրների: Իհարկե, պետք է նշել, որ ներմուծման վիճակագրությունը տարվում է երկու չափանիշներից ելնելով` ըստ առևտուր անող երկրի և ըստ ապրանքների ծագման երկրի: Խնդիրներից մեկն այստեղ կայանում է նրանում, որ որոշ երկրներ կարողանում են իրենց առևտրային քաղաքականության մեջ լինելով ավելի խելացի` միջնորդի դեր ստանձնել և գնելով այլ երկրների կողմից արտադրված ապրանքները դրանք վաճառել և ստանալ օգուտներ: Սա նշանակում է տրանզիտի կամ տարանցման փոխարեն ապրանքներն անցնում են առք ու վաճառքի ամբողջ գործընթացով:
Հայաստանի տնտեսության 2015թ.-ի 9 ամիսների ներմուծման կառուցվածքի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ներմուծման ապրանքների իր տեսակարար կշիռը կարողացել է ավելացնել միայն ԱՊՀ տարածաշրջանը: Նույնը չենք կարող ասել ԵՄ և այլ երկրների համար:

Անդրադառնալով առանձին տարածաշրջանների ներմուծման կառուցվածքին` նկատում ենք, որ ԱՊՀ տարածաշրջանի տեսակարար կշիռը 2015թ.-ի 3 եռամսյակում կազմել է 35%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 29.8%-ի փոխարեն: Սա նշանակում է, որ Հայաստանն իր կախվածությունը 5.2%-ով մեծացրել է ԱՊՀ երկրներից: Բայց այստեղ ևս առկա է մեկ այլ լուրջ հիմնախնդիր, այն է` ՌԴ-ն իր մասնաբաժինն ավելացրել է 5.5%-ով և դարձել է ՀՀ ներմուծվող ապրանքների 30.2%-ի մասնաբաժին ունեցող երկիրը: Հարցը նրանում է, որ ՀՀ-ն ԱՊՀ-երկրների շարքում ՌԴ-ից հետո ամենաշատը ներմուծել է Ուկրաինայից, որի մասնաբաժինը 4.3%-ից կրճատվել է մինչև 3.8%: Ստացվում է, որ ԵԱՏՄ երկրներից ապրանք ներմուծելու տեսանկյունից Հայաստանի հիմնական գործընկերն է միայն ՌԴ-ն և 0.7-0.8%-ի չափով էլ Բելառուսը, որը էական գործոն համարել չենք կարող: ԵԱՏՄ-ի ձևավորումից ներմուծման բնագավառում շահել է ՌԴ-ն: Իսկ եթե ներկայացնում ենք թվային տարբերակով, ապա ԱՊՀ ներմուծման ծավալները 2015թ.-ի 9 ամսում կազմել են 825 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 959 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն: ՌԴ-ից ներմուծումը կազմել է 712 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ կրճատվելով 83 մլն ԱՄՆ դոլարով, այսինքն` թեկուզ տեսակարար կշիռն աճել է, սակայն ծավալները նվազել են, քանի որ ՀՀ ներմուծվող ապրանքների կրճատումը կազմել է 857 մլն ԱՄՆ դոլար, և դա ամբողջությամբ փոխել է ներմուծման կառուցվածքը:

ԵՄ երկրներից եկող ներմուծվող ապրանքները դրամական առումով կրճատվել են 848 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 550 մլն ԱՄՆ դոլարի: ԵՄ-ից ներմուծման ծավալների աճ արձանագրվել է միայն Դանիայից` 136.6%, Իսկ մյուս բոլոր երկրներից կրճատումը կամ անկումը կազմել է 20.3-96.6%: Վերջինս հանգեցրել է նրան, որ ԵՄ-ի մասնաբաժինը ՀՀ ներմուծվող ապրանքների կառուցվածքի մեջ 26.4%-ից իջել է մինչև 23.3%: Սա լուրջ հետընթաց է, քանի որ եվրոպական ապրանքներն իրենց որակական հատկանիշներով ավելի բարձր են, իսկ դա նշանակում է, որ հայ սպառողը ներմուծման նման կրճատումից ունի նաև կյանքի որակի անկում: Եվրոպայում են գտնվում ՀՀ-ի ներմուծման 4-րդ և 5-րդ գործընկերները` Գերմանիան (5.9%) և Իտալիան (4.5%): Գերմանիան վերջերս է հայտնվել 4-րդ հորիզոնականում` իր դիրքերը զիջելով Իրանին:

Այլ երկրների ներմուծման վիճակագրությունից պարզ է դառնում, որ ամենաշատ ներմուծում ենք չինական ապրանք, քանի որ այն մեր ներմուծման 2-րդ գործընկերն է` 9.6% մասնաբաժնով: Իհարկե, պետք է նշել, որ այլ երկրներից ներմուծումը կրճատվել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 985 մլն ԱՄՆ դոլարի, այսինքն` 435 մլն ԱՄՆ դոլարի ապրանք քիչ ենք ներմուծել, իսկ տեսակարար կշիռն այլ երկրների մեր ներմուծման մեջ կազմել է 41.7% նախորդ տարվա 9 ամիսների 43.8%-ի փոխարեն:

Հայաստան ներմուծվող ապրանքների տեսանկյունից ամենաշատն օգտվում է Վրաստանը, քանի որ վրացական ապրանքների մասնաբաժինը մեր ներմուծման մեջ կազմում է 2.1%, իսկ Վրաստանի կողմից կատարված ներմուծման գործարքները Հայաստանի ներմուծման մեջ կազմում են 6.8%: Գրեթե նմանատիպ պատկեր է նաև Շվեյցարիայի տարբերակով, քանի որ ՀՀ ներմուծվում է 1.6% շվեյցարական ապրանք, իսկ Շվեյցարիայի միջոցով` 3.9%: Սա նշանակում է, որ այս երկու երկրները, որպես միջնորդ բավականին մեծ` մոտ 7% ներմուծման բաժին են զբաղեցնում` գնելով այլ երկրներից և ներմուծելով դեպի Հայաստան: Նշված կամ բարձրացված հիմնախնդիրը ստիպում են մտածել այնպիսի սխեմաների մասին, որի արդյունքում ՀՀ ներմուծվող ապրանքների համակարգից միջնորդ երկրների դերը կհասցվի նվազագույնի, քանի որ օրինակ` չինական ապրանքների տեսակարար կշիռը կազմում է 9.6%, իսկ կոնկրետ Չինաստանը ներմուծում է դրանց ընդամենը 4.5%-ը: Պետք է ավելի բարձր մակարդակով և խելացի կազմակերպել ներմուծման գործընթացը, որի արդյունքում կբարելավի նաև ներմուծման կառուցվածքը, ինչպես նաև կպակասեն գնաճի վրա ազդող գործոնները, քանի որ միջնորդները բնականաբար այդ գործարքներից վերցնում են իրենց մասնաբաժինը, իսկ Հայաստան ապրանքները հասնում են ավելի թանկ գնով:

Այսպիսով` ներմուծման բնագավառը բավականին շատ խնդիրներ ունի, դրանց, ըստ երկրների կառուցվածքի, մենք անդրադարձանք: Սակայն դա զուտ գործնական և ամբողջ երկրի շրջանակներում մշակվող առևտրային քաղաքականության տեսանկյունից է ճիշտ, իսկ այն, որ ներմուծման բնագավառում գոյություն ունեն մենաշնորհային դիրք զբաղեցնողներ` դա ևս մնում է գլխավոր հիմնախնդիրներից մեկը:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Նոյեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր