ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելու վարկանիշը բարձրանում է (2)

Doing business 2016 զեկույցում ներկայացված ՀՀ-ի գործարարությամբ զբաղվելու վարկանիշի որոշ բաղկացուցիչներին ԲԱՐՈՄԵՏՐ-ն արդեն անդրադարձել է: Շարունակենք և անդրադառնանք այլ տվյալների: Փոքրամասնություն կազմող ներդրողների պաշտպանվածությամբ ՀՀ-ն գտնվում է 49-րդ հորիզոնականում, քանի որ Հայաստանում բաժնետիրական ընկերությունների, հատկապես բաց բաժնետիրական կառավարման մեխանիզմները լիարժեք չեն գործում, և այդպիսի խնդիրներ ավելի քիչ են առաջանում:

Հարկերի վճարման առումով ՀՀ-ն գտնվում է 41-րդ հորիզոնականում, իսկ դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում հարկային համակարգը բավականին կատարելագործվել է, քանի որ նախկինում այս վարկանիշավորման համաթվով ՀՀ-ն 150-ից էլ բարձր դիրքեր ուներ: Սա նշանակում է հետևողական աշխատանք` ընթացակարգերի պարզեցման, գործընթացների կրճատման, ինչպես նաև հարկային համակարգի հետ առնչություն ունենալու ժամանակի կրճատման և մյուս կողմից նաև հարկային բեռի նվազման առումով: Իհարկե, վերջինի հետ համամիտ լինելը մի քիչ դժվար է, քանի որ հարկային բեռի թեթևացումը պետք է տանի բիզնեսի կատարելագործման և զարգացման, ինչպես նաև բյուջետային մուտքերի ավելացման, սակայն ՀՀ-ում նման իրավիճակ, կարծես թե չկա: Արտաքուստ հարկային համակարգը լավն է, կան էլեկտրոնային վճարումների համակարգեր, տեսուչների հետ շփման կրճատում, ստուգումների կրճատում և այլն, սակայն դա, որպես այդպիսին, դեռևս բիզնեսի զարգացման վրա նկատելի արդյունք չի ապահովել:

ՀՀ-ն սահմանային առևտրի առումով 2016թ.-ի վարկանիշային աղյուսակում գրանցել է աննախադեպ առաջընթաց: Այժմ մենք 29-րդ հորիզոնականում ենք` նախկինի 58-րդի փոխարեն: Սա կարելի է համարել դրական և զարգացում ապահովող իրավիճակ: Սակայն ՀՀ-ից արտահանումն այս տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ նվազել է մոտ 1%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է մոտ 740 մլն ԱՄՆ դոլարով: Ինչ է ստացվում, սահմանային առևտրի պայմանները և ընթացակարգերը, փաստաթղթային պահանջները դյուրինացվում են, իսկ առևտրի ծավալները դրանից ոչ թե ավելանում են` այլ նվազում: Սա հենց ցույց է տալիս, որ գործարարությամբ զբաղվելու և բուն բիզնեսի գործընթացների միջև շատ սերտ կապ, որպես այդպիսին, գոյություն չունի: Վստահաբար կարելի է պնդել, որ 2016թ.-ի ՀՀ ընդհանուր վարկանիշը հենց այս 29 կետանոց քայլի շնորհիվ է բարելավել: ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական է ազդել այս առումով, սակայն դրական ազդեցությունը միայն ընթացակարգերի կատարելագործմամբ է եղել պայմանավորված, իրականում ՀՀ-ն կորցրել է ԱՊՀ երկրների իր արտահանման որոշակի մասնաբաժինը, իսկ ԱՊՀ երկրներից, հատկապես, Ռուսաստանի Դաշնությունը չնայած ծավալային առումով նվազեցրել է ՀՀ ներմուծումը, սակայն տեսակարար կշռով աճ է գրանցել` ամրապնդելով ՀՀ-ի համար առաջին ներդրողի իր դիրքերը:

Պայմանագրերի կիրարկման առումով ՀՀ-ն 8 կետանոց առաջխաղացում է արձանագրել` հայտնվելով 28-րդ հորիզոնականում: Իհարկե, այստեղ կապ է ստեղծվում դատավորների ինստիտուտի (ընտրության ավտոմատացված համակարգ) գործունեության հետ, սակայն իրականությունն այն է, որ դա միջազգային հանրության համար է ընկալելի չափանիշ, իսկ ՀՀ-ում սուբյեկտիվիզմի գործոնը դրանով վերացնելն այնքան էլ հեշտ չէ:

Այսպիսով` ՀՀ-ում գործարար միջավայրը բարելավվում է, դյուրինացել են գործարարությամբ զբաղվելու պայմանները, սակայն դրանից օգուտ չեն քաղում ՀՀ-ում գործարարությամբ զբաղվողները: Վերջիններս դժգոհություններ ունեն, որոնք առնչվում են հարկային համակարգի, վարկերի բարձր տոկոսադրույքների, բիզնեսի աննպատակահարմարության և այլն խնդիրների հետ կապված: Այսինքն` վարկանիշներն ու իրականությունը երբեմն իրարից կտրվում են:

Կյանքում մարդուն դիմավորում են տեսքով, իսկ ճանապարհում են խելքով, ՀՀ-ի համար համաշխարհային հանրության աչքերում գեղեցիկ երևալու պայմանները ստեղծվում են և դա մեր բարելավված վարկանիշն է, իսկ արդյոք Հայաստան մտնելուց և բիզնեսին ներսից ծանոթանալով վերջիններիս կարծիքը մնո՞ւմ է նույնը, թե՞ այն փոփոխության է ենթարկվում... Այս հարցը թողնենք անպատասխան, քանի որ այստեղ անհատական մոտեցումների լայն դաշտ է բացվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:30 Նոյեմբեր 05, 2015

Ամենաընթերցված նյութեր