ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելու վարկանիշը բարձրանում է (1)

Վերջերս բավականին բուռն քննարկման առարկա դարձան Համաշխարհային բանկի Doing business 2016 զեկույցում ներկայացված ՀՀ-ի գործարարությամբ զբաղվելու վարկանիշի 3 կետով բարելավվելու հարցերը: Սա կարելի է դիտարկել որպես լուրջ առաջխաղացում, քանի որ 189 երկրների շարքում հայտնվել պատվավոր 35-րդ հորիզոնականում` նշանակում է ունենալ բարեփոխումների այնպիսի անցած ուղի, որի արդյունքում հնարավոր է եղել հասնել այդ վարկանիշին: Այս վարկանիշային համակարգը բաղկացած է մի շարք ցուցանիշներից և ունի իր հաշվարկման մեթոդաբանությունը: Հարկ ենք համարում նշել, որ Doing Business-ի ցուցանիշներից շատերի կատարելագործումն առնչվում է գործարարությամբ զբաղվելու գործառնական (տրանսակցիոն) ծախսերի կրճատման հետ, որը բուն գործարարությամբ զբաղվելու գործընթացի ածանցյալ մասն է հանդիսանում: Այդ իսկ պատճառով մի շարք մարդկանց մոտ դա շփոթություն է առաջացնում և տպավորություն է ստեղծում, որ գործարարությամբ զբաղվելու պայմանների պարզեցումը պետք է փոխի ամբողջ գործարարությամբ զբաղվելու գործընթացը, պետք է ավելանան հարկերը, շատանան ներդրումներն ու ներդրողները և այլն:
Այսպես, անդրադառնալով գործարարությամբ զբաղվելու 11 առանձին հատվածներին կամ ցուցանիշներին նկատում ենք, որ գործարարության սկսելու առումով ՀՀ-ն 2016թ.-ին հայտնվել է 5-րդ հորիզոնականում, իսկ հետաքրքիրն այն է, որ 2015թ.-ին եղել է 3-րդ հորիզոնականում: Սա նշանակում է, որ բիզնեսի գրանցման առումով աշխարհում առկա է մրցավազք, որում մենք մեր դիրքերը մի փոքր զիջել ենք: Մեզ մոտ կազմակերպությունը գրանցվում է 2 ընթացակարգով, 3 օրում` ծախսելով 15.000 ՀՀ դրամ: Նոր Զելանդիային դրա համար պահանջվում է 0.5 օր և 1 գործընթաց: Այստեղ նշենք միայն, որ գրանցման գործընթացի դյուրինացումը կարող է ստիպել, որ գործարարությամբ զբաղվեն շատերը, սակայն նույն հեշտությամբ չի աշխատում բիզնեսի գործունեության դադարեցման սխեման: Ստացվում է, հայտնի "Մոսկվան արցունքներին չի հավատում" ֆիլմի տարբերակով. "В квартиру всех пускать, никого не выпускать! В случае сопротивления открывайте огонь." Եվ ինչպես նկատում ենք` անվճարունակության պատճառով լուծարման վարկանիշով ՀՀ-ն գտնվում է 71-րդ հորիզոնականում և 2 կետով վատացրել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ: Ճիշտ է նաև վերոնշյալ ֆիլմից մեջբերված նախադասության 2-րդ հատվածը, քանի որ "բիզնես փակելը" լի է մի շարք խոչընդոտներով (առնչություն հարկային մարմինների հետ, ակտեր, ձգձգվող ընթացակարգեր և այլն), իսկ դա իր հերթին հանգեցնում է նրան, որ ռեալ գործող ընկերությունների թիվը գրանցվածներից էականորեն քիչ է:
Շինարարական թույլտվությունների բնագավառում ՀՀ-ն հայտնվել է 62-րդ հորիզոնականում, իր դիրքերը 2015թ.-ի համեմատությամբ բարելավելով 10 կետով: Սակայն դա չի վերաբերում խոշոր շինարարական թույլտվություններին, իսկ փոքրի պարագայում գործընթացի պարզեցումն ավելի հեշտ է: Սակայն լրիվ այլ պատկեր կարող է ստեղծվում, եթե խնդիրն մոտենանք խոշոր շինարարական նախագծերի տեսանկյունից: ՀՀ-ում շինարարության ծավալները նվազում են և դա արդեն շարունակվում է 8 տարի, իսկ շինարարական թույլտվությունների պարզեցումը չի նպաստել շինարարության ոլորտի զարգացմանը:

Էլեկտրականության հասանելիության կամ ցանցերին միանալու ցուցանիշով Հայաստանը գտնվում է 99-րդ հորիզոնականում և իր դիրքերը 2015թ.-ի համեմատությամբ վատացրել է ևս 3 կետով: Սա խոսում է այն մասին, որ բաշխիչ ցանցերում մենեջմենթը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Այս ոլորտում սեփականատիրոջ փոփոխությունն, ամենայն հավանականությամբ կտանի նրան, որ ՀՀ դիրքերը կբարելավեն, իսկ դա մեր գործարարությամբ զբաղվելու վատագույն ցուցանիշն է հիմա: Մյուս կողմից` կարող ենք մխիթարվել, որ այն երկրների թվին ենք պատկանում, որ 100-ից բարձր որևէ վարկանիշային ենթացուցանիշ չունենք, իսկ դա արդեն իսկ ձեռքբերում է:

Սեփականության գրանցման տեսանկյունից Հայաստանը գտնվում է 14-րդ հորիզոնականում և նախորդ տարվա համեմատությամբ փոփոխություն չի գրանցել: Դա բավականին լավ արդյունք է, քանի որ սեփականության գրանցման գործընթացի կազմակերպումը և ընդհանրապես սեփականության հետ կապված իրավունքների պաշտպանությունը գործարարությամբ զբաղվելու կարևոր բաղադրիչներից են, որին նաև մեծ դեր են տալիս արտերկրում: Սեփականության կորստի կամ ինչ-ինչ իրավիճակներում վերջինիս այլ սեփականատիրոջ անցնելու անօրինական սխեմաներն իրենց անդառնալի հետքն են թողնում տվյալ երկրի գործարար վարկանիշի վրա: Այս առումով պետք է լինել շատ զգույշ` չփչացնելու համար Հայաստանի վարկանիշը, որը, կարելի է ասել, գրանցման առումով բարձր է, իսկ իրական գործարար միջավայրում գործող խաղի կանոններով` ցածր:
Վարկերի ստացման ցուցանիշով Հայաստանը գտնվում է 42-րդ հորիզոնականում, իսկ նախորդ տարվա համեմատությամբ իր դիրքերը կորցրել է 6 կետով: Սա նշանակում է, որ դժվարացել է վարկերի ստացումը, մյուս կողմից վերջին 9 ամիսների ցուցանիշով վարկային պորտֆելը նվազել է 125 մլրդ ՀՀ դրամով: Սա խոսում է այն մասին, որ վարկային ռեսուրսներն են պակասել, տոկոսադրույքներն են բարձր, ինչպես նաև վերադարձելիության խնդիրներ կան: Այսինքն` կարող է լինել ժամանակահատված, որ ազատ բոլորին վարկեր տան, սակայն հասնի մի կետ, երբ վերադարձելիության պատճառով վարկերի տրամադրումը խստացվի: Սա մի ցուցանիշ է, որ բարոմետրի դեր է կատարում տնտեսության համար և չափում կամ գնահատում է վարկային ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգը, որը կարող է լինել վարկերի վերադարձելիության, վարկերի չտրամադրման կամ ավանդները ետ վերցնելու տեսքով:
(Շարունակելի)


ԲԱՐՈՄԵՏՐ

10:23 Նոյեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր